- Այնճարը ինձ համար լոկ ծննդավայր է, ուր ապրել եմ մանկությունս, ուր ստացել եմ ազգային դիմագիծ և հայեցի դաստիարակություն: Հետևաբար, կարելի է ասել՝ Այնճարը ինձ դաստիարակեց Հայաստանի համար: «Հայորդյաց տան» դասասենյակներից մեկն է: «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միության հերթական հետաքրքիր և ուսանելի հանդիպման մասնակիցներից մի խումբ միջոցառման ավարտից հետո, դահլիճից փոխադրվել են այստեղ՝ իրենց հարցերը տալու տենոր Գէորգ Հաճյանին, ով կոմիտասյան հրաշալի կատարումներով քիչ առաջ հիացրեց մոսկվաբնակ հանդիսատեսին:
Գէորգի հայերենը անթերի է: Զարմանալու հարկ չկա՝ նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի «Յառաջ-Գալուստ Կուլպենկյան» վարժարանում ապա՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Զարեհյան» Դպրեվանքում, «վկայվելով» Դպրեվանքի բարձրագույն վկայականով: Մանկուց սեր ունենալով երաժշտության հանդեպ, հետևել է Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության «Բարսող Կանաչյան» երաժշտական քոլեջի դասընթացներին: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի Կանադայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների հանդիսատեսների առջև: Կենսագրական սուղ տվյալների շարքում կա մի կետ, որ հատկապես պիտի նշենք՝ ինչ, ցավոք, չենք թաքցնում, (դժբախտաբար, առայժմ այսպիսին է իրերի դրությունը) զարմացնում է շատ ու շատ հայերի: 2005 թվականին Գէորգ Հաճյանը «հաստատուած է Հայաստան՝ տիկնոջ և ուստրին հետ», ուր և «յաճախած է Կոմիտասի անուան պետական քոնսերուաթորիայ եւ մասնագիտացած երգչախմբային խմբավարութեան մեջ»: Գէորգը «Շարական» հայ հնագույն երաժշտական համույթի մեներգիչն է:
-Այնճարում մեծացա Հայաստանն իմ մեջ,- իր հրաշալի տենորով շարունակում է նա: -Այնճարում իմացա ամեն ինչ՝ Հայաստանին վերաբերող: Եվ որովհետև փոքր էինք, և Հայաստանը տակավին անկախություն չուներ, փայփայում էինք այն հույսը, որ մեկ օր պիտի լինենք Հայաստանում և մեկընդմիշտ պիտի ապրենք այնտեղ: Արցախյան հերոսական պայքարի շրջանում մեր ամենօրյա ապրումների աղբյուրը Հայրենիքից մեզ հասնող նորություններն էին: Մեծ ոգևորությամբ կհետևեինք «միացում» կանչերին:
Եթե մենք հայ ենք, ապա հայի առաջին և վերջին հանգրվանը պետք է լինի Հայաստանը: Ինչու՞ չամփոփվենք և համակերպվենք Հայաստանի դրության հետ:
Ամեն մարդու կյանքը, ի վերջո, պայքար է, ուր էլ գտնվի, պիտի պայքարի թեկուզ մի կտոր հացի համար: Մնացյալ փարթամությունները ավելորդաբանություններ են: Մարդ իր ժուժկալության մեջ պետք է դրսևորի մերձավորի նկատմամբ սերը, Հայրենիքի, հայության հանդեպ ունեցած իր վերաբերմունքը: Շռայլությանը ոչնչացնում է ոգին, մարդուն մղում դեպի ձևականությունը առարկայասիրությունը, և մարդ զրկվում է իր իսկությունից: Հայրենիքը հոգևոր իրականություն է, որ ենթադրում է երկյուղ, զոհողություն, նահատակություն: Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանն է, հողը, միակ երկիրը, որ ունի հայը:
Ամեն տարագրված հայու համար Հայաստանի հողի պահանջատիրությունը փոքր տարիքուն սերմանված է և աճած: Այսօրվա Հայաստանի դրությունը ամեն մեկ հայի դրությունն է և ամեն մեկ հայի լուծը, և ամեն մեկ հայի բաժինը պիտի լինի այսօրյա Հայաստանի վերելքի մեջ: Մենք չենք կարող 10 000 հայորդիների արյունով սրբագործված հողը լքել, ասելով՝ թող լավանա վիճակը, նոր կվերադառնանք: Մեր պարտավորությունն է այսօ՛ր ապրել Հայաստանում, Հայաստանով: Դրանով մեր նահատակները կհավերժանան: Նահատակները կմեռնեն այն ատեն, երբ հայը հեռու է հայրենի հողից:
Մի անգամ, հարևաններով զրուցում էինք: Ներկաներից մեկը դիմելով ինձ ու կնոջս, ասաց. «Ի՜նչ եք եկել այս անտեր երկիրը»: Զայրացա, ասացի, որ նա անտեր չէ, առավել ևս՝ Աստվածաշնչյան երկիր է: « Պիտի հասնինք հոն, ուր հայուն հո՛ղն է»՝ այս պատգամը միշտ մեջս է եղել: Երբ առաջին անգամ ոտք դրեցի տանս մեջ՝ Հայրենիքում, մեջս զգացի հայ ժողովրդի երազանքի իրականացման նշույլն ինչ:
Երեկ կինս զանգահարեց և ուրախությամբ հաղորդեց, որ այգուս ծիրանենիները ծաղկել են: Կշտապեմ ժամ առաջ տեսնել ծիրանենիների ծաղկունքը:
Վերջնագիր. Այնճարում ապրում են մուսալեռցիների ժառանգները, որոնք Լիբանանի այս շրջանում հաստատվել են 1939թ: Այն «ներկայիս կը բաժնուի վեց թաղամասի՝ ըստ Մուսա Լեռան վեց հայկական գիւղերու անուններուն՝ Քեպուսիէ, Եողուն Օլուգ, Պիթիաս, Վաքըֆ, Խտըրպէկ եւ Հաճի Հապիպլի»:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |