Пятница, 22.11.2024, 13:43Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՊԱՐԱՐՏ ՀՈՂԸ ՄԻՇՏ ՊՏՈՒՂ ԿՏԱ | Январь 2010
Հոգեշնորհ Տ. ՎԱՐԴԱՆ աբեղա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ (ավազանի անունը՝ Արիստակես)   ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
1986-1996 թթ. սովորել է տեղի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 ռուսական միջնակարգ դպրոցում: 1996-1997 թթ. ուսանել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:  1997-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
2001 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2003 թ. փետրվարի 20-ին պաշտպանել է ավարտաճառ՝ «Հովհան Օձնեցու «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն և նրա հետագա խմբագրությունը» թեմայով: Ճեմարանն ավարտելուց հետո ծառայել է Մայր Տաճարում Լուսարարապետի պաշտոնակատարի ծիսական գծով օգնական:
2003 թ. փետրվարի 27-ին՝ Ս. Վարդանանց տոնին, ձեռամբ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2005-2008 թթ. Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ` Սիդնեյի հոգևոր հովվի և առաջնորդական Փոխանորդի հանգամանքով:
Այժմ նա ղեկավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը»:


Սուրբ Ծննդյան տոնի օրերին Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը գտնվում էր Մոսկվայում, Վեհափառ Հայրապետի հանձնարարականով: Նա առաքելություն էր ստանձնել Սուրբ Ծննդյան պատարագը Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցում մատուցելու, Վեհափառ Հայրապետի պատգամը ռուսահայերին փոխանցելու: Հայր սուրբը սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերին:


- Ինչպիսի՞ն է այսօրյա հոգևոր Հայաստանը:

- Եթե մեր այսօրը համեմատենք, ասենք, մեկ տասնամյակ առաջ ընկած ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք նկատել լուրջ փոփոխություններ ժողովրդի` կրոնի, եկեղեցու հանդեպ ունենցած թե ընկալումների, և թե մոտեցումների մեջ: Աստվածամերժության երկար տարիներին եկեղեցի գնալը, մոմ վառելն ու աղոթելը ամո թալի երևույթ էր համարվում: Այսօր հաճախակի ականատեսն ենք այսպիսի պահերի` մեր երիտասարդները եկեղեցու կողքից անցնելիս խաչակնքում են, Աստվածամոր պատկերի առաջ աղոթում են ծնկաչոք, աչքերը փակ: Այսինքն` Աստված մտել է նրանց կյանքը: Մեծ տոնակատարություններին Աստծո տունը լեփլեցուն է հավատացյալ ժողովրդով: Սովորական են դարձել տարբեր արարողություններին քահանաներ հրավիրելը` տնօրհնեքի, հարսանիքի, թե հուղարկավորության առիթներով: Հոգևոր կյանքի վերազարթոնքի անժխտելի ապացույցներից մեկը հայ մանուկների մկրտությունն է, ինչը որպես կարևոր երևույթ այսօր հաստատվել է մեր առօրյա կյանքում: "Ավետարանի” մեջ ասվում է, թե նշաններով կարելի է ժամանակն իմանալ: Ուրեմն` սրանք են հոգևոր մեր զարթոնքի մերօրյա նշանները: Կան, անշուշտ, լեռնային գոտիներ, ուր եկեղեցին դեռևս չի կարողացել վերագտնել իր հզորությունն ու թափը, ինչ ունեցել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարասկզբին: Եղեռնը և համայնավարությունը նաև քանակական առումով հարված հասցրին եկեղեցուն: Այս խնդրի լուծումն էլ ուղղակի ժամանակի, աղոթքի և ծառայության հարց է:

Տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում մեր` կրոնի սպասավորներիս ծառայության ոլորտը` մանկապարտեզ, դպրոց, երիտասարդաց միություններ, բանակ, բժշկական, քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ և ծերանոցներ, ուր հոգևոր մխիթարության հսկայական կարիք է զգացվում: Անելիքները շատ են: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր գիտակցության մեջ ամրացած, արմատներ տված չներելու, չսիրելու անհանդուրժողական վերաբերմունքը տեղի տա սիրուն առ Աստված, առ մերձավորը: Մենք, քրիստոնյաներս, սիրո կրողներն ենք: Եթե այդ սերը պակասում, նվազում կամ քաոսային վիճակի հասնում և դադարում է, դա նշանակում է, որ մեր մեջ Աստված է պակասել: Իսկ, եթե մի սրտերում և կյանքում Աստված չկա, ուրեմն, այնտեղ բույն է դրել նախանձն ու ատելությունը, հիշաչարությունն ու բանսարկությունը: Որպեսզի հասարակությունը առողջանա, Աստծո սերը պետք է մուտք գործի կյանքի ամեն մի բնագավառ, առանց տարիքի, սեռի աստիճանի խտրության:

Մեծ ձեռքբերում կարելի է համարել այն, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվում է կրոնը, «Հայոց եկեղեցու պատմությունը»: Այսօր աշխատանքներ են տարվում, որպեսզի եկեղեցական գիտելիքների հոգևոր կրթությունը սկսվի ավելի վաղ տարիքից դասավանդվել: Նոր սերնդի մեջ մանուկ հասակից պետք է սերմանել մեր սուրբ հավատքը, որպեսզի նրանք մեծանան այդ հավատքի արժեքները կրելով իրենց կյանքում: Հակառակ պարագային մենք կունենանք հեռուստատեսային սերիալների հրամցրած «հոգևոր» արժեքներով դաստիարակված մի սերունդ:

- Ի՞նչն է ձեր տնօրինության տակ գտնվող «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի» առաքելությունը:

- Մեր կենտրոնը ստեղծվել է երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի տեսիլքով և հրահանգով: 90-ականների սկզբներին մի խումբ հոգևորականներ իրականացնում էին կրթական որոշ ծրագրեր, ցանկացողներին դասավանդում էին քրիստոնեական եկեղեցու դավանանքը, նպատակ ունենալով բացել կիրակնօրյա դպրոցներ:

1995 թվականին հոգելույս Գարեգին Առաջին Հայրապետի կաթողիկոսության շրջանում բացվեց «Քրիստոնեական քարոզչության և դաստիարակչության կենտրոնը», որը հիմնականում զբաղվում էր հոգևոր, մշակութային կրթությամբ, հրատարակչական գործունեությամբ, մեկօրյա դպրոցների բացումով;
Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գահակալության շրջանում կենտրոնի գործունեությունը քառապատկվեց: Նախ և առաջ հոգևոր կրթությունը` եկեղեցու պատմությունը մտավ հանրակրթական դպրոցների պետական ուսումնական ծրագրերի մեջ; Սա կարևոր մի քայլ էր, որի հաջողության համար պետք էր պատրաստել, հրատարակել ծրագրեր, ուսումնական լիարժեք դասագրքեր, վերապատրաստել կրոնի բանիմաց ուսուցիչներ և այլն: Այս ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարության հետ համագործակից ստանձնեց մեր կենտրոնը: Այսպիսով, սկսած 2004 թվականից մենք զբաղվում ենք կրթական այս հարցերով հանրակրթության ոլորտում: Մեր կենտրոնը համակարգում է չորս ոլորտ, որոնցից առաջինը նախադպրոցականն է: Փոքրիկների համար պատրաստում ենք եկեղեցական, ազգային տոնակատարությունները ներկայացնող սցենարներ, որոնք տրամադրվում են մանկապարտեզներին: Ծննդյան, Տեառնընդառաջի, Զատկի, Վարդավառի, Խաչվերացի, Ս. Էջմիածնի և այլ տոներին հայտարարում ենք տարբեր մրցույթներ, որ մանուկներին շատ դուր է գալիս: Մի խոսքով, մանկապարտեզները ևս ներգրավում ենք մեր հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերում:
Երկրորդ` միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտն է` հանրակրթական դպրոցները, ուր կրկին տարբեր ծրագրային, ուսումնադաստիարակչական տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում; Մեր աշխատանքները համատեղում ենք կրթական գերատեսչությունների, մասնավորապես ՀՀ ԿԳՆ Կրթության Ազգային ինստիտուտի աշխա տակիցների հետ:

Մեր գործունեւոթյան երրորդ ոլորտը կիրակնօրյա դպրոցներն են, որոնց թիվը հասնում է մոտ հիսունի: Դրանք հանձնված են թեմերի հոգատարության: Այստեղ էլ հանձնախումբ ենք ստեղծել, ովքեր աշխատում ենք ծրագրերի թարմացման և կառույցի առավել կայացման տարբեր խնդիրների լուծմամբ: Ամեն տարի բարեգործական տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ կազմակերպում ենք ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Չորրորդ ոլորտը մանկատները և խնամքի կենտրոններն են: Կրթական, դաստիարակչական հստակ երկու ծրագիր ենք մշակում այնտեղ ներդնելու: Առաջինով նախատեսված է կամավորների օգնությամբ քրիստոնեության լույսը տարածել այդ անմեղ էակների հոգիներում: Երկրորդ ծրագիրը, որ մշակման վերջնական փուլում է, նախատեսում է այս երեխաներին հետմանկատունյան տարիքում հասարակության մեջ անկաշկանդ ինտեգրացում: Մանկատան մեջ իրենց աճելուն զուգընթաց նրանք պետք է ձեռք բերեն որևէ մասնագիտություն` համաձայն տվյալ տարածքի շուկայի կարիքների, որին տիրապետելով ավելի վստահ ինքնուրույն կյանք կմտնեն:

Մեր ամենակարևոր առաքելությունը լուսավորությունն է մեր զավակների հոգիները, պատմում ենք նրանց, թե ինչ է նշանակում հայ եկեղեցի, ինչ է հայ ժողովուրդը, ինչպես են իրար հետ համազուգակցվում այս երկուսը: Եթե չես ճանաչում քո ինքնությունը, քո ով լինելը, չգիտես քո պատկանելությունը, անպայման առաջին պատահածի ետևից կգնաս և ականջ կդնես նրա կարծիքին: Լուսավոր միտք ունեցողը երբեք չի գնա սխալ ճանապարհով:

- Հայր Սուրբ, մեր ընթերցողին հետաքրքիր է իմանալ, թե ինչպես ընտրեցիք կյանքի Ձեր ճանապարհը:

- Ծնունդով երևանցի եմ, մեծացել եմ «Անի» հյուրանոցին հարակից բակում: Մեր տան մոտ է գտնվում 17-րդ դարի քրիստոնեական ճարտարապետական վեհաշուք կոթողներից «Կաթողիկե» Ս. Աստվածածին եկեղեցին: Ութիններորդ դասարանի տղա էի, երբ այն վերաբացվեց: Բակի տղաներով հաճախ գնում էինք այնտեղ, խոսքի բռնվում հավատավոր մամիկների հետ: Նրանք մեզ փոքրիկ սրբանկարներ էին տալիս, հորդորում պահել, որպեսզի «անփորձանք» լինենք: Այսպես, կամացկամաց, մտերմացա եկեղեցու հետ: Կանուխ առավոտյան, դասերից առաջ, շտապում էի ժամերգության, հետո աղոթել սովորեցի ու սիրեցի այդ աշխարհը:

Այդ շրջանում հանդիպեցի մի հարգարժան հոգևորականի, ով իր կեցվածքով շատ զարմացրեց և ներշնչեց ինձ: Մեծ հմայք ուներ, գիտելիքների հսկա պաշար, խոսքով ներշնչում էր բոլոր հավատացյալներին: Նրան հայտնեցի սրտիս ցանկությունը հոգևորական դառնալու վերաբերյալ: Զգուշացրեց այն դժվարությունների մասին, որ հանդիպելու էին ինձ: Բավական երկար ժամանակ խորհելուց հետո ի վերջո քաջություն ունեցա որոշիչ քայլ անել, և այսպես սկսվեց հոգևոր իմ կյանքը:

-    Ի՞նչ եք նախընտրում ընթերցել:

-    Սիրում եմ բանաստեղծություններ կարդալ: Գրասեղանիս մշտապես տեղ գտած գրքերը վերաբերում են հոգևոր կյանքին: Հոգևոր աշխարհն անսահման է, ինչքան էլ հոգևոր գիտելիքներ ստանաս, միևնույն է, նորից դրանց կարիքն ունես:

-    Հոգևոր այրերից ո՞վքեր են Ձեզ ուղենշան հանդիսանում:

-    Մեր եկեղեցու մատենագրական հայրերից Ս. Գրիգոր Լուսավորիչը, Ոսկեբերան Հայրապետը, Մանդակունին, Գրիգոր Նարեկացին, Օձնեցի Հայրապետը, Ներսես Շնորհալին և Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և այլոք: Նրանց աշխատություններն ինձ համար, այսպես ասած, ձեռքի գրքեր են, հաճախ եմ սիրում թերթել:

-    Ինչպիսի՞ն եք տեսնում Մայր Հայաստանը մոտ ապագայում:

-    Եթե մշտապես նկատենք միայն բացասականը, այն մեզ կուժազրկի ու կջլատի: Մեր հայրենիքում բարեփոխությունները շատ են, չնայած եղած դժվարություններին ու տարբեր փորձություններին, հոգևոր և ազգային տան կառուցումը հաջողությամբ օրավուր իրականացվում է:

Պարարտ հողի մեջ աղոթքով և ծառայությամբ ցանած սերմը միշտ էլ պտուղ է տալիս:

______________________________________________
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на http://www.ArmenianChurch.do.am обязательна.


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1380

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am