Չսիրահարվել Լիսաբոնին՝ չի կարելի: Պիրենեյի գեղեցկուհուն մտերմանում ես նրա հետ հանդիպելու առաջին իսկ պահից: Յուրօրինակ բարոմետրի նման նա կարծես «չափում է» բարությունդ, հիանալու մանկանման կարողությունդ:
Ու, եթե առանց դադարի չես ժպտում պատահական անցորդներին, ծղրտան շագանակավաճառներին, արևկող արած մուրացկաններին, ռելսերի վրա ճոճվող հռչակավոր դեղին տրամվայներին, չես տխրում պատուհաններից, սրճարաններից, խանութներից քեզ հասնող ֆադուի հեծկլտացող մեղեդուց, ուրեմն՝ քաղաքը քոնը չէ, ու դու այստեղ անելիք չունես: Լիսաբոնը հանելուկային քաղաք է ինձ համար, հանելուկային՝ նաև երկու պարզ պատճառներով. ինչպե՞ս է, որ այն, որպես բնակավայր, «շրջանցվել է» օտարաբնակնության հիվանդությամբ տառապող հայրենակիցներիս կողմից: Մյուս հանելուկը, որի պատասխանն ինձ համար ավելի հետաքրքիր ու կարևոր էր՝ ինչու՞ հենց այս քաղաքին իր բազմամիլիոն հավաքածուն նվիրեց մեր մեծն հայրենակիցը, տխուր աչքերով և անկասկած՝ տխուր հոգով, ազնվազարմ, շրջահայաց Գալուստ Գուլբենկյանը: -Գուլբենկյան թանգարա՞ն,-հարցիդ բարեհամբույր պատասխանում են լիսաբոնցիները և գրեթե մինչև վերջ ուղեկցում են քեզ: Առանձնապես խանդավառվում են, իմանալով, որ մեծ բարերարի հայրենակիցներն ենք:
Թանգարանի մուտքի մոտ Գալուստ Գուլբենկյանի քարակերտ արձանն է. նստած է՝ խոժոռ, մտքաշատ հայացքով, թիկունքին՝ քաջության, արիության, վեհության խորհրդանիշը՝ արծիվը: Շենքն ինքն շրջապատված է գեղատես մի հսկայական այգով, որի մշտականաչ ծառերի արանքից մերթընդմերթ անսպասելի «հայտնվում են» անկրկնելի ճկունությամբ, հմայքով կերտված բազմապիսի քանդակներ. «Գիտության մարդ և երազող՝ պարտեզի մը մեջ, իմ ուզածիս համաձայն՝ ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկարցա հասնիլ…», - մի առիթով ասել է նա: Գիտության առումով, իհարկե Գուլբենկյանը անընդունելի համեստություն է թույլ տալիս: Քսաներկուամյա երիտասարդի «La Transcaukasie et la Peninsule d’Apcheron-Souvenirs Vojage» լուրջ գիտական աշխատանքը , որ վերաբերում էր Միջին Արևելքի նավթային ռեսուրսների պատմության և շահագործման խնդիրներին, խիստ հետաքրքրեց Օսմանյան կայսրության հանքերի նախարարին, որ և հանձնարարեց նրան կազմել լուրջ գիտական մի տեղեկանք Մեսոպոտամիայի նավթահանքերի մասին: Այսպես սկսվեց արաբական նավթի շահագործման պատմությունը: Իսկ «պարտեզը»…՝ նշանավոր մարդասերի ու մեկենասի ոգին, անկասկած, հրաշալի այս այգու ամեն մի անկյունում է, այնտեղ վազվզող ու թռվռացող երեխաների հետ, որոնց անչափ սիրում էր նա: Ասում են՝ կողքն էր հավաքում մանչուկներին, խաղում» նրանց «հոգու» հետ, հետո «գնում» նրանց ժամանակավոր լռությունը՝ մի - մի ցենտ տալով:
Գուլբենկյան հոյակերտ թանգարանում այլ են իմ՝ հայիս զգացողությունները: Մի կողմ՝ ներքին հպարտությունս: Ավելի շատ տխրություն ու տրտունջ կա մեջս: Սենտիմենտալ այդ զգացողությունները թերևս հարազատ էին Գալուստ Գուլբենկյանին, ում հանգիստ չէր տալիս կորուսյալ հայրենիքի ցավը: Ասում են՝ նա պատրաստ էր իր մուլտիմիլիոնները տրամադրել եղեռնապուրծ հայերին, նրանց բնակեցնելով Արևմտյան Հայաստանի սահմաններին մոտ, հետագայում նրանց այնտեղ ներթափանցելու նպատակով: Թուրքիայի դրդմամբ այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտեց վերջինս ջերմ բարեկամ Խորհրդային Միությունը: Հրաշալի ցուցանմուշներ, որոնք կզարդարեին աշխարհի ցանկացած թանգարան, նրանց շարքում՝ Ոստանիկ Ադոյանի ձեռքով պատրաստած գութանը. Վանա հուշը: Ասում են, թե Արշիլ Գորկին գութանը համարել է խորգոմցի հայի շիրմաքարը… Նպատակս ամենևին այս թանգարանի մասին պատմելը չէ՝ այն պետք է տեսնել:
Լիսաբոնին հրաժեշտ տալու նախօրյակին նորից և նորից քայլում եմ նրա փողոցներով, կանխազգալով, որ գտնելու եմ հանելուկիս պատասխանը: Դեմս ազգային տարազների, կահկարասու խանութ է՝ այն ինչ լրացնում է յուրաքանչյուր ազգի նկարագիր: -Դու հավանաբար հա՛յ եք,- ինձ է դիմում խանութի տարեց տիրուհին, ըստ երևույթին այդ հուշել են Գուլբենկյանին նվիրված գրքերը, որ ունեմ ձեռքիս: -Իմ հարևանն էր, ապրում էր մեր տանը հարակից շքեղ հյուրանոցում, միշտ լուրջ էր, վեհաշուք, բայց փոքրերիս ժպտում էր, շոյում: Գիտե՞ք, ինչու՞ նա Լիսաբոնն ընտրեց որպես իր վերջին հանգրվան: Այն, ինչ լսեցի, չգիտեմ, թե ինչքանով է ճշմարիտ, ու դա ամենևին էլ կարևոր չէ: Այսպիսի պատասխան կվերագրվեր միայն հարուստ ներաշխարհ ունեցող գեղագետ մարդուն, ով կառչած է հուշերից ու հիշողություններից, ով փորձում է չկորցնել անցյալը:
-Գալուստ Գուլբենկյանը փնտրում էր այն երկիրը, ուր ամենագեղեցիկ արևամուտն էր: Նրա օգնականը, ում հետ շատ մտերիմ էր հայրենակորուս մեծահարուստն ու մեկենասը, համոզում է տեսնել Լիսաբոնի արևամուտը ու չի սխալվում:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |