ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՐՄՆԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ, ԿԱՄ, ԹԵ՝ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԳՈՀԱՐՆԵՐԸ | Ноябрь 2013
Ասում
են՝ կատարելությունը և ներդաշնակությունը պարզության մեջ է: Զբոսնելով
մոսկովյան հրաշակերտ համալիրի տարածքում, դիտելով այն զարդարող նրբագեղ
հարթաքանդակները, անկարելի է պատկերացնել, թե արարման ինչպիսի դժվարին
ստեղծագործական ճանապարհ են անցել նրանք, ովքեր հեղինակել, կառուցել են
ճարտարապետական այս կոթողը: Հետաքրքիր է լսել նորօրյա Մոմիկների
պատմությունները աշխատանքային այդ զեռուն օրերի, մասնագիտական լուրջ
քննարկումների մասին, որոնց արդյունքում ունենք անկրկնելի այս հուշարձանը:
Պատմում է քանդակագործ Աշոտ Ադամյանը:
-
Իրոք, շատ տեղին կլինի թղթին հանձնել համալիրի կառուցման պատմությունը:
Յուրաքանչյուր դրվագ, դետալ ենթարկվում էր մանրակրկիտ քննարկման ու
վերլուծության: Բոլորիս համախմբում էր մի նպատակ. կառուցում ենք մի կոթող,
որ մեր ժողովրդի անձնագրի դերն է ստանձնելու: Ամենադյուրին ճանապարհը
արդեն դասական համարվող ազգային ճարտարապետական լուծումներով բավարարվելն
էր: Բայց մենք որոնում, գտնում էինք նոր արտահայտչամիջոցներ, նոր
երանգներ: Հետաքրքիր է ուսումնական մասնաշենքի մույթերի ձևավորման
պատմությունը: Որոշվեց, որ դրանք պետք է խորհրդանշեն մեր ազգային հոգևոր
կենտրոնները: Սկզբից մտածում էինք արձանաշարի տեսքով քանդակել հոգևոր
գործիչների դեմքերը: Սրբազանին այդ գաղափարը համոզիչ չթվաց: Ես, որպես
քանդակագործ, նույնպես դա գործնական չհամարեցի: Հետո հակվեցինք
մայրաքաղաքների խորհրդանիշներ քանդակելու մտքին: Սակայն պարզվեց, որ
հարթակները, որոնց վրա պետք է կատարվեր աշխատանքը, իրականում ավելի կարճ
էին, քան թղթի վրա տրված չափերը: Նորից իրավիճակը փրկեց Սրբազանը: Նա ասաց,
որ շատ գեղեցիկ կդիտվեն հոգևոր կենտրոններ խորհրդանշող հրեշտակների
դիմաքանդակները: Այսպես, յուրաքանչյուր հարթակի վրա հիշատակեցինք երկու
հոգևոր կենտրոն՝ իրենց հրեշտակով: «Ինչքան շատ հոգևոր կենտրոններ
հիշատակվեն, մարդիկ այնքան շատ կիմանան հայ հոգևոր մշակույթի, պատմության
մասին»,-ասում էր Սրբազանը: Դա նորույթ էր:Ամբողջ մույթաշարի հարթաքանդակները, նշենք, Աշոտ Ադամյանի ձեռագիրն է: -
Հերթական հրեշտակը իր կատարողականությամբ նախորդից ավելի հաջող ստացվեց:
Դա բնական է՝ աշխատանքը հմտություն է բերում, ավելի ազատ ես մտածում,
գործում: Հրեշտակների դեմքերը զուտ իմպրովիզացիայի արդյունք են: Փնտրում
էի, գտնում այն դետալը, ինչ տարբերակիչ էր, ասենք՝մի հրեշտակի «օժտել եմ»
գանգուր մազերով և, ի դեպ, այդ խուճուճների մեջ «թաքցրել եմ» կնիքս՝ իրար
մեջ հագած երկու Ա տառեր: Ուշադիր դիտողը կգտնի: Այսպես՝ Սրբազանը,
ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ես, մեկս մյուսիս լրացնելով, դարձանք մեկ թիմ:
Հետաքրքիր է առաջնորդարանի վերին մասը երիզող հարթաքանդակների
պատմությունը: Համալիրի բացման արարողության ժամանակ դրանք դեռևս
որմնանախշված չէին: Երբ աշխատում ես, ձեռքիդ հետ ակտիվանում է նաև մտքիդ
աշխատանքը: Մույթերի վրա աշխատելիս ուշքս այդ դատարկ քառակուսիների կողմն
էր: Մտածում էի, թե ինչով լցնել: Սկսեցի մտմտալ սերովբեների մասին, որոնց
մեր որմնանկարչական արվեստը մի տեսակ «շրջանցել է»: Առաջարկեցի՝ Արտակը
հավանեց, միայն որոշեցինք դրանց ձեռնարկել բացումից հետո, ինչ և
իրագործեցինք: Ես կարծում եմ, որ այս կառույցը ժամանակի ընթացքում կդասվի
Յունեսկոյի կողմից պահպանվող կառույցների շարքում: Սրանք գործեր են, որոնք
մնայուն են:Համալիրի հիանալի հարթաքանդակներից են Սուրբ Գևորգի և Սուրբ Սարգսի դիմանկարները, որոնք նույնպես Աշոտ Ադամյանի աշխատանքներն են:-
Գաղափարն, իհարկե, Սրբազանինն էր: Եթե Սուրբ Գևորգը համաքրիստոնեական
կերպար է, ապա Սուրբ Սարգիսը զուտ հայկական խորհրդանիշ է: Իրար դիմաց են,
մեջտեղում տաճարի մուտքի դուռն է: Եկեղեցի խորհրդանշող թռչնի էսքիզները
երկար ժամանակ չէին բավարարում Սրբազանին: Ի վերջո, գտա այն, ինչ ուզում էր
տեսնել նա: Արտակի կողմից արված որոշ շտկումներից հետո անցա աշխատանքի:
Արդյունքը կտեսնեք ինքներդ: Հինգ տարի առաջ էր, երբ ես միացա համալիրը
կառուցողներին: Այդ ժամանակ այս շինությունն, ինչպես ասում են, հագնում էր
տուֆե իր զգեստը, և որոշակի պատկերացում կար, թե ինչ քանդակ որտեղ է
լինելու: Գաղափարներն արդեն կային, ես կարող էի ընդամենը այդ կաղապարների
մեջ ցույց տալ իմ մոտեցումը: Ասեմ, որ ուրիշի արածը շտկելը մեծ
պատասխանատվություն Է: Արտակն ինձ տվեց Սուրբ Հռիփսիմեին պատկերող մի քանի
էսքիզներ, ընդգծելով, որ իրեն չեն բավարարում, առաջարկեց փորձեց, գտնել նոր
կերպարներ: Էսքիզս դուր եկավ և Սրբազանին, և թե Արտակին: Իհարկե,
ճարտարապետը որոշ տեղին շտկումներ արեց: Սրբազանը, որ շատ դիպուկ աչք ունի և
նրբանկատ է, հիշում եմ՝ դիտելով աշխատանքն, ասաց, որ որոշ դետալներ չեն
համոզում: Դա ինձ մտածելու տեղիք տվեց: Շուտով գտնվեց ճիշտ լուծումը:
Քրիստոսի դեմքի վրա աշխատում էի Սրբազան հոր քնին «հսկողության» տակ: Մի օր
նայեց, ասաց՝ «Դեմքը շատ մտահոգ է, բարիացրու՛»: Մեկ-երկու շտրիխով
ուղղեցի: Մեկս մեկի նկատմամբ փոխադարձ վստահությունը ապահովեց այս հրաշալի
արդյունքը: Բոլորս, ասես, մի զորքի զինվորներ էինք: Քննարկում էինք ամեն
խնդիր, երբեմն՝ վիճում. ինչպես ասում են՝ վեճի մեջ է ճշմարտությունը:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |
Всего комментариев: 0 Просмотров: 857
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|