Среда, 24.04.2024, 16:19Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԱՆԱՐՄԱՏ ԾԱՌԸ ՉՈՐԱՆՈՒՄ Է | Апрель 2014

Զարմանալի մի օրինաչափությամբ յուրաքանչյուր եկող գարուն գեղեցիկ անակնկալ է մատուցում ինձ՝ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունների ձևով: Խոստովանեմ՝ սպասում ու պատրաստվում եմ դրանց, կենսատու այդ հանդիպումներին, որոնք լիցքավորում են ինձ, «նորոգում» լավատեսությունս, նոր հարցեր ու պատասխաններ առաջադրում: Ես անսահման շնորհակալ եմ այդ ծանոթություններին, որոնք շատ հաճախ վերածվում են իսկական բարեկամության:

Այս անգամ հերթական գարնանային անակնկալը ինձ սպասում էր Երևանում, ուր բնակվում է վաստակաշատ գիտնական, մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր, մի շարք մենագրությունների հեղինակ Էմմա  Աշոտի Կոստանդյանը: Գիտական-ստեղծագործական բազմաբեղուն և անբասիր  ուղի անցած այս մտավորականը  ունեցել է գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ, սակայն նախապատվությունը տվել է Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչների կյանքի և գործունեության ուսումնասիրությանը, նրանց անձերին վերաբերող անհայտ էջերի բացահայտմանը. ականավոր լուսավորիչ, բանահավաք, գիտնական, մանկավարժ, ազգային-ազատագրական շարժման գործիչ Գարեգին Սրվանձտյան, Մկրտիչ Խրիմյան, հոգևոր գործիչ և գիտնական Մաղաքիա Օրմանյան, այլոք: Ինչպես նշում են մասնագետները՝ պատմական հարուստ սկզբնաղբյուրների հանգամանալից քննության առումով Էմմա Կոստանդյանի աշխատանքները բացառիկ են, իսկ ինչ վերաբերում է  Մկրտիչ Խրիմյանին նվիրված ուսումնասիրությանը, նրա գործընկերների բնորոշմամբ՝ այն «անկասկած, առաջինն ու միակն է մեր պատմագիտության մեջ, որը դեռ բազում սերունդների եզակի հնարավորություն կտա հասու լինելու հայ ժողովրդի սիրված գործիչներից մեկի՝ ականավոր հոգևորականի և մեծ հայի կյանքին և գործունեությանը»:

Գաղտնիք չէ, որ երևանցու  հպարտության հատուկ առարկան սեփական  բնակարանի պատուհաններից բացվող տեսարանն է, մանավանդ, եթե դրանք նայում են Արարատին: Տիկին Էմմայի պատուհանը  յուրահատուկ բնական շրջանակ է առասպելական լեռի աննկարագրելի հմայքը դիտողին հրամցնելու համար. թերևս այս տեսարանին համարժեք, ավելի հարմար դիրք դժվար է կգտնեք որևէ այլ տեղ: Արդյոք Մասի՞սը չի ոգեշնչում տիկին Էմմային իր դժվարին հայրենանվեր գործում…

-Ես ամբողջ կյանքս նվիրել եմ հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, մասնավորապես՝ ծագումով Արևմտյան Հայաստանից եկեղեցական գործիչներին:  Առանձնապես շատ եմ անդրադարձել  վանեցիներին,-ժպիտով ասում է նա,- պատահական չէ, որ  շատերը  ինձ վանեցի են համարում, չհավատալով, որ ծնունդով լոռեցի եմ՝ Կիրովականից:

2014 թվականը հոբելյանական է տիկին Էմմայի համար. բոլորում է նրա 80 ամյակը, պատկառելի մի հասակ, որ ամենևին  չի համապատասխանում կենսախինդ, բարեժպիտ, հումորաշատ, տարիքից շատ ավելի երիտասարդ թվացող տիկնոջ կերպարին: Ծնվել է 1934-ին, հուլիսի 23-ին: Կիրովականի իգական միջնակարգ դպրոցն ոսկե մեդալով ավարտելուց հետո 1951 թվականին ընդունվում է  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որը գերազանցության դիպլոմով ավարտում է 1956 թվականին: Ուսումնատենչ աղջնակի համալսարանական դասախոսների թվում էին Հրաչյա Աճարյանը և Գրիգոր Ղափանցյանը՝ Նիկողայոս Մառի՛ աշակերտը, հայագետներ, ովքեր այսօր առասպելներ են մեզ համար: Վերջինս, որ որևէ ուսանողի երբևէ չէր  գնահատել ամենաբարձր՝ «հինգ» թվանշանով, հիանալով Էմմա Կոստանդյանի գիտելիքներով, զիջում է իր սկզբունքները և՝ չլսված բան՝ «գերազանց» նշանակում:  Տիկին Էմման հուզմունքով է հիշում, տխուր այն օրը, երբ համալսարանի ուսանողների կողմից անձամբ հրաժեշտի վերջին խոսքն ասաց  Հրաչյա Աճառյանի շիրիմին:

Համալսարանավարտ երիտասարդ մասնագետի հետագա կյանքը սկսա ծ1958 թվականից սերտորեն կապվում է ԳԱ պատմության ինստիտուտի հետ, որտեղ նրա հոգևոր հայրերն էին ակադեմիկոսներ Աշոտ Հովհաննիսյանը և Մկրտիչ Ներսիսյանը, ի դեպ, նա  Ներսիսյանի վերջին ասպիրանտ էր. 1971 թվականին պաշտպանում է թեկնածուական թեզ՝«Գարեգին Սրվանձտյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» թեմայով: Սա առաջին ամփոփ խոսքն էր ականավոր հայորդու մասին, ում կյանքը, գործունեությունը բոլորի համար մշուշի մեջ էր՝ խորհրդային տարիներին մեծ հանդգնություն էր գիտական ուսումնասիրությունների առարկա դարձնել եկեղեցական գործիչների կյանքն ու գործունեությունը: Այս պարագայում հասկանալի էր, թե ինչու ուշացավ Սրվանձտյանցի լուսավորական, քաղաքական և հրապարակախոսական գործունեությանը նվիրված մենագրության հրատարակությունը. կուսակցական ֆունկցիոներների համար անհարիր «վարդապետ»,  «քարոզ»  բառերը առաջարկվում էին փոխարինել… ոչ կրոնական բովանդակություն ունեցող տերմիններով:

Տիկին Էմման Սրվանձտյան մտավորականի մասին կարող է անվերջ պատմել: Նրա խոսքը այնքան կենդանի և հասու է, որ  վարակում է քեզ նրա՝ Սրվանձտյանի նկատմամբ տածած մոլեգին սիրով: «Նա ինձ համար Սուրբ է,-թացոտ աչքերով շշնջում է  տիկին Էմման,-ընդամենը Վարագա ժառանգավորաց վարժարանում չորս դասարան ավարտած  այս մարդը մեր էպոսի անդրանիկ՝  «Սասունցի Դավիթ և Մհերի Դուռ»  անվանումով գրառմամբ այնպիսի մի իրարանցում առաջացրեց հեռավոր Պետերբուրգում, որ շատերը մտածեցին, թե նա «գիտե քանի մը հին ու նոր լեզուներ և անոնց օգնությամբ գիտուն եղած է»: «Խորենացուն համահունչ՝ Սրվանձտյանը գրում է, թե ՝ բոլորը կարծում էին, որ մեր ժողովուրդը այնքան է եղել օտարի լծի տակ, որ կորցրել է բանահյուսելու կարողությունը: Սրվանձտյանը մի հարվածով ուշքի բերեց անհավատներին,-պատմում է Տիկին Էմման,- և գիտե՞՜ք ինչքան քիչ ապրեց: Ընդամենը հիսուներկու տարի…Ամբողջ կյանքը՝ ձմեռ, թե՝ ամառ, շատ հաճախ ոտքով, կամ ավանակի վրա շրջել է ողջ Արևմտյան Հայաստանը, հավաքել ժողովրդի բանավոր խոսքը: Ի՜նչ էր նրա կերածը՝ մի կտոր չոր հաց…Խրիմյանին շա՜տ եմ սիրում, բայց Սրվանձտյանին պաշտում եմ… Ես չեմ կարող այս աշխարհից գնալ, առանց տեսնելու, որ Սրվանձտյանի սուրբ անունը  մի հուշարձանով, մի փողոցի անունով չի հավերժացել»,-հանկարծ կտրուկ ասաց տիկին Էմման, ու նրա տագնապն ու ցավը չնկատելը անկարելի էր…

Այսօր Էմմա Կոստանդյանի ուսումնասիրությունների առարկան Մաղաքիա Օրմանյանի կյանքն ու գործունեությունն է: «Օրմանյանը իսկական գիտնական է, այս բառի ամենաբարձր իմաստով՝ 12 լեզու է իմացել, Իտալիայում ստացել է չորս գիտությունների մագիստրոսի կոչում, ընտրվել Իտալիայի աստվածաբանական ակադեմիայի անդամ: Տեսնելով, թե Հռոմի Պապը ինչ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ՝  նրա մեջ խոսեց հայը, և արդյունքում՝ Պապի դեմ գրված Օրմանյանի երկու գրքերը անցան պապական արգելված գրքերի շարքը»,- սկսում է Օրմանյանի մասին իր պատմությունը տիկին Էմման, իսկ ես՝ ունկնդիրս, հմայված լսում եմ, մոռանալով ժամանակի մասին… Հիրավի՝ գիտական փաստարկներով դասախոսելու, մեկնելու, ուսուցանելու, պատմելու բացարձակ տաղանդ, որի պակասն այնքան կա մեր օրերում, դեպքերի, թվերի նախանձելի հիշողություն…

«Երբ դասախոսություն էի կարդում, իմ ուսանողներին ասում էի.«Ես չեմ տեսնի, սակայն  դուք պարտավոր եք  մեր երկիրը ետ բերել: Մենք կորցրել ենք մեր նյութական հայրենիքը, բայց մեր հոգևոր հայրենիքը պետք է ունենանք սրտներիս մեջ: Չկարծեք, թե հայ ժողովրդի պատմությունը գիտություն է, դա ձե՛ր ծնողների պատմությունն է, ձե՛ր արմատների մասին է և նաև այն մասին, թե ինչ կլինի մեզ հետ, եթե չիմանանք մեր պատմությունը: Անարմատ ծառը չորանում է»: Նոր սերննդի մեջ ես տեսնու՛մ եմ հայրենասիրություն»:

Հայրենիքին և Հայ Առաքելական եկեղեցուն մատուցած իր անբասիր ծառայության համար Էմմա Կոստանդյանը արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին:

Ռիմա ՄՈՒՐԱԴՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1268

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am