Ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով, հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ որևէ վանդակի մեջ փակվելու, էն տեսակ երգեր երգելու,որ ձեզ դուր գամ։
Հովհաննես Թումանյան
Իր չքնաղ երազները Ամենայն Հայոց բանաստեղծը հյուսեց այն "երջանիկ ակունքներից", որ տենչացել էին քանի-քանի ծարավներ` քանի-քանի պոետներ: Իր հոգու անեզր օվկիանոսից էր, որ ափ նետվեց Քառյակների անթերի մարգարտաշարը` բազմաձայն մի կառույց, որի վերծանման բանալին "Թմկաբերդի առումի" նախերգանքն է …Գործի անմահության, չարի և բարու, մեղքի և զղջման` միով բանիվ` "լավության խոսքի" այս հոյակապ խտացումը իր իմաստուն կյանքի հանրագումարն էր.
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,Էնքան տրտում` կորած լավերն իմ սրտում …Չեմ էլ հիշում` չար ու խավար այս ժամին`Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում … Ցավը կա, կա "հայոց վշտի անհուն ծովը", կա անձնական մեծ դրաման` սիրելի զավակի` Արտիկի եղերական կորուստը Վանի ինքնապաշտպանական հերոսամարտում: Բայց ցավը ծնում է մի զարմանալի գեղեցկություն, որի ակունքը անվերջ նորոգվող աշխարհն է` իր հազար ու մի բազմաձևությամբ, խիստ առօրեական, թվացյալ կրկնությամբ.
Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր. Հազար տարվան փորձ ու գործ Ըսկսվում է ամեն օր …
Ամեն օր սկսվում է Սերը` Աստծո պայծառ ներկայությունը երկրի վրա: Իր սերերի մասին քիչ գիտենք, իր սրտի գաղտնի թրթիռների մասին` առավել քիչ: Բայց անշոշափելի , երազի պես խուսափուկ ապրումի, իր երջանկության, սիրո կողքից անցնելու ու նրան չնկատելու, խաթարված գեղեցկության վերհուշը արդեն ի±նչ արժի.
Մի հավք զարկի ես մի օր, Թռավ, գնաց վիրավոր. Թռչում է միշտ իմ մտքում, Թևը արնոտ ու մոլոր …
Այդպիսի ոսկեփետուր "մի հավք" այրում էր Բակունցյան Դիլան դայու հիշողությունը. զարմանալի "Միրհավը" չի± սնվել արդյոք այս մորմոքից… Սակայն Քառյակների ծանրության կենտրոնում կյանքի անցողիկության և հոգու անմահության, "Էս ու էն աշխարհքների" սահմանագծում հայտնված մարդուն ` մարդ մնալու մասին ուղղված Թումանյանի խոսքն է.
Հեյ, ագահ մարդ, հեյ, անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ, Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Սուրբ Նարեկացուց հետո Թումանյանն է Անճառ Մինին` Արարիչ Աստծուն մոտենալու մեր Վկան:Իր հայրենիքի, իր մշտագո հայրենիքի Լեռան բարձունքից Բանաստեղծը խոսք է խոսում Նրա հետ, քննում կենաց սկիզբն ու կենաց վախճանը:
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին …
Թումանյանն իր գոյությամբ սրբագործեց հայոց Պառնասը:Նրա մեծ, տիեզերական հոգին լող էր տալիս "հայոց վշտի անհուն ծովի մեջ", բայց Տեսանողի իր պայծառ հայացքով նա տեսավ հայոց վշտոտ լեռները ծաղկուն ու կանաչ, տեսավ իր նոր ու հզոր հայրենիքի վառ արշալույսները`Սուրբգրային Արարատի ճերմակ գագաթը ոսկեզօծող … Իր ստեղծած "Վերնատունը" առաքելություն ուներ վառ պահելու Լուսավորչի կանթեղը Արագածի գագաթին` հայության փրկության հույսը Հայոց եղեռնի մղձավանջում, այն նվիրական "Վերնատան" օրինակով, որտեղից 2000 տարիներ առաջ ճառագայթեց Փրկչական Լույսը : Եվ այսօր, 2012 թվականի իր ծննդյան դարձյալ մեկ փետրվարին, Թումանյանի Մեծ ստվերը "Վերնատուն" է բերել Իսահակյանին, Չարենցին, հայոց բոլոր մեծերին, քանզի Գր. Խանջյանի "Վարդանանքի" օրինակով, այդ Վերնատան մշտական բնակիչներն են նրանք բոլոր ժամանակներում … Եվ Հ. Թումանյանն է Հայոց Վերնատան Կենաց սեղանի անմահական հացն ու գինին …
Շնորհավորենք միմյանց` Մեծն Թումանյանի ծննդյան առիթով…
Անահիտ ԹՈՐՈՍՅԱՆ
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |