ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՍՏՈՒՅԳ ՃԱՆԱՊԱՐՀ | Апрель 2009
-
Փայլուն ու երջանիկ ապագայի գրավականը միայն պատմական հաղթանակների,
նվաճումների հիշատակությունները չեն, այլ նաև պարտությունների և
կորուստների լիարժեք գիտակցումը,- խոսակիցս մոլդավահայության հոգևոր
հովիվ, Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Սահակ աբեղա
Շաքարյանն է:- Այս ոգով պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին: Մենք մեր
պատմական փայլուն անցյալով հպարտանում ենք, սակայն երբեք չպետք է մոռանանք
նախկինում թույլ տված բացթողումներն ու վրիպումները, մեր կորուստներն ու
պատմության սև էջերը: Միայն այսպես կկարողանանք ճիշտ կառուցել մեր ապագան:
Սահակ աբեղա Շաքարյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու
շրջանի Խնուշինակ գյուղում: Դեռևս դպրոցական տարիներին որոշել էր
ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան: 1991-ին,
դպրոցն ավարտելուց հետո, 17- ամյա պատանին զենքը ձեռքին միացավ հայ
աշխարհազորայիններին, հայրենի Արցախի սահմանները պաշտպանելու համար: Այդ
օրերին էր, որ ռումբերի աղմուկի ներքո մկրտվեց հայ մշակույթի և
հայագիտության երախտավոր Մակար արք. Բարխուդարյանի ծննդավայր Խնածախ
գյուղի հնամենի եկեղեցում: 1992-ի օգոստոսի 15- ռմբակոծության ժամանակ
ծանր վիրավորվեց: Ապաքինվելուց հետո, 1993 թվականին ընդունվեց Էջմիածնի
Գևորգյան հոգևոր ճեմարան: 1999 թվականին, ճեմարանն ավարտելուց հետո նա
ձեռնադրվում է սարկավագ, իսկ 2000 -ին` կուսակրոն քահանա: 2001 թվականին,
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Սահակ աբեղա Շաքարյանը նշանակվում է
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:
Սահակ
աբեղա Շաքարյանը վերահրատարակել և մի շարք լեզուներով թարգմանել է Սիմեոն
Երևանցի Վշտակիր կաթողիկոսի հոգևոր գրական ժառանգությունը: 2004 թվականին
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի և
տարածաշրջանի հոգևոր հովիվ, ուր նպաստել է հոգևոր կյանքի զարթոնքին,
կազմակերպել եկեղեցիների վերանորոգման աշխատանքները: 2008 թվականի
հոկտեմբերից նա ստանձնել է Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու
վանահոր և մոլդովահայության հոգևոր հովվի պաշտոնը:
- Ի՞նչ վիճակում գտաք մոլդովահայ համայնքը:
-Հայերը
Մոլդովայում հաստատվել են դեռևս միջնադարում: Համայնքն ունի պատմական
հարուստ անցյալ: Հայ ընտանիքների առանձին խմբեր Մոլդովայի տարածքում
հաստատվել են նախքան այս պետության կազմավորումը: Մեր հայրենակիցների մի
մասը գաղթել ու վերաբնակվել է այստեղ Հայաստանի տարբեր շրջաններից, մի
մասն էլ Ղրիմից, Լեհաստանից և այլ վայրերից: Դեռևս 1401 թվականին
Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն:Հայտնի են հայկական
ակտիվ կենտրոններ Սարոկին, Բենդերին, Քիշնևը, Կաուշանին, Գրիգորիպոլիսը:
Մեր հայրենակիցները եղել են շնորհաշատ արհեստագործներ, զբաղվել են
առևտրով, այգեգործությամբ: Հայերի հոսքը Մոլդովա զգալի չափերի է հասել
պետության կազմավորումից հետո: Մոլդովայի իշխաններից ոմանք մշտական
բնակության և առևտրով զբաղվելու համար աշխատասեր, ստեղծարար այս ժողովրդին
մեծ լիազորություններ են ընձեռել: Այսպես օրինակ, Ալեքսանդր Բարին 1407
թվականին առաջարկել է հայ վաճառականների հարկերը կրճատել, այն պայմանով,
եթե վերջիններս մշտական բնակություն հաստատեն Սուչավա, Սերետ և Չերնովցե
քաղաքներում: Արդյուքում` շուրջ 700 հայ ընտանիք Լեհաստանից գաղթում և
վերաբնակվում է Սուչավայում: Այս նույն մոլդովացի իշխանը 1418 թվականին
օժանդակում է 3000 հայ ընտանիքների վերաբնակեցմանը Սուչավա, Բելգորոդ,
Բոտաշան, Դորոգո, Խոտին, Վասլույ քաղաքներում:
Թուրքիայի
կողմից Ղրիմի նվաճումից հետո 1475 թվականին նորանոր հայ ընտանիքներ Ղրիմից
շարժվում և բնակություն են հաստատում հյուրընկալ այս երկրում: 15-րդ
դարում հայերը մեծամասամբ ապրել են Բելգորոդում, ինչը միանգամայն բնական
է. պատմական այդ ժամանակահատվածում Մոլդովայի տնտեսական կյանքում մեծ էր
այդ քաղաքի դերը: Թուրքիայում ֆրանսիայի դեսպան Ժիլբեր դե Լաննուան 1421
թվականին լինելով Բելգորոդում, իր հուշերում նշում է այդ քաղաքում եկեղեցի
ունեցող հայկական գաղութի առկայության մասին: ֆրանսիացի ճանապարհահորդ Վ.
Վավրինը 1445 թվականին լինելով Մոլդովայում, ուշադրություն է դարձում այն
հանգամանքին, որ Բելգորոդում հայերին պատկանող շատ նավեր կան:
15-րդ
դարում հայկական մի ստվար բնակչություն կար Յասում, Բոտոշանում, ուր մեր
հայրենակիցները իրենց եկեղեցին կառուցել էին դեռևս 14 դարում: 1812
թվականին Բեսարաբիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Քիշինյովում
հաստատվում է Բեսարաբիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդությունը, որը տարբեր
տարիների գլխավորել են Գրիգոր արք. Զաքարյանը, Ներսես Աշտարակեցին,
Գաբրիել արք. Այվազյանը և ուրիշներ: Հետաքրքիր է նշել, որ հայազգի հայտնի
գործիչ Մանուկ բեյ Միրզոյանի կառուցած Հնչեշտ ավանում գործում էր հայկական
դպրոց, որի տնօրենն էր Մսեր Մսերյանը: Մանուկ բեյ Միրզոյանի կալվածքում
եղել է նաև հայկական եկեղեցի, որի հիմքի վրա մեր օրերում կառուցել են
շինարարական ուսումնարանի շենք: Բեսարաբիայում իրենց գործունեությունն են
ծավալել Հ. Ալամդարյանը, ցարական հետապնդումներից այստեղ հանգրվանած
Միքայել Նալբանդյանը: Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ Մեծ
եղեռնի օրերին Մոլդավայի հայաշատ կենտրոններն ստեղծել են հանգանակության
կոմիտեներ, սովյալ ու գաղթական մեր հայրենակիցներին օգնելու համար:
Հրաշալի
ավանդույթներ ու պատմական հարուստ անցյալ ունեցող Մոլդովայի հայ համայնքը
հետխորհրդային տարիներին հայտնվեց մեկուսացման մեջ և նրա գործունեությունը
փոքր ինչ նվազեց: Դա պայմանավորված է նրանով, որ համայնքի կապն ընդհատվել
էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մայր Հայրենիքից: Խզվել էր կապը
քրիստոնեական հավատքի և հոգևոր ազգային ավանդությունների աղբյուր
հանդիսացող Մայր եկեղեցու և նրա սպասավորի միջև: Համայնքը չուներ հոգևոր
հովիվ, չկար գործող եկեղեցի: Ժամանակ առ ժամանակ այցելու հովիվները,
բնականորեն, անկարող էին ամբողջությամբ բավարարել հավատացյալների հոգևոր
պահանջները:
Վերջին տասնամյակում մեր եկեղեցին իսկապես ծաղկում
ապրեց և մեծ հաջողություններ արձանագրեց հավատացյալների հոգիներում հայ
հավատքը վերստին սերմանելու և ամրապնդելու առաքելության մեջ: Անմասն չմնաց
մոլդովահայ համայնքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն այսօր
հասանելի է Մոլդովայում ապրող յուաքանչյուր հայորդու:
Այսօր կարող
ուժերը համախմբելու հետևողական աշխատանք է տարվում, փորձ է արվում հավատ
ու հայեցի շունչ հաղորդել մեր հայրենակիցներին, համափմբել նրանց և
միասնական ուժերով հաղթահարել առկա դժվարությունները, հասնել լուրջ այն
ելակետին, որից պիտի սկսվի մոլդովահայերի հոգևոր, ազգային, հասարակական,
մշակութային նոր վերելքը: Ամեն հայորդի, ուր էլ լինի, պարտք ունի
կատարելու Մայր հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Ըստ այդմ,
նպատակ ունենք մոլդովահայության հոգու խորքում արթնացնել այդ սուրբ պարտքի
զգացումը: Փորձում ենք ամրապնդել վերածնվող համայնքի հավատն ու նվիրումը
հանդեպ նախնյաց սուրբ ավանդության ու դարավոր հոգևոր ժառանգության:
Փորձում ենք ամրապնդել այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր հայորդու
հաջողություն ու ձեռքբերում Մայր Հայրենիքի հզորության ու կայացման
գրավականն է:
Գործնական մի շարք քայլեր են ձեռնարկվել: Հանրային
հեռուստատեսության առաջին ալիքով ամփոփ հաղորդում է պատրաստվել հայ
ժողովրդի դարավոր մշայույթի, քրիստոնեական հավատքի, պատմության, կենցաղի
վերաբերյալ: Այսօր, ցավոք, մեզ արդեն հայտնի մի շարք պատճառներով, աճում է
մի սերունդ, որ գրեթե ոչինչ չգիտի իր ժողովրդի պատմության ու մշակույթի
մասին: Հաղորդումը լայն արձագանք ունեցավ:
Շատ
ջերմ են հարաբերությունները պետական իշխանությունների հետ, որոնք ամեն
կերպ սատարում են մեզ: Մոտ ապագայում նպատակ ունենք Սուրբ Աստվածածին
եկեղեցուն կից ունենալ մշակութային կենտրոն, հայորդեաց տուն, որով պիտի
ապահովենք մեր ազգի զավակների շփումը միմիանց հետ: Սիրով նշենք նաև,
որ վերջերս Բենդերի քաղաքում բացեցինք հայկական կիրակնօրյա դպրոց: Աջակից
ունեինք քաղաքի հարգարժան գործարարներից Արամ Գասպարյանին, որի չորս
որդիները դարձան դպրոցի սաները: Դասավանդվում են հայոց լեզու,
գրականություն, պատմություն: Մայրենին չմոռանալու և մայրենի լեզվին
տիրապետելու համար դպրոց են հաճախում քառասունից ավելի տարբեր տարիքի
հայորդիներ: Մայրաքաղաքի Լոմոնոսովի անվան կենտրոնական գրադարանում
կազմակերպվել է Հայաստանին նվիրված միջոցառում- երեկո: Նման մի երեկույթ
կազմակերպվեց 53-րդ ռուսական լիցեյի ութերորդ դասարանի աշակերտների
կողմից:
-Ո՞վքեր են ներկայացնում այժմյան մոլդովահայությունը:
-Համայնքն
ունի ակադեմիկոսներ. պատմաբաններ, օտար լեզուների մասնագետներ,
գործարարներ, երաժիշտներ և այլն: Դպրաց դաս ստեղծելու աշխատանքներ են
տարվում: 1830 թվականով թվանշված մի հետաքրքիր նամակ է պահպանվել:
Քիշինյովի քաղաքապետը դիմել է խնդրանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
որպեսզի վերջինս հայոց եկեղեցապատկան կալվածքներից տարածք տրամադրի
տեղացիների համար դպրոց կառուցելու նպատակով: Ցավալի է, որ այսպիսի հզոր
իրողությունից քիչ բան է պահպանվել: Աշխատել է պետք` լավագույն
արդյունքների հասնելու համար առկա են բոլոր նախապայմանները:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |
Всего комментариев: 0 Просмотров: 2232
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|