Пятница, 22.11.2024, 08:03Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԻՆՁ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ | Май 2010
-Իմ պատմությունը երկար պատմություն է, սկզբից պետք է սկսել,- մտերմիկ տոնով, ժպիտախառն ասում է զրուցակիցս` Հայրենական Մեծ պատերազմի Առաջին աստիճանի և Կարմիր աստղի շքանշանակիր 88-ամյա Արշավիր Հախվերդյանը: Ունկնդիրները երեքս ենք` ինձ  հետ միասին իրենց հոր ու պապի կյանքի հուշերը սիրով, սրտի տրոփով լսում են նրա որդին ու Արշավիր անունով թոռը: Ինձ զարմացնում, հիացնում է այն խորին հարգանքը , որ կրտսեր Հախվերդյանները տածում են իրենց ավագի հանդեպ: Համաձայնվեք, որ սերն առանց հարգանքի` մի տեսակ անկատար սեր է…

Պատմության սկիզբը… Կար Հովհաննես անունով սալմաստեցի բարեպաշտ մի կրոնավոր, որ ուներ շեն տուն, չորս զավակ: Եկան թուրքերը, ավերեցին ամեն ինչ, սպանեցին Հովհաննեսի որդիներին, գերի տարան կնոջն ու դուստրերին, հրաշքով փրկված Հովհաննեսը հայտնվեց Վայոց ձորի սարերում կորած Ելփին գյուղում: Ինչ եղավ հետո՞… Կարդացեք «Նահապետը», չեք սխալվի` ցեղի պատմությունը նրա զավակների ճակատագրերի կրկնությունն է կամ նմանությունը: Յոթանասուներկու ամյա Հովհաննեսը նորից ընտանիք է կազմում, և ծնվում է Արշավիրը: Այլ կերպ ի՞նչպես վրեժ լուծեր ճակատագրից… Նորածին որդու անունը «հուշել» էր նրան երազ եկած նահատակված Արշավիր որդին:

…-Հարցնում ես` նեմեցին չէ՞ի ատում: Ո՞նց չատեի: Ծնողներիս միակ զավակն էի, նրանց հույսն ինձ վրա, որ իրենց պաշտպանեմ, ծեր հասակներին տեր կանգնեմ: Իսկ ես, 17 ամյա պատանի, Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից մեկնեցի կռվելու: Հանկարծ ու զոհվեի` էս մարդիկ առանց ինձ ո՞նց էին անելու…

Ամառ էր: Դաշտում ընկերներով խոտ էինք հնձում: Պատրաստվում էինք սեպտեմբերին ուսանող դառնալուն: Երեկոյան վերադարձանք գյուղ` բարձրախոս կար, հավաքվում էինք մոտը, լուրեր էինք լսում: 

ՄԵԶ ԶԻՆԵՑԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐՈՎ, ՄԻ ՔԱՆԻՍԸ ՉՈՒՆԵԻՆ, ԱՍԱՑԻՆ` ՉՄՏԱԾԵՔ ՃԱԿԱՏՈՒՄ ԱՎՏՈՄԱՏԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ`ԶՈՀՎԱՑՆԵՐԻՑ ԿՎԵՐՑՆԵՔ…

Այդ երեկո բարձրախոսը գյուղ հասցրեց պատերազմի բոթը: Մի քանի օր անց յոթ ընկերների հետ միասին բանակ  զորակոչեցին նաև Արշավիր Հախվերդյանին, որին ճակատագրով նշանակված էր լինել Հայկական հրաձգային 89-րդ, հետագայում   Թամանյան անվանված դիվիզիայի շարքերում, նրա սկզբնավորման առաջին իսկ օրից անցնել պատերազմի ճամփաներով, նախ` Կովկասում, ապա Ուկրաինական ճակատում կռվել թշնամու դեմ, ազատագրական մարտերով հասնել Եվրոպա և ավարտել այն Ավստրիայում:
Հետաքրքիր է, որ հին զինվորը նախկինում երբեք հարազատներին չի պատմել այդ արհավիրքի մասին` խնայել է երևի զավակներին, և կամ վերքերը չեն սպիացել այնքան, որ կարողանա հանգիստ պատմել: Հիմա էլ հիշելիս հուզվում ու արցունքակալվում է` ո՞նց չհուզվես` «Թամանն ու Ղրիմը, Կերչը, Սև ծովը այդ ամիսներին հայոց գերեզմանոցը դարձան, ամենամեծ կորուստներն այնտեղ տվեցինք»:

Եֆրեյտոր Արշավիր Հախվերդյանը հետախույզ դիտողի պարտականություններն ուներ: «Մեր գործը գիշերն էր: Ջոկով ստուգում էինք, թե ոնց են ճանապարհները: Մի օր դուրս եկանք մի եղեգնուտ: Տեսնեմ` եղեգները շարժվում են: Ասացի` ա՛յ մարդ, քամի չկա, էս եղեգները ինչի՞ պիտի շարժվեն: Տեսնենք` երկու նեմեց եկել են, լճակից ջուր տանեն: Ջուր- բան չկար: Եթե աղբյուր էինք գտնում` մենք էլ էինք օգտվում, նրանք էլ: Ասացի` փորձենք, մի գուցե սրանց կարողանաք բռնել: Երեք զինվորի հասկացրեցի եղեգնուտը աննկատ շրջանցեն, հրացանազարկով նրանց ուշադրությունը շեղեն, մենք էլ էս կողմից հարձակվենք, բռնենք: Բռնեցինք: Թևները կապեցինք, տվեցինք առաջներս, բերեցինք: Ողորմի քեզ, հրամանատար Վասիլյան.., ուրախանալս ո՞րն է` դա մեծ հաջողություն էր, կարելի է ասել մեր դիվիզիայի մկրտությունը: Այդ երկուսի տված տեղեկությունները կողմնորոշեցին, թե դիվիզիան որ ուղղությամբ պետք է գրոհի»:

«Կռվելով մոտենում էինք Թամանի թերակղզուն: Քայլում էինք երկու ամիս շարունակ, անդադար, կիլոմետր առ կիլոմետր: Էնքան հոգնել էինք, որ մի քարանձավ տեսնելով, որոշեցինք մի քիչ շունչ առնել: Անզգուշորեն կրակ վառեցինք, չմտածելով, որ հակառակորդը հետևում է մեզ: 13 տանկ հարձակվեց մեզ վրա իսկ ձեռքներիս միայն գնդացիրներ ու ավտոմատներ են: Հայտնվեցինք անելանելի վիճակի մեջ: Ինչքան կոտորվեցինք… Հենց էստեղ զոհվեց  դիվիզիայի հրամանատար, գնդապետ Վասիլյանը…Վերջապես մերոնք օգնության հասան, դուրս եկանք շրջափակումից: Առջևում Թամանն էր` ինչ անտանելի ճահիճներ, լճակներ, Կուբան գետը` իր անթիվ վտակներով: Դե՛ արի ու էստեղ պատերազմիր… Քանի ամիս տևեց, մինչև Թամանը գրավեցինք: Դիվիզիան այս հերոսական մարտերից հետո ստացավ «Թամանյան» անունը: Թամանից հետո Կերչն էր: Սապուն գորան պիտի գրավեինք, որպեսզի ազատագրեինք Ղրիմը Կուբանի հետ կապող կենտրոնական ճանապարհը: Կամուրջները վաղուց պայթեցված էին, լաստանավերով էինք այնտեղ հասնում...»: Կարմիր աստղի շքանշանը նա ստացավ Սապուն գորայի համար մղված մարտերի ժամանակ:

«ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՍԻՆ: ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ`ԼԱՎԻ ՄԵՋ Ի՞ՆՉ ԿԱ, ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ`ՉԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ…»

«Ղրիմում վիրավորվեցի: Ուղարկեցին Ռոստով` բուժվելու, որից հետո նշանակվեցի Չորրորդ Ուկրաինական ճակատի 66-րդ գվարդիական դիվիզիայի կազմում կռվելու: 1944-ի ամառն էր: Նեմեցին ջարդելով, տարածություններ հետ գրավելով գնում ենք: Որին գերի ենք վերցնում, ով ծանր վիրավոր է, ապրելու հույսը չնչին է` ոչնչացնում են` պատերազմ է` ի՞նչ ասես: Մի ծանր վիրավոր է առաջներս, ձեռքը կտրված: Տղաներից մեկը սրան տեսնելով, ձեռքն ատրճանակին տարավ, որ սպանի: Տեսնենք` առողջ ձեռքով լուսանկար է հանել գրպանից: Ընտանիքի նկարն է` կինն է, երեխաներն են, (Արշավիր հայրիկի ձայնը դողում է արցունքներից): Թույլ չտվեցի սպանեն: Ասացի` մեկդ ձեռք չտա՛ք:…Թեև մահացող մարդ էր…Հիտլերի հերն անիծվի: Նա կուզե՞ր տուն-տեղ թողներ, գար կռիվ…»: «Պահ է գալիս, որ մարդ ուզում է զոհել իրեն հանուն ազատության, ճշմարտության, ընտանիքի, պահ էլ կա, որ նույն այդ արժեքները մղում են քեզ ապրելու»,-  բարձրաձայն խորհում է Արշավիր հայրիկը,-  « այդ խեղճ մարդը նույնիսկ այդ վիճակում հույս էր փայփայում հասնելու իր ընտանիքին»:

Կարպատներում մղած ազատագրական մարտերի համար Արշավիր Հախվերդյանը պարգևատրվում է Հայրենական Մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով: Պատերազմը Ելփինցի տղեկի համար ավարտվեց Չեխոսլովակիայի և Ավստրիայի սահմանում, սակայն նրա հայրենիք վերադառնալը հետաձգվեց ևս յոթ ամսով: Վիեննայից ոտքով զինվորները ճանապարհվեցին Սլովակիա, այնտեղից` Հունգարիա: Բուդապեշտը նրա մեծ Ոդիսականի վերջակետն էր:

-ԱՍՈՒՄ Է`ՍԱՐԻ ՎՐԱ ՄԻ ԾԱՌ Է ԼԻՆՈՒՄ…

Հարց են տալիս` էստեղ ոչ անտառ կա, ոչ ծառ ու ծաղիկ: Մենակ ո՞նց ես դիմանում քարափների մեջ, քամու տակ: «Ինձ իմ արմատներն են պահում,»- պատասխանում է ծառը: Էդպես էլ` մարդը: Մեր արմատները մեր հայրենիքի, մեր ծննդավայրի հողում են մխրճված: Քո կյանքը քո հողն է, ջուրը, բնությունը, աղբյուրները, հանդերը, ճանապարհները, որոնցով անցել ես տասնամյակներ շարունակ: Պարույր Սևակի մտքերն են` մարդ, եթե հուշ չունի, նա չի ապրել: «Դժբախտ ես, եթե ապրում ես միայն անցյալով, թեթևամիտ ես, եթե ապրում ես միայն ներկայով, ուրվական` եթե ապրում ես միայն  ապագայով»,-ասում էր նա:

 Շտապում էի տուն, իմ հայրենի օրրան Ելփինը, ծնողներիս մոտ: Ինչ դժվարություններով տեղ հասա: Լուրն ինձնից առաջ հասել էր գյուղ: Ելփինի ծայրին մայրս դիմավորեց, ընկավ ոտքերիս առաջ: Հայրս արդեն շատ ծեր էր…

Հետպատերազմական տարիներին Արշավիր Հախվերդյանը հայրենի գյուղի մշակույթի ակումբի ղեկավարն էր : Հետաքրքիր է թերթել այդ տարիներին հրատարակված ակումբների աշխատանքների կազմակերպման մասին մեթոդական գրականությունը: Այստեղ շատ տեղեկություններ կան Ելփին գյուղի մասին: Հախվերդյանները, որպես մասունք պահում են  1959 թվականին հրատարակված «Ակումբը և գյուղի ինտելիգենցիան» գրքույկը, որը նվիրված է Ելփինի մշակութային կյանքի, նրա ակումբում կազմակերպված թատերական ներկայացումների, համերգների, թեմատիկ հետաքրքիր զեկուցումներին: Ակումբի ղեկավար Արշավիր Հախվերդյանը այդ միջոցառումներին հմտորեն ընդգրկում էր դպրոցի ուսուցիչներին, հրավիրում էին քաղաքաբնակ մասնագետների: Պատկերացնու՞մ եք` հունձքն ավարտած գյուղացին, երեկոյան մեղմ հովին շտապում է ակումբ, հագեցնելու հոգու ծարավը, լսելու Շերամի, Ջիվանու երգերը, դիտելու, ասենք, «Նամուսի» բեմականացումը գյուղի երիտասարդների կատարմամբ: Հետպատերազմյան տարիներին, ակումբում կատարած աշխատանքների համար արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության ու Հայաստանի կառավարության 2-րդ կարգի մրցանակին:

Արշավիր հայրիկը հաճախ է հիշում Պարույր Սևակին: Ոչ միայն հարևան գյուղերից էին, այլև տարեկից մտերիմ ընկերներ: Պատահում էր` հանդիպում էին, զրուցում` իհարկե, հարազատ բարբառով, աշխարհի կարգից, հարգից: Սևակը պարզ էր, իմաստուն, մտքերը` հասանելի: Առանձին տետրերում դուրս է գրել մեծ հայրենակցի մտքերը ու հաճախ ձեռքն է վերցնում, կարդում, նորից ու նորից հիանում այդ մտքերի խորությամբ: Ինքն էլ գրչի հետ ընկեր ու բարեկամ է : Պատերազմի տարիներին օրագիր էր պահում` կորավ: Հետո նորից գրիչը ձեռքն առավ ու հավաքագրեց հայրենի գյուղի պատմությունը` քանի՞ ցեղ կա, սրանք քանի՞ զավակ ունեն, որտեղի՞ց են Ելփին տեղափոխվել, ի՞նչ անուններ ունեն գյուղի հանդերն ու աղբյուրները: Այս տեղեկությունները քրոջ որդու, գիտաշխատող Ավագ Խաչատրյանի հետ ի մի բերեցին և հրատարակեցին գիրք հայրենի եզերքի մասին:

-Քանի՞ թոռ ունեք,- հարցնում եմ Արշավիր հայրիկին: Չգիտես ինչու հաշիվը սկսում է ծոռներից` երևի սրանում էլ մի խորհուրդ կա:

- 17 ծոռ ունեմ, 16 թոռ,-պատասխանում  է նա:

-Պապ, թոռներիդ թիվը նորից ավելացրեցիր,-«դժգոհում է»  կրտսեր Արշավիր:

-Բա, Թևոսի (Արշավիր հայրիկի կնոջ` Ազնիվի փոքր եղբայրը - Հ. Գ.) երեխաները իմ թոռները չե՞ն,-ժպտում է նա,-Թևոսն ինքն է անընդհատ խնդրում` պապի՛ ինչ կլինի, քո թոռների թվին իմ երեխեքին էլ ավելացրու, էլի:

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ` ԱՐՇԱՎԻՐ ՀԱՅՐԻԿԻՑ

«Առավոտ կանուխ տնից դուրս ես գալիս ու շտապում դեպի հանդի եզրի մասուրի թփերը: Մի բուռ մասուր ես հավաքում ու առավոտվա հմայքն ըմբոշխնելով վայելում: Ապա շտապում ես աշխատանքի: Ձմռան օրերին թարմ մասուրը կարելի է փոխարինել մասրապուրով:

Հասմիկ Գրիգորյան


Գյուղ իմ Ելփին, իմ օթևան, ծննդավայր մեր բոլորի:
Հնգաթև սարեր ունես, քարքարոտ դաշտեր ունես:
Սակավաջուր են քո հողերը, բազմազան են ծաղիկներդ:
Բայց թուրքերը նենգ ու դաժան ավերել են ու քանդել են
Օջախները մեր պապերի, գերի տարել մեր մայրերին ու քույրերին:
Սակայն նրանք` մեր պապերը չեն ընկճվել, ետ են եկել:
Ավեր դարձած օջախները վերականգնել ու շենացրել:
 Կիսակառույց օջախներում սերունդներ են աճեցրել:
Շատ սերունդներ կգան, նոր օջախներ կկառուցեն,
Եվ դու Ելփին` ծննդավայր մեր բոլորի,
Քո հնգաթև սարերի մեջ հավերժական միշտ կմնաս:


Արշավիր Հախվերդյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1501

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am