Այսպես է վերնագրել հայկական մամուլի էջերից մեկում հրատարակված իր հերթական հետաքրքիր ռեպորտաժը լրագրող, նորաբնակ քարվաճառցի Թամարա Գրիգորյանը, ում մանկությունը, պատանեկությունը անցել է Արցախ աշխարհի այս գողտրիկ անկյունից շատ ու շատ հեռու: Թամարան ծնվել է Վանաձորում, բարձրագույն կրթություն ստացել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Թերևս պատահական չէր նրա ծանոթությունը իր ապագա ամուսնու՝ պատմաբան Դավիթ Եղիազարյանի հետ: Շատ արագ պարզվեց, որ աշխարհընկալումների երիզները շատ-շատ են, ավելին՝ երկուքն էլ մտմտում են վերաբնակվել ազատագրված տարածքներում: Այսօր նրանց «մտմտանքը» իրականություն է: Քարվաճառ տեղափոխվելու որոշումդ արտառոց քայլ ե՞ս համարում:
Ոչ: Մարդիկ տեղից տեղ են տեղափոխվում ` այսպես ասած իրենց վայրը գտնելու համար: Մեկը նախընտրում է Երեւանը, մյուսը` եվրոպական որեւէ երկիր, երրորդը նախընտրում է Չինաստանը, իսկ ես ինձ շատ լավ եմ զգում Քարվաճառում: Շրջապատիդ մարդիկ ինչպե՞ս ընկալեցին որոշումդ:
Ամենից ծանրը մայրիկիս համար էր: Ինքը երբեւէ չի եղել Քարվաճառում եւ ճիշտ պատկերացում չունի տարածքի մասին: Իսկ ինձ համար շատ կարեւոր էր, որպեսզի մայրիկս չտխրի իմ մեկնելու համար: Եւ փառք Աստծո, հիմա նա ավելի հանգիստ է, քանի որ ամեն օր զրուցում ենք հեռախոսով, ու նա համոզվում է, որ ես իսկապես լավ եմ: Ընկերներս հիմնականում ողջունել են որոշումս, քանի որ գիտեն`հենց մենք Քարվաճառում տուն ունենանք, իրենք ամռանը կհանգստանանան մի չքնաղ վայրում: Քանի որ այժմ մենք բնակվում ենք հոյակապ մարդկանց տանը, կարելի է ասել, առանձնակի դժվարությունների դեռ չենք հանդիպել: Բայց դժվարություններ դեռ կունենանք, համոզված եմ: Խնդիրների հաղթահարումն ինձ համար ամուսնուս ձեռքն ամուր բռնած առաջ շարժվելն է: Իսկ ամուսնուս վրա ես կարող եմ հույս դնել. հենց այդ վստահությունն է իմ ուժը:
Ի՞նչ է քեզ համար հայրենասիրությունը:
Հայրենասիրությունը ծնողներիս, ամուսնուս, եղբորս, հարազատներիս սիրելն է, քաղաքը չաղտոտելն է, մարդկանց չվնասելն է: Բարդ բան չէ հայրենասիրությունը, այն պարզապես արժանապատիվ ապրելն է, բարեխիղճ աշխատելն է:
Ինչպիսի՞ն կցանկանայիր տեսնել հասակակիցներիդ:
Գիտեք, մարդիկ, շատ տարբեր են: Միգուցե իմ մաղթանքներն իմ հասակակիցներից շատերին դուր չեն գա J Այդ պատճառով միայն ասեմ, որ ես ցանկանում եմ տեսնել ուժեղ երիտասարդություն, ու թող որ այդ երիտասարդության ամեն մի անդամը յուրահատուկ լինի, իր խենթություններով ու նպատակներով: Կցանկանայի, որ երիտասարդ մարդն իմանա իր ճանապարհն ու վստահ քայլի իր ճանապարհով, թեկուզ եւ այն ընդունելի չլինի շատերի համար:
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ Թամարայի մտքերից
Ծնողները միշտ ցանկանում են երեխաներին հեռու պահել ամեն տեսակ վտանգներից ու դժվարություններից` հաշվի առնելով իրենց ունեցած փորձը: Սակայն աշխարհում ոչ ոք իր նախորդի փորձը հաշվի չի առնում, քանի որ պետք է ձեռք բերի իր սեփականը: Շատերի համար անհասկանալի է Երեւանում բնակարան ու աշխատանք թողնելու ու Քարվաճառ տեղափոխվելու մեր նորաստեղծ ընտանիքի որոշումը: Շատերը համոզված են, որ մենք, միեւնույնն է, որեւէ բան չենք փոխելու: Բայց երիտասարդ մարդն այդպես մտածելու իրավունք չունի, երիտասարդ մարդը հույսի իրավունք ունի, որը նրանից խլել չի կարելի: Ամուսինս այսօր պատմություն եւ հասարակագիտություն առարկաներն է դասավանդում Քարվաճառի դպրոցում, ես աշխարհին ու մասնավորապես՝ Հայաստան աշխարհին տեղեկացնում եմ Քարվաճառի խնդիրների մասին: Մենք այստեղ ենք ապրում, մենք այստեղ տուն ենք կառուցելու ու երեխա ենք ունենալու, մենք այստեղ նորի ու գեղեցիկի մի առանձին սկիզբ ենք դառնալու: Սրանից էլ լավ գարու՞ն… Դե իսկ եթե մեզ միացողներ լինեն, գարունն ավելի շուտ կգա ու ավելի շատ ծաղիկ կծաղկի… Տեղեկություններ Քարվաճառի մասին Քարվաճառ քաղաքն ազատագրվել է 1993թ. ապրիլի 3-ին: Այժմ քաղաքում բնակվում է շուրջ 700 հոգի: Դպրոցն ունի 142 աշակերտ: Անցյալ տարի դպրոցն ունեցել է 7 շրջանավարտ: Նրանցից մեկը ծառայում է հայկական բանակում, մյուս վեցն ընդունվել են բուհեր: Քարվաճառի քաղաքային գրադարանն ունի 135 ընթերցող: Քաղաքն ունի հիվանդանոց, բանկ, ոստիկանություն, մշակույթի եւ երիտասարդության կենտրոն:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |