Ի նշանավորումն իր խաչքավորության ավարտի, Մոսկվայի «Սուրբ Հայրություն» եկեղեցու ընթացիկ տարվա խաչքավոր, մոսկվաբնակ անվանի գործարար և բարերար Արամ Մանուկյանը կազմակերպել էր համայնքի ներկայացուցիչների ընդունելություն, գլխավորությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի: Միջոցառումը կայացավ նրա ղեկավարած «Երևան» ռեստորանում, ուր հաճախակի կազմակերպվում են հայաշունչ երեկոներ: Արամ Մանուկյանին իր երախտանքի խոսքն ուղղեց Սրբազան հայրը, ընդգծելով նրա հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության կարևորությունը: Սրբազանի ջերմ մաղթանքներին միացան ներկաներից շատերը: Ի դեպ, նոյեմբերի 23-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացումը, որը ծնունդով վաչիանցի Արամ Մանուկյանի նվերն է համագյուղացիներին: Վերջապես կատարվեց վաչիանցիների երազանքը` գյուղը ունեցավ մանկապարտեզ: Վազգեն և Հայկանուշ Մանուկյանների միջնեկ որդին, հայրական օջախի կրակն անմար պահելու նպատակով, հոր մահից հետո, որոշեց այն դարձնել մանկապարտեզ: Մանկապարտեզի բացմանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, Ախալքալաքի մանկապարտեզների տնօրենները, Վաչիանի հասարակությունը, մանկապարտեզի սաները, ծնողները և այլք: Նորաբաց մանկապարտեզին Ախալքալաքի քաղաքապետարանի ղեկավարությունը նվիրեց համակարգիչ: Նորաբաց մանկապարտեզին իր օրհնությունը բերեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիանը:
Վաչիան գյուղի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է մոտ 100 երեխայի համար : Մանկապարտեզն այսօր գյուղին 17 աշխատատեղ է ապահովում : Այն ֆինանսավորվում է Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեից:
Շուշան Շիրինյան
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |