Իմ ծննդավայրում լուրերը տարածվում են լույսի արագությամբ: Չես հասցնում արտաբերել նախադասությանդ եզրափակիչ բառը` բնակավայրի ուղիղ կեսն արդեն ակտիվ քննարկում է նոր իրադարձությունը, համեմելով այն ֆանտաստիկ մանրամասնություններով և, անպատճառ, սեփական մեկնաբանություններով: Ընդ որում, լուրերի սփռվելու մեխանիզմը մերոնց հեղինակային գաղտնիքներից մեկն է, ամենամշուշոտն ու անհասանելին: Չալարես ու ամեն ինչ գրի առնես: Այս պարագայում ամուր ներվեր ունենալն առաջնահերթ խնդիր է: Այն, ինչ կհնչի, յուրաքանչյուր թուլամորթի հեշտությամբ դուրս կմղի հոգեկան հավասարակշռությունից, կ- ստիպի դիմելու նոր, հաճախ անիմաստ, արտառոց քայլերի, որոնք էլ անհամբեր ակնկալում է վառ երևակայություն ունեցող պարապ-սարապ ժողովուրդը: Այս միջավայրում ապրելն իր առանձնակի հմայքն ունի: Փրկվում է ուժեղը. այսպես է, կարծեմ, հնչում հանրահայտ Դարվինի ոչ պակաս հայտնի աֆորիզմը: Ֆոլկներն ու Մարկեսը և նրանց նմանները այստեղ անելիք չունեն: Նրանց հնարովի սյուժետներից մերոնցից և ոչ մեկն ունքն անգամ չի շարժի: Առասպելական ռեալիզմը ծննդով իմ փոքր հայրենիքից է, ինչպես դարեր, տասնամյակներ, տարիներ ու ամիսներ առաջ, այն արարվում է հովաշատ դալաններում, խնջույքի սե- ղանի շուրջը, մեռլատներում, տղամարդկանց առվակողքի հավաքատեղում:
Ամառվա ալարկոտ օրերից մեկն էր: Արեվից շնչահեղձված տները, ծառները, փողոցները ասես հալչում էին, կամաց-կամաց, անհույս անհետանում: Այն մասին, որ կյանքը թերևս շարունակվում է, հիշեցնում էր մորս շոգից տառապագին տնքոցները: Այդպես էլ անհուշ կմեռներ օրը, եթե հայրս տեղ չհասցներ անսպասելի ու անհավատալի լուրը: Վարժապետոնց Սերոբը, որին անձամբ իմացողներից շատերը վաղուց արդեն մահացել էին, ողջ-առողջ է, պատերազմում գերի է ընկել, Օսվեն- ցիմում է, թե` Մայդանեկում, ֆաշիստները լավ տանջել են, բայց, գեներ են չ՞է, չի ընկճվել` «իրան չի կորցրել», - հայրենակցի համար ոչ առանց ցուցադրական հպարտության ինքն իրեն ուղղում է հայրս, - «արանք է քցել, հարմարացրել ու փախել»: - Դրանց սոյն է էդպես, - եզրահանգում է տատս, - էն գլխից էլ ցեղովի ճարպիկ են:
Տատիս մերոնց մասին հայտնի է ամեն ինչ: «Մերոնք» ասածս միայն մարդիկ չեն, որոնք մի մեծ ամբողջության ընդամենը փոքր մասն են կազմում, մնացյալը լրացնում են սար ու ծառ, այգի ու ձոր, ծանոթ – բարեկամի շուն ու կատու: Այս բորորը իրարու մեջ հանգուցված են հավանական ու անհավանական կա- պերով: Երե փորձես գծանկարի միջոցով պատկերել այդ բարդ հանգույցը, ապա կստացվի մի այնպիսի խզբզանք, որից տատս անգամ իր ամուր գիտելիքներով գլուխ չի հանի:
- Լավ դու որտե՜ղից իմացար, - հետաքրքրվեց մայրս:
- Որտեղի՜ց, որտեղի՜ց, - լարվեց հայրս, - տղայի հետ եմ աշխատում, չես հիշու՜մ..., Վահանն էսօր ուշացած եկավ ու լացակումած պատմեց, թե ինչ է կատարվում իրենց տանը, ծեր ու մանուկ խառնված, ուրախությունից մեկ լալիս են, մեկ ծիծաղում, հետն էլ գտնվածի պատերազմական նամակներն են իրար ձեռքից խլխլում, բարձրաձայն կարդում, համբուրում:
- Տեսնո՞ղ է եղե՜լ, - թեթև կասկածանքով ու միայն իրեն հատուկ նրբանկատությամբ արտաբերեց տատս:
- Այ մամ, նորի՞ց սկսեցիր հետաքննությունդ, դե որ ասում են կենդանի է, ուրեմն տեսել են, - հորս կանխեց մայրս:
- Էն լավ, փառք Աստծո, - հնազանդորեն արտասանեց ամեն բան իմացող տատս, ու խոսակցությունն դրանով ավարտվեց: Օրը հանգավ հոգուս անսովոր խաղաղությամբ: Հա զարմանում էի, թե որտեղից այս հազվադեպ ու հաճելի զգացողությունը, հետո ինքս ինձ ժպտալով հիշում էի նորությունը: Նախագիշերի վերջին ակորդը մորս խորիմաստ հառաչն էր. «Խեղճ Լավու՜ր…»: Կարեկցանքն ուղղված էր հերոսի աղջկան, Լաուրային, որը համաքաղա- քացիներին հայտնի էր «դեղատան Լավուր» «կարճառոտ» մականունով: Նախկին համադասարանցիները ջերմությամբ ու նվիրումով պահպանում էին հին օրերի հավատարմությունը, հանդիպելիս անասելի սիրով հարցուփորձ էին անում իրարից, տունուտեղից, պատրաստակամ նետվում իրար օգնելու: Փոքրուց սիրում էի մորս հետ որևէ տեղ ուղևորվել: Նախապես ըմբոշխնում էի այն պահը, երբ կհանդիպեի նրա մանկության բազմաքանակ ընկեր-ընկերուհիներին, որոնք ջերմ գրկելու էին ինձ, ուշադիր, սրտացավ հարցնելու ամեն մի մանրուքի մասին ու անկեղծ ուրախանալու իմ ամենափոքրիկ հաջողություններով: Նրանց ներշնչած ապահովության զգացողությունը հետագայում շատ օգնեց ինձ, թեև, ինչ խոսք, նաև խանգարեց: Լաուրան բոլոր ճանաչածներիցս ամենասրտացավն ու ջերմն էր: Սեղմում էր կրծքին, համբուրում, մեծարանքով նայում ինձ, ու ես զգում էի նշանակալիությունս, ոգևորվում: Միևնույն է, նրա աչքերից դուրս հորդող տխրությունը չնկատել անկարելի էր: Անգամ գեղեցիկ, բարի ժպիտը անընդունակ էր թաքցնել այն: Մայրս պատմել էր, որ հորը կռվում կորցնելուց հետո նրանց համերաշխ ընտանիքը մի տեսակ խեղճացավ, արդեն քանի տասնամյակ քույր ու եղբայրներ չեն կարողանում ձերբազատվել դժբախտության զգացողությունից, թեև մենակ չէին իրենց վշտի մեջ, շուրջ բոլորը պատերազմում հայր ու եղբայր կորցրած մարդիկ են: Հորը հիշելիս, իսկ ես չեմ մտաբերում մի դեպք, որ Լաուրան մեր հանդիպման ժամանակ ծնողին չհիշեր, աչքերն անմիջապես թրջում էր, խոսքը հեկեկանքի վերածում: Հույսի փոքրիկ նշույլը, թե հայրը փրկվել է, չի զոհվել, մեկ կայծում էր, մեկ էլ հանգչում ու վերստին արթնանում: Բանը նրանում էր, որ մահվան թուղթն ստանալուց հետո, թե առաջ` այդպիսի մանրուքները դժվար է մտապահել, տեղ էր հասել նաև մեկ այլ թուղթ` պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Սերոբ Վարժապետյանը անհետ կորել է Վարշավայի ազատագրման համար մղված կռիվների ժամանակ: Սակայն տարիների սպասումը անարդյունք էր, այն միայն հոգեմաշում էր հոր հիշատակին հավատարիմ այս գեղեցիկ ու խեղճ մարդկանց:
Ճիշտն ասած, մորս հառաչանքը պարուրեց ինձ անհույս տարակուսանքով: Չէ՜, կա-չկա մայրս էլ կասկածում էր կատարվածի ճշմարտութ- յան մեջ:
Բացված օրվա հետ տեղ հասան նոր մանրամասնություններ: Հանկարծ հայտնի դարձավ չգիտես ինչու մինչ այդ անհայտ մնացած մի փաստ: Միաչքանի Լևոն էր լուսավորել մեր հարևանին: Իբր թե միջքաղաքայինի վարորդ Բուդյոնը արտա- սահմանյան ճանապարհորդության ժամանակ` ուղեգիրը վիճակախաղով էր շահել, տեսել է Սերոբին, իհարկե, ծերացած, թեև լավ հագած- կապած, ճանաչել է, բայց ամաչել է մոտենալ, ճիշտն ասած, իր իսկ բառերով` նաև վախեցել է` օտար երկիր, համատարած թշնամական կապիտալիզմ, ի՞նչ իմանաս, ինչքանո՞վ հայրենասիրական կլիներ արարքը…Այս նորությանը տատս առանձնապես մեծ նշանակություն չտվեց: - Վարդազարենց Լևոյի բերանից ճիշտ բառ լսած կա՜ք, - հայտարարեց նա: - Չեղած տեղից էնպիսի մի սուտ կհնարի, որ հետո տասը ադվոկատ չեն կարողանա հերքել: Պողոսի Բուդյոնին էլ թե լսելու լինենք, ուրեմն պիտի հավատանք, որ Բելկայի ու Ստրելկայի հետ տիեզերք է թռել ու էնտեղ էլ օղորմածիկ Պողոսի հոգու հետ է զրուցել:
Երեկոյան, հորս աշխատանքից վերադառնալուն պես հավաքվեցինք շուրջը նոր տեղեկություններ իմանալու ակնկալիքով: Հայրս ցուցադրաբար լռում էր, երևի թե նպատակ ունենալով ավելի բորբոքել մեր երևակայությունը:
- Շատ պիտի՞ տանջես, - առաջին չդիմացավ մայրս, - Լավուրենցից ի՞նչ կա:
Հորս լարված հայացքը ոչ մի լավ բան չէր հուշում: Դուրս եկավ պատշգամբ, հենվեց սանդղաճաղերին ու դռան արանքից մեզ նետեց բավականին տարօրինակ մի նախադասություն:
- Էրնակ չէ՜ր, ամեն մարդ իր բան ու գործին, այգի էին մշակում, գինի սարքում: Հիմա արտասահման են հորինել, երկու-երեք օրով, թե մի տեղ գնան, ետ են վերադառնում լրիվ օտարացած, քթներն էլ վեր տնկած, մթոմ արդեն եվրոպացի են: Էլի թող եվրոպացի լինեն, Աստված իրենց հետ, բայց ուրիշի հոգին տակնուվրա անելն ինչի՜ս է:
Քիչ անց, երբ հայրս հանդարտվեց, իմացանք եղելությունը: Ուրեմն, արտասահման կատարած ուղևորության ժամանակ սոցիալիստական լագերի մի կորած, մոլորած քաղաքում մեր փողոցի վերևի թաղում բնակվողներից մեկի ձեռքն է ընկնում վիսկու մի շիշ, որը խորհրդային զբոսաշրջիկի համար արդեն երևույթ էր, պարծենալու լուրջ առարկա: Սակայն ուշադիր զննելուց հետո`իսկ չմոռանամ ասել, որ մերոնք, իմիջիայլոց, ձեռքն ընկածը տեղը տեղին զննելու բնածին ընդունակություն ու պահանջ ունեն, մեր տուրիստը հայտնաբերում է, այն, ինչ հետո երկար ամիսներ պետք է տակնուվրա աներ մեր քաղաքը: Շշի անառակելիորեն գեղեցիկ պիտակի վերևի աջ անկյունում, աչքի էին զարնում ասես անփութորեն, որոշակի թեքությամբ հայերեն ձեռագրված «Սերոբ Վարժապետյան» բառերը: Ինչպես նշվել է, իմ հայրենակիցների մոտ առանձնապես զարգացած է գեղարվեստական վառ մտածողությունը, իրադարձությունների ման- րազնին ու բազմակողմանի վերլուծությունը: Բնականաբար, վերին թաղցու շփորթությունը երկար չի տևում: Ձեռք բերած նոր փաստերը իմացածի հետ համադրելով, մեր տեղական Շերլոք Հոլմսը հանգում է հետևյալին. պատերազմից հետո Սերոբը հիմնավորվել է «էստեղարենք», տուն-տեղ է դրել: Գինեգործների որդին էլ ինչո՞վ պիտի զբաղվեր, խաղող է աճեցնում, գինի, արաղ է սարքում, երևում է լավ էլ անուն ունի: Տրամաբանական անվիճելի այս եզրահանգումներով իմ սրտացավ հայրենակիցը առանց երկմտանքի ճամփրուկն է խցկում անգնահատելի վկայությունն ու շտապում, իհարկե, ոչ առանց փոխհատուցման ակնկալիքի` տեղ հասցնել Սերոբի կենդանության անժխտելի ապացույցը:
Այս պատմությունը համոզիչ չէր լինի, եթե բոլորս, մեր ու մանուկ, հայր ու որդի սեփական աչքերով չտեսնեինք, չտնտղեինք այդպես էլ ուզում եմ ասել` չարագուշակ վիսկու շիշը: Պիտակի վրա տպագրված բազմաքանակ օտարալեզու բառերի վերևում փառահեղ փռված ձեռագիր հայերեն տառերը միրաժ չէին: Զավեշտը նրանում էր, որ դրանք շատ նման էին ռազմաճակատից չորս տասնամյակ առաջ ուղարկված նամակների տառերին: Կասկած չկար. թե նամակները, և թե՛ շշի վրա դրոշմված անուն-հայրանունը գրված էին նույն ձեռքով: Ինչքան էլ չարախոսեմ մերոնց, ծաղրեմ նրանց ֆանտաստիկ պատմություններ հորինելու նկատմամբ ունեցած սերը, այնուամենայնիվ, ի պատիվ հայրենակիցներիս, պետք է խոստովանեմ, որ սթափությունն էլ երբեք, մանավանդ շատ պատասխանատու պահերին, չի լքում նրանց: Թեև շուրջ բոլորս, բացառությամբ զգուշավոր տատիս ու հորս, հավատում էին կատարված հրաշքին, այնուամենայնիվ որոշում ընդունվեց Սերոբի կենդանության օգտին խոսող փաստարկները ներկայացնել համապատասխան օրգաններին: Շատ «գրագետներից» մեկը` այդ պահին էր, արտաբերեց մինչ այդ մերոնց անծանոթ մի բառ, որին հետո ինտելեկտով փայլելու միտումով տեղին-անտեղին դիմում էին բոլորը, մեծ ու մանուկ: Այդ արժանահիշատակ օրից «գրաֆոլոգ» տերմինը ամուր հաստատվեց տեղական գունագեղ բառապաշարում: - Բալիկ ջան, որ մեծանաս, ի՜նչ ես դառնալու, - հարցնում էինք բակում խաղացող որևէ փոքրիկի, - գրաֆոլո՜գ, - առանց խաղից կտրվելու, ցուցամատը քթածակում լռած ուրախ կանչում էր փոքրիկը:
Հա, ուշացումով ասեմ, որ պատմածս զուտ վավերագրություն է, և եթե չեք հավատում, մեր կողմերում լինելիս, կարող եք ճշտել ցանկացած որևէ մեկին դիմելով:
Մինչ պատասխանը տեղ կհասներ, հիշում եմ, մարդիկ հանդարտվեցին, ամեն մեկը վերադարձավ իր բան ու գործին, հորս ասելով` անգամ Վահանն էր ուշքի եկել, գործատեղում սկսել էր կատակելը, ընկեր տղաներին կիսալուրջ, կիսակատակ խոսք էր տալիս հոր ունեցածից պետք եղած տեղը բաժին հանել: Միայն Լաուրայի արցուքներն էին առատացել: - Ռիմա ջան, վախենում եմ նորից կորցնեմ հորս, այս անգամ ընդմիշտ, - խեղճացած խոստովանեց նա մի օր:
Պատասխանն իրեն սպասեցնել չտվեց: Ըստ ձեռագրերի նույնականության հարցերով զբաղվող մասնագետների կողմից անցկացված փորձաքննության, թե նամակները, թե շշի հայերեն մակագրությունը անվիճելիորեն պատկանում էին նույն ձեռքին: Ռումբի պայթունի էր նման այդ լուրը: Անունով հայրենակիցներ շատ ունեինք: Մերոնցից ամենանշանավորները վաղուց մոսկվաներում ճանաչված մտավորականներ ու գիտնականներ էին: Սակայն Սերոբի ճակատագիրը նմանը չուներ: Իրավիճակը սոսկ լարված համարելն այն չէր: Մարդիկ տենդագին սպասում էին նոր լուրերի: Անգամ ամենավառ երևակայություն ունեցողներն անուժ սսկվել էին: Ստեղծագործելու ընդունակությունը մի ակնթարթում կորցրած, նրանք մոլորված հույսները կապում էին ինֆորմացիայի ավելի կարող աղբյուրների հետ: Մի քանի անգամ Սերոբի պատմությունը հնչեց Սփյուռքի հայության համար տրվող ռադիոհաղորդաշարերում: Մայրս պարտադիր հուզվում էր հաղորդման վերջին տողերը լսելիս: - «Լուրեր կան, որ Սերոբ Վարժապետյանը ողջ և առողջ է և ապրում է հեռավոր Շոտլանդիայում», - գեղեցիկ առոգանությամբ արտաբերում էր կանացի հաճելի ձայնը: Զարմանալիորեն մինչ այդ չէր գտնվել մեկը, որ ուշադրություն դարձներ վիսկին արտահանող երկրի անվանմանը:
- Շոտլանդիայու՞մ, - հերթական անգամ լսելուց հետո հարցադրվեց հայրս ու թեքվեց դեպի ինձ: - Հիշու՞մ ես, անցած ամռանը ընկերներիդ հետ մի շոտլանդացի էր եկել մեր տուն, Ամբերդ գնացինք, լավ տղա էր, մեր համալսարան են հրավիրել անգլերեն դասավանդելու նպատակով: Ուրիշ հնար չեմ տեսնում, պետք է գտնել Ռորիին և ամեն ինչ մեկընդմիշտ պարզել: Հայրս շատ վճռական էր: Անմիջապես հավաքեց Վահանի համարը, պատմեց ամեն ինչ: Մնացածը լոկ ժամանակի հարց էր: Հայրս տուն հասավ ուշ գիշերին, մի տեսակ կոտրված, սակայն ասես ինչ որ ծանր բեռից ազատված: Ռորին ժպիտով ձեռքն էր վերցրել վիսկու ծանոթ շիշը և շոտլանդացու ուղղամտությամբ ասել, որ վիսկու այս տարածված տեսակը իր հայրենիքում արտադրվում է դեռևս տասնիններորդ դարի վերջերից, իսկ հայերեն տառեր հիշեցնող արագագիր հապավումը լոկ հանրահայտ խմիչքի տեղական լեզվով գրված գովազդն է:
Ցնցող նորությունից գլուխներս կորցրած մոռացանք հարցնել Վահանի մասին, հայրս էլ երևի խուսափեց պատմել: Հետևյալ մի քանի օրը տխուր էր, երևի թե դավաճանի դերում էր զգում իրեն: Ինչ արած` հայրս միշտ էլ քաղցր ստի փոխարեն նախընտրում էր դառը ճշմարտությունը:
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |