Четверг, 25.04.2024, 13:59Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՂԵԼ Է ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐԻՑ, ՇՆՈՐՀԻՎ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏՔԻ | Ноябрь 2013
Հարցազրույց՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի Առաջնորդ
Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ



-Ինչու՞մ եք ի սկզբանե տեսել Ձեր առաքելությունը որպես հոգևոր անձ, ծառայության երկար տարիների ընթացքում վերանայե՞լ եք արդյոք Ձեր սկզբունքները:

-  Ավետարանը Պողոս Առաքյալի շուրթերով ասում է, որ յուրաքանչյուր մարդ իր կոչումով է կանգնելու Աստծո առաջ: Մենք փառք ենք տալիս ամենախնամ մեր Արարչին , ում կամոք մեր ծնողների միջոցով եկանք լույս աշխարհ: Մեր երախտագիտությունը երկնավոր Հորը պիտի արտահայտենք որդիական երախտապարտությամբ՝ մեր ծնողներին, ովքեր ծնեցին, սնեցին, դաստիարակեցին և մեծացրեցին մեզ արժեքների այն համակարգի մեջ, որտեղ առաջնահերթություն էր հոգևորը, հավատը: Հետևաբար, հետագայում ստացած այն  կրթությունն ու դաստիարակությունը, որ ավելացավ ծնողներիցս ստացածին, իմ մեջ խորացավ, ամրապնդվեց, երբ ես վերջնական որոշում ընդունեցի սովորել Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում, որտեղ և ձևավորվեցին իմ առաքելության վերաբերյալ մտքերս: Ուսումնառության տարիներին ես ավելի հստակ համոզվեցի հայ եկեղեցու մեր ազգային կյանքում  անփոխարինելի դերի և նշանակության մեջ: Նախախնամության տնօրինությամբ և կամքով Աստված Հայոց սուրբ եկեղեցով օրհնել է մեր ազգին: Եվ այդ հավատքի մեջ ապրող անձերով մշտապես առաջնորդում է մեր ժողովրդին: Այն համոզումները հոգևոր առաքելության մեջ, որ ունեցել եմ հոգևորական լինելուցս  առաջին օրից առ այսօր, մնում են անփոփոխելի, բայց տարիների փորձով հարստացած եմ ինձ զգում և ավելի դյուրությամբ կարող եմ իրականացնել իմ համոզումների, սկզբունքների կենսագործումը մեր հոգևոր, ազգային կյանքից ներս, ինչին ես լծված և կոչված եմ:

- Վերջին շրջանից ի՞նչ պահեր էին Ձեզ համար ամենատպավորիչն ու անմոռանալին:

- Անշուշտ, կյանքում շատ են տպավորիչ և հիշատակելի պահերը, սկսած գիտակցական այն տարիքից, որ մանկության հետ է առնչվում և՝ մինչև մեր օրերը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա այն կապված է համալիրի շինարարական աշխատանքների ընթացքի, եկեղեցու բացման, օծման արարողության հետ: Թեև չեմ կասկածել, համոզված եմ եղել, բայց ավելի ամրագրվեց, տպավորվեց իմ մեջ իմ ժողովրդի ընտրյալ, արժանի զավակների պատրաստակամությունը, ովքեր, թեև եկեղեցական կյանքի հետ առնչված իրողությունից տեղյակ չեն, չունեն կրոնական գիտելիքներ, բայց իրենց նախանձախնդիր ոգու զորությամբ հասկացան, որ այս կառույցը պե՛տք է հայ ազգին, և ոչինչ չխնայեցին իրենց հնարավորություններից կառուցելու այն: Նրանք նվիրվածությամբ լծվեցին այս ազգօգուտ, աստվածահաճո գործի իրականացմանը: Մի՞թե դա տպավորիչ չէ: Որովհետև, դարձյալ համոզված եմ, իրենք գիտակցել են, որ հայ եկեղեցին այն միակ հոգևոր, ազգային, մշակութային կառույցն է, որ անփոխարինելի դերակատարություն ունի, ունեցել է և պետք է ունենա հայ ազգի ինքնությունը, գոյությունը, հարատևությունը պահելու նվիրական հարցում: Ուրիշ ոչ մեկ կառույցի մեջ չեն տեսել այդքան ազգային ու հավերժական առաքելություն, ինչպիսին հայ եկեղեցին է: Ինձ համար ամենատպավորիչն ու անմոռանալին այդ երևույթն է, այդ հայորդիներն են, այդ նվիրվածությունն է, որ ամեն պահի հանդիպել եմ, առավել ևս՝ վերջին շրջանում: Լինեն մեծ, թե՝ մանուկ, ինչպե՜ս են լծվել այս գործին. չուշանա՛մ, բաց չթողնե՛մ, ե՛ս էլ իմ մասնակցությունը բերեմ, թեկուզ՝ մազի հաստության չափով, թեկուզ մեկ կաթիլ, բայց՝ ի՛մ քրտինքից, ի՛մ լումայից, ի՛մ հոգու ջերմությունից, ի՛մ սիրո աղբյուրից՝ խառնեմ, շաղախեմ աստվածահաճո սուրբ գործին: Փա՜ռք իրենց, խոնարհում, Աստծո երկնային օրհնությունները իրենց:

- Այսօր Դուք կարո՞ղ ասել՝ « ի վերջո իրագործվեց իմ բաղձանքը»:

- Քանի ես կյանք ունեմ երկրի վրա, ապրում եմ Աստծո ողորմածությամբ, կուզեմ  տեսնել  իմ ազգի զավակներին անդավաճան կերպով հավատարիմ իրենց պապերից ժառանգված նվիրական արժեքներին. սա իմ բաղձանքն է: Որ հայը գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն իր առաջ, այլև գալիքի, սրբազան նախնյաց առաջ, որպես նրանց արժանի զավակը: Որ ոչ միայն հպարտանա դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձություններով՝ թե առաջին քրիստոնյան է, հավատքի համար պատերազմած առաջին ժողովուրդն է, առաջին թարգմանիչներից ենք, այլև կարողանա ասել. ես  իմ աստվածասիրությունը, հայրենասիրությունը ու մարդասիրությունը հաստատում եմ իմ կյանքով, իմ գործերով: Որպեսզի համարեմ, թե բաղձանքս կատարվել է, պետք է տեսնեմ այն, ինչ ապահովում է իմ ազգի հարատևությունը: Բաղձանքս այն է, որ հայն ապրի անվախ՝ կյանքի դժվարությունների ու փորձությունների նկատմամբ, հայ քրիստոնյան հավատարիմ մնա իր ժառանգությանը, արժանապատվությանը, իր ազգի փրկությանը: Քանզի իր ազգի փրկությունը իր փրկությունն է, իր հոգու անմահությունն է: Կարող եմ ասել, որ բաղձանքիս ճանապարհին ես իրագործեցի ինձ համար կարևոր, շատ թանկ համարված մի քանի նպատակներ՝ եկեղեցաշինություն, ազնիվ հայորդիներին համախմբելը, հոգևոր, կրոնական, մշակութային կենտրոնների ստեղծումը, ուր դաստիարակում ենք մատաղ սերնդին, երկլեզու կամ հայալեզու թերթերի հրատարակումը, տարբեր միջոցառումների կազմակերպումը, որով ճանաչելի ենք դառնում մեր շրջապատին՝ ո՞վ ենք մենք՝ մեր առաքելությամբ,  այս ժամանակավոր, անցողիկ կյանքում:

- Տարիներ առաջ կայացած հարցազրույցներից մեկի ժամանակ Ձեզ տրված այն հարցին, թե՝ ո՞րն է թեմի կյանքում տեղ գտած ամենամեծ դժվարությունը, Դուք մատնանշել էիք համալիրի շինարարության հետ կապված խնդիրները, ապա՝ հոգևոր-լուսավորչական կյանքը պատշաճ մակարդակի բարձրացնելու հարցը: Այսօր ինչպե՞ս կպատասխանեք նույն այդ հարցին:

- Միայն փառք տանք Աստծուն, որ հաղթահարված դժվարությունների արդյունքում, կապված շինարարության հետ, ապրեցինք մեծ ուրախություն, ունեցանք հոգու անհուն բերկրանք: Բայց դժվարությունները երբեք չեն վերանում,  որովհետև կյանքը ընթանում է, և այսօր մենք նոր դժվարություններ ունենք, շատ ավելի առաջնային. կազմակերպել, կյանքով լցնել այս եկեղեցական համալիրը, որպեսզի նա լիարժեքորեն կարողանա կյանքի կոչել իրեն վերապահված առաքելությունը ազգային կյանքից ներս: Դա առանձնապես կարևոր է մեր օրերում, երբ առատ են մոլորեցուցիչ ուղղությունները: Շատ հաճախ  մարդիկ գիտելիքների, փորձի պակասության արդյունքում դառնում են զոհը այդպիսի ուղղությունների: Կրթա-դաստիարակչական  գործունեությունը ավարտված չէ և չի ավարտվի երբեք: Մենք պետք է լինենք համաքայլ ժամանակի շնչին, որպեսզի ժամանակի միջոցների լիարժեք կիրառումով  վաղվա օրվա մեջ նայենք մի քայլ առաջ, մեր զավակներին փոխանցենք մեր պապերից ամբարած իմաստնությունը, որպեսզի իրենք, ստացած գիտելիքների հիման վրա, շատ ինքնավստահ, ապրեն ազատ ու ինքնիշխան և ի վիճակի լինեն իրենց հիմնարար համոզումների վրա կայացնել սեփական որոշումները, տնօրինեն սեփական կյանքը: Իմ նպատակը դա է: Աստծո կամոք ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանձնառու եղավ իր պատվարժան հոր և լուսահոգի մայրիկի՝ Սարգիս և Ամալյա Կարապետյանների անունը հավերժացնող կրթական հաստատություն ստեղծել մեր եկեղեցուն կից, որի գործունեությամբ մենք կիրականացնենք ազգօգուտ մեր առաքելությունը:

- Մանկության ի՞նչ առայժմ իրականություն չդարձած երազանք ունեք:

- Մանուկ տարիքիս երազում էի օդաչու դառնալ ու մայրիկիս ման տալ աշխարհով մեկ: Ցավոք, չկարողացա վարձահատույց լինել լուսահոգի սիրեցյալ մայրիկիս: Բանակային ծառայությունս ավարտելուց հետո վերադարձա հայրենի տուն ու միայն քսան օր բախտ վիճակվեց լինել մորս հետ… Չհասցրեցի երջանկացնել: «Բալես՜…»՝ միայն այսպես էր դիմում ինձ մայրս… Ծնողներս հավատավոր, աշխատավոր , բարի, իրենց ծնողական պարտավորությունները հնարավորության սահմաններում իրենց զավակների հանդեպ լիարժեք իրականացրած, դժվար կյանքով ապրած համեստ մարդիկ էին: Մեծացրել են վեց զավակ: Մայրս մահացավ 54 տարեկան հասակում, հայրս՝ 89: Հավատարիմ ամուսնական ուխտին՝ նա  միայնակ ապրեց մինչև կյանքի վերջը, հակառակ մեր պահանջներին, թե՝ քեզ մի կողակից գտիր: Հետաքրքիր մարդ էր, ասում էր. «Խաթունից հետո իմ կողքին ուրիշը չի լինելու»: Եկեղեցին մեր տան մեջ եղել է առաջին իսկ օրից, շնորհիվ մեր ծնողների հավատքի: Այն տարիքից, որ ինձ հիշում եմ, ամեն կիրակի եկեղեցու մեջ պատարագ եմ լսել: Դա իմ բարեպաշտ ծնողների պարտականությունն էր: Գնում էինք Ս. Էջմիածին, որ գտնվում էր երեք կիլոմետր հեռավորության վրա: Աստվածամերժ տարիներ էին, սակայն ծնողներս անհաղորդ չէին հավատքին: Դժվար էր նրանց ապրել լիարժեք քրիստոնյայի կյանքով, բայց նրանք հաղթահարել են  ամեն տեսակի խոչընդոտներ: Ծանր էր իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը  հորս նկատմամբ: Ամեն Աստծո օր հայրս տնից դուրս չէ՛ր գալիս առանց  Ավետարան ընթերցելու, հացի սեղան չէինք նստում առանց հայրիկի աղոթքի: Ահա այսպիսին էր մեր տան հոգևոր մթնոլորտը՝ հակառակ սոցիալական, կենցաղային բազում-բազում դժվարությունների: 1964-ին եղբայրս դարձավ ճեմարանի սան: Ես ինքս նման ցանկություն ունեի: Այն իրականացրեցի մորս մահից հետո: 1980-ին ընդունվեցի և առ այսօր եկեղեցու ծոցում եմ ապրում ու գործում, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիցս, բոլոր նրանց, ում օրինակով, ու դաստիարակությամբ, ում առաջնորդությամբ այսօր բերում ենք մեր ծառայությունը:

- Ո՞վ է այն անհատը, ում ազդեցությունը կրել եք Դուք: Որպես ապրած տարիների արդյունք՝ փոխվե՞լ են արդյոք Ձեր ընկալումները այդ անհատի նկատմամբ: Կա՞ն արդյոք ինչ-ինչ ընդհանուր գծեր ձեր մեջ:

- Ես չեմ կարող ասել, որ կրել եմ ինչ-որ մեկի ազդեցությունը: Միանշանակ կարող եմ ասել, որ չեմ կրել որևէ մեկի ազդեցությունը: Ես ձգտել եմ այս կամ այն անհատին նմանվել, ով եղել է ինձ համար ցանկալի, ով իմ մեջ առաջացրել է նմանվելու այդ ձգտումը: Ես տեսել եմ ինձ տարբեր բնագավառներում և ձգտել եմ նմանվել այդ ասպարեզները ներկայացնող առաջին դեմքերին: Սիրել եմ սպորտը, ցանկացել եմ լինել սպորտսմեն, սիրել եմ արվեստը, երաժշտությունը: Հետևաբար, այդ ազդեցությունը հոժարակամ ընդունել եմ ես , ու փորձել եմ նմանվել նրան, ում շատ գնահատել եմ: Անշուշտ, ինձ վրա կա ծնողներիս, հարազատներիս, ինձ կրթող, դաստիարակող մանկավարժների կնիքը, ում ձեռքի տակ մեծացել, ձևավորվել եմ, և, եթե իմ կյանքում հայտնվել են պահեր, լուծում պահանջող վիճակներ, ես իմ աչքերի առաջ ունեցել եմ նրանց՝ ինչպե՞ս կվարվեին այդ մարդիկ:

- Մարդկային բնավորության ո՞ր գիծն է  Ձեզ ամենից շատ մտահոգում, զարմացնում:


- Բնական է, յուրաքանչյուր ոք սխալական է: Եթե անդրադառնում ես սխալիդ, ինքդ՝ սեփական կամքով պիտի ուղղես սխալդ: Դրա համար քաջություն է պետք, քաջություն, որպեսզի խոստովանես սխալդ, հետագայում դրանից ձերբազատվելու համար: Ինչպես ասել են մեր մեծերը՝ ուղղվելու համար չկա ավելի լավ միջոց, քան զղջալով մտաբերել անցյալը: Ամենամեծ դատավորը մեր կյանքում Ինքն՝ Աստվածն է, բայց դատավճիռը կայացնում է մեր խիղճը: Մարդ կարող է տասնյակ տարիներ անցկացնել բանտերում, բայց  ազատվելուց հետո անգամ, առանց ներքին դատարանի, մնա նույն հանցագործը, մեղքի մեջ ապրողը: Բնականաբար, մարդ պետք է իր կյանքն ապրի սեփական գիտակցությամբ, լավի և վատի, ճշտի և սխալի, արդարության և ստի նկատմամբ սեփական ըմբռնումով: Ինձ մտահոգում է, որ շատերի մեջ բացակայում է քաջությունը, ինչ ինքնավստահության, ինքնաճանաչման  բացակայություն է: Դիմացդ կանգնած է մեկը, որ անհատ է, բայց զուրկ է անհատականությունից, կեղծիք է, քծնանք, ինքը չէ: Կուզենայի, որ յուրաքանչյուր մարդ քաջություն ունենա անկեղծ լինել ինքն իր հետ և ըստ այդմ ապրի:

- Դուք կարո՞ղ եք ինքներդ Ձեր մասին ասել՝  «Ես կարող եմ սխալվել գնահատական տալու մեջ, բայց գլոբալ մոլորություններ այլևս չունեմ»:

- Ես կարող եմ սխալվել և միշտ սխալական եմ: Իմ ցանկացած գնահատական սուբյեկտիվ է և հարաբերական և կարող է լինել միայն իմը և ոչ բացարձակ ճիշտ: Մոլորություններ միշտ էլ ունեմ, լինի՝ գլոբալ, ոչ գլոբալ: Ես բանական էակ եմ և, բնականաբար, մեղքերից ձերբազատված չեմ: Ես միայն աղոթում եմ և հայցում տիրոջ շնորհը իմաստության, որ օգնական լինի ինձ իմ կյանքի ընթացքում, որպեսզի հեռու մնամ այնպիսի սխալներից, որոնց արդյունքում, բացի անձս վնասելուց, չվնասեմ ուրիշներին: Գիտակցություն, քաջություն, համարձակություն ունենամ խոստովանելու, զղջալու իմ սխալը մարդու հանդեպ, անկախ նրա  տարիքից, դիրքից, հայցեմ նրա ներողամտությունը, որից ես մեծապես մխիթարված եմ լինում և վերականգնում եմ իմ ներքին խաղաղությունը, հոգուս ներդաշնակությունը:

- Լինել քրիստոնյա 21-րդ դարում. ինչպե՞ս կբացատրեք ասվածը:

- Կյանքի յուրաքանչյուր պահին, բնագավառում, ասպարեզում մարդ պետք է իր գործով, կեցվածքով, անձով վկայի, որ ինքը քրիստոնյա է, կրողն է այդ արժեքների: Քրիստոնեությունը, որ ներշաղախված է մեր էությանը, որ դարձել է մեր արյունը, իր մեջ կրում է համաշխարհային սկզբունքներ, բարոյական արժեքներ, որոնց մեջ նաև մեր ազգայինն է, մեր ինքնատիպությունը: Քրիստոնյա հայ և հայ քրիստոնյա հասկացողությունները փոխկապակցված են և անքակտելի:  Ես այսպես եմ տեսնում 21-րդ դարի հայ քրիստոնյային: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իր նպատակը: Այնուամենայնիվ, բոլորի նպատակները պետք է հետապնդեն մեկ իմաստ, այն է՝ ապահովել հոգու փրկությունը, չհուսահատվել, չհուսալքվել: Մեր կյանքի ստեղծողը մեզ անսահման սիրող Աստվածն է, որ երբեք մեզ չի լքում, ինչպես սիրող ծնողը իր զավակին: Ինչքան գեղեցիկ է, երբ զգում ես , որ սիրող էակը միշտ ուղեկից է քո կյանքում:

- Մեկ տարի անց նշվելու է համազգային տխուր մի տարելից՝ Եղեռնի հարյուրամյակը: Ինչո՞վ է այն կարևորվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար:

- Մեր ազգային ողբերգության ցավը վերապահված չէ ինչ-որ առանձին անձերի: Դա մեր ժողովրդի ցավն է, իսկ ժողովուրդն ինքը եկեղեցին է: Զոհերը զավակներն էին մեր եկեղեցու: Մենք հազարավոր հոգևորականներ ենք կորցրել, նրանք նահատակվել են: Մեր պարտքն է սրբազան՝ ոչ միայն մեր խոնարհումը բերել, ոչ միայն նրանց հիշատակը վառ պահել, ոչ միայն նրանց հոգու խաղաղության համար աղոթք բարձրացնել, այլև նրանց արդար իրավունքներին տեր լինել, նրանց արդար պահանջները կյանքի կոչել և հավատարիմ նրանց սրբազան ուխտին՝ մեր կյանքը ապրել: Մեր եկեղեցին ընդառաջ Մեծ եղեռնի հարյուրամյակին պատրաստվում է նահատակների սրբադասումը իրականացնելուն:

- Ո՞ր գիրքը  կհամարեիք Ձեր կյանքի գիրքը:

- Իմ կյանքի գիրքը բոլոր այն իմաստուն մարդիկ են, որոնց հետ ես շփվում եմ, ումից սովորում եմ, լինի մեծահասակ, թե՝ մանուկ: Բայց առաջնորդող գիրքը Սուրբ գիրքն է:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 977

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am