Ջեմմա Կիրակոսյանը Նոր Նախիջևանի և
Ռուսաստանի Հայոց Թեմի Մոսկվայի <<Հայորդյաց տուն>> հայեցի
դաստիարակության կենտրոնում աշխատում է այս կրթօջախի հիմնադրման առաջին
իսկ օրից: Նա կենտրոնի սիրված մանկավարժներից է: Ջեմման գտնում է, որ
մայրենի լեզուն մատչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը առայժմ
օտարախոս սաներին նշանավոր հայ մանկագիրների ստեղծագործություններին
ծանոթացնելն է: Քանիցս արդեն փոքրիկ "արտիստների" հետ հաջողությամբ
բեմականացրել են Խնկո Ապոր, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու հեքիաթները:
Վերջին ներկայացումը կայացավ մարտ ամսին: Դահլիճը երկարատև, բուռն
ծափահարություններով ընդունեց Հովհաննես Թումանյանի ժպիտով լեցուն "Ձախորդ
Փանոսին":
- Ինչու՞ ընտրեցիք հենց մանկավարժի և ոչ` ասենք` ինքնաթիռի ուղեկցորդուհու մասնագիտությունը:
-
Դուք երևի ակնարկում եք այն, որ լինելով օդաչուի դուստր, չեմ դարձել
ուղեկցորդուհի: Հայրս` Հրանտ Կիրակոսյանը, իրավ, օդաչու էր, Հայաստանի
քաղաքացիական ավիացիայի վետերաններից մեկը: Նա անմնացորդ նվիրված էր իր
մասնագիտությանը, սիրահարված երկնքին, մանկան նման բարի ու անմիջական էր,
պատանու պես ռոմանտիկ էր: Մասնագիտության բերումով հաճախ բացակայում էր
տնից իսկ ոչ թռիչքային եղանակին վերադառնում էր շատ ուշ: Անսահման կապված
էի նրա հետ, ծանր էի տանում բացակայությունը: Միշտ անհամբեր սպասում էի
նրան: Մեզ` երեխաներիս համար տոն էր, երբ տանն էր սիրելի հայրիկը: Հիշում
եմ այսպիսի մի դեպք. հինգ թե վեց տարեկան էի: Հիվանդացել էի, ծանր
ջերմությամբ պառկած միայն հայրիկիս էի կանչում: Ու հանկարծ նրանից հեռագիր
ենք ստանում: Վերցրեցի հեռագիրը, ամուր համբուրեցի ու սեղմեցի կրծքիս:
Ինչպես տնեցիներն են հավաստում, ջերմությունս քիչ անց կտրուկ իջնում է,
ասես չէի էլ հիվանդացել:
Ինձ համար մանկավարժությունը նույն
ռոմանտիկան է, այն էլ թռիչք է, հոգու թռիչք: Համենայն դեպս, յուրաքանչյուր
անգամ դասարան մտնելիս, ինձ համակում է այդպիսի զգացում:
- Կարո՞ղ եք այսօր ասել, որ Ձեր մանկական երազներն իրողություն են:
-Միշտ
եմ երազել մանկավարժի մասնագիտության մասին: Եվ, երբ միջնակարգ դպրոցն
գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Խ. Աբովյանի անվան
մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի
ֆակուլտետ, երազանքներս ու կյանքիս նպատակները մասամբ կատարված համարեցի:
Այսպիսի
ընտրությունը պատահական չէր:Մեր գերդաստանում մանկավարժները շատ են` տատս,
պապս , քույրս: Մեր տոհմի գեղեցիկ պատմություններից մեկը տատիկիս եղբոր`
Սարգիս Ոսկանյանի մասին է , որը 18 տարեկան հասակում ղեկավարել է Մեղրիի
շրջանի Շվանիձոր գյուղի դպրոցը ու միաժամանակ հեոակայել է Երևանի պետական
համալսարանի Ֆիզմատ ֆակուլտետին: "Աշխատանքի գերազանցիկ" շքանշանը դեռևս
30-ականներին նա ստացել էր անձամբ Կալինինի ձեռքից` Մոսկվայում:
Խոստումնաշատ երիտասարդը, ցավոք, 23 տարեկան հասակում զոհվեց Հայրենական
Մեծ պատերազմում:
Մանկավարժի նոր, ավելի հասուն որակում ինձ զգացի
<<Հայորդյաց տանը>>, ուր դասավանդում եմ հայոց լեզու և
գրականություն: Պոեզիան, արձակը միշտ են եղել իմ հետաքրքրությունների
շրջանակներում, ավելին` ուսանողական տարիներին առիթը բաց չէի թողնում
բանասեր ընկերուհիներիս հետ հաճախել նրանց դասախոսություններին:
Անչափ
շնորհակալ եմ Գերաշնորհ Սրբազան Հայր Եզրաս Եպիսկոպոսից, որ հավատաց իմ
ուժերին, հնարավորություն ընձեռեց զբաղվելու ինձ այնքան հոգեհարազատ
աշխատանքով:
- Ինչ՞ սկզբունքներ եք կարևորում մանկավարժության մեջ:
-Իմ
աշխատանքի կարևոր նախապայմանը դեպի աշակերտներն ու դասավանդբող առարկան
ունեցած սերն է: Այդ զգացումը մղում է նորանոր որոնումների, որպեսզի
դասերն ընթանան հետաքրքիր , բովանդակալից, որպեսզի աշակերտները մշտապես
ձեռք բերեն նոր գիտելիքներ:
- Ինչու՞մն է "Հայորդյաց տան" յուրօրինակությունը:
-
Այս կրթօջախը, համենայն դեպս Մոսկվայում, իր նմանը չունի: Մեր փոք րիկ
հայրենակիցները այստեղ իրենց զգում են ջերմ ու հոգեհարազատ միջավայրում,
հմուտ մանկավարժների օգնությամբ առնչվում են հայ մշակույթին, ծանոթանում
հայոց հոգևոր գանձերին: Այս պատերի ներքո քրիստոնեական ոգին է, մեր
ազգային հավատքը, բարոյական արժեքները:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |