ԵՂԵՌՆԸ ՀԻՇԵԼԻՍ, ԱՄԵՆ ՊԱՏՄԱԾ ԱՏԵՆԸ ՊԱՊՍ ԼԱԼԻՍ ԷՐ | Апрель 2011
Չքնաղ երկիրն մեր Արմենիո, Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր…Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանի նախնիները դրախտային Կիլիկիայից էին: Հոգու մեծ ամրություն և մարդ արարածի նկատմամբ անսահման սեր ու ներողամտություն պետք է ունենալ, որպեսզի ցավալի անցյալի մասին խոսելիս չչարանաս, չըմբոստանաս, հավասարակշռությունից դուրս չգաս: Շատ-շատերին չի հաջողվում` բայց ոչ` Տեր Մարտիրոսին: Քահանայի կոչումը չէ լոկ պատճառը, այլ նաև նրա խոհեմությունը, իմաստնությունը, կրոնավորի կյանքի փորձը :-Հորս կողմը խարբերդցի են, մորս կողմը` հաճնեցի: Խարբերցի հարազատներս, բացառությամբ պապիս, որ կոտորածի ժամանակ Ամերիկայում էր, յաթաղանի զոհ դարձան: Երիտասարդ պապս, վրեժն ու ցավը սրտում, անդամագրվեց ֆրանսիական լեգեոնի հայկական ջոկատին, թուրքերի դեմ կռվելու և հայրենի Կիլիկիան ազատագրելու իղձով: Նրա հետ էին բազմաթիվ հայ երիտասարդներ , ում հարազատներին բնաջնջել էին թուրքերը: 1918 թվականի սեպտեմբերի 19-ին Պաղեստինի Արարայի պատմական ճակատամարտին հայազգի լեգեոներները իրենց քաջությամբ զարմացրեցին ու հիացրեցին ֆրանսիացիներին: Վերջիններս կարծում էին, թե ամիսներ են պետք, որպեսզի գրավեն ստրատեգիական մեծ կարևորություն ունեցող այդ տարածքը: Վրեժխնդիր մեր հայրենակիցները մի գիշերվա մեջ ջարդեցին թուրքերին: Հայ լեգեոնականների ձեռքը գերի ընկած թուրք հազարապետը չէր կարողացել հավատալ աչքերին, որ հայեր տակավին ապրում են և հայտարարել էր, որ Արարայի հաղթանակը նվաճող հայը չի՛ մեռնի... Պապս հաստատվեց Բեյրութում, ուր և պսակադրվում է տատիս հետ, որ ադանացի որբերից էր: Ցավոք, շուտ հեռացավ կյանքից` հայրս երեք տարեկան է եղել, երբ նա մահացել է: Թեև չտեսա պապիս ու չլսեցի նրա պատմությունները Խարբերդի մասին, այնուամենայնիվ զգում եմ ինձ որպես խարբերդցի ու երազանքս է տեսնել պապիս ծննդավայրը: Խարբերդցու հանդիպելիս անհաղորդելի մի զգացողություն եմ ունենում` երևի սա է արյան կանչը:Գաղթի ու կոտորածի դաժան պատկերները հաճնեցի պապիս պատմածներից են: 96 տարեկանում մահացավ: Այնպես, որ շատ եմ լսել նրան, հարցեր տվել: Ծերունահասակ պապս անարցունք չէր կարողանում խոսել եղեռնից` Դեր Էլ Զորի անապատներով ոտաբոբիկ քայլել էր և հրաշքով փրկվել:«Ի՞նչ է վրեժը» հարցին Տեր Մարտիրոսը պատասխանում է հետևյալ կերպ.« Սաղմոսերգում ասվում է` «Աստված է, որ խնդրե վրեժն իմ»: Այսինքն` Աստված է, որ իմ վրեժը պետք է առնի: Իսկ Աստծո վրեժն ավելի ուժեղ է, քան իմը: Որպես քրիստոնյա, ես թուրք անհատի նկատմամբ ատելություն չունեմ: Ես իմ պահանջն ունեմ թուրք կառավարությունից: Ճիշտ է` ինձ կառարկեն, ասելով, թե անհատներն են կազմում կառավարությունը, բայց և այնպես, առանձին թուրքը իմ թշնամին չէ: Աստված երբեք մեզանից չի հեռացել, մենք ենք, որ հեռանում ենք Աստծուց: Եսայի մարգարեն իր մարգարեության մեջ հաղորդում է Աստծո միտքը , թե` «ես հոգնել եմ ձեր աղոթքներից, ինձ պետք չէ պաշտել շրթունքներով: Ես ուզում եմ անարատ, մաքուր հոգիներ»: Ես համոզված եմ` կապրե՞նք քրիստոնյա կյանքով` մեր պատմության մեջ կունենանք նոր Ոսկեդար»:-Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որ իմ ծննդավայրն է, միշտ ինձ հայ եմ զգացել,-պատմում է Տեր Մարտիրոսը: - Բնական է` հայկական եկեղեցի, հայկական դպրոց, հայկական ակումբ, հայկական շրջապատ… Ազգային դաստիարակությունը լիբանանահայի ընտանիքում առ այսօր շատ ուժեղ է, ահա, թե ինչու չեմ հասկանում հայազգի այն ծնողներին, ովքեր այստեղ, Մոսկվայում բողոքում են, թե իրենց զավակները հայերեն չգիտեն: «Եղբա՛յր, հայերե՛ն խոսեք տանը»,- զարմացած «առաջարկում է» Տեր Մարտիրոսը:Տեր Մարտիրոսի հայրը` Նուբարը եկեղեցու սարկավագ էր և երկամյա տղեկն երկու տարեկանից իսկ եկեղեցում «շապիկ է հագել»:-12 տարեկանից սկսած արդեն մտորում էի կրոնավոր դառնալու մասին: Հորս հոգևոր ազդեցությունը մեծ էր ինձ վրա:Նուբար Բերբերյանը կրոնական գրքերի հեղինակ էր: Նրա «Ճանաչենք մեր եկեղեցին» ձեռնարկը հրատարակվել է նաև Հայաստանում: Որդու հոգու պարտքն է տպագրել հոր ձեռագիր գործերը:Խոսելով ռուսահայոց հոծ համայնքի մասին, Տեր Մարտիրոսը շեշտում է.« Մեր ցաքուցրիվ ժողովուրդը ամենից առաջ պետք է հավաքվի եկեղեցու շուրջ: Եկեղեցին մշտապես եղել է հայապահպանման կենտրոն: Մշակութային, մարզական կենտրոններ են պետք, ուր հայ երիտասարդները կճանաչեն մեկմեկու, կմտերմանան: Այս առումով անգնահատելի է մեր «Հայորդյաց տան» օրինակը»,- ընդգծում է նա:- «Նրա օրինակով պետք է ստեղծել նոր դպրոցներ, հայապահպան նոր օջախներ: Մենք պետք է մեր զավակներին վերադարձնե՛նք դեպի հայությունը: Դրանու՛մ է ազգի անմահությունը»:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |
Всего комментариев: 0 Просмотров: 1597
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|