Եկեղեցական նորակառույց համալիրը յուրահատուկ գիրք է հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, պատմության, նրա ճարտարապետական բազմադարյան արվեստի մասին, որ մեծ հետաքրքրությամբ «ընթերցում են» ամենատարբեր ազգեր ներկայացնող բազմահարյուր ուխտավորներ, համալիր հաճախող շարքային այցելուներ: Մայրաքաղաքի «ճարտարապետական այս նորույթը», ինչպես շատերն են այն հորջորջում , տեսնելու են շտապում ոչ միայն մոսկվաբնակները , այլև մայրաքաղաքի հյուրերը, ովքեր տեղացի ծանոթներից, մամլո աղբյուրներից տեղեկանում են քարե այս սիմֆոնիայի մասին: Բնական է, որ նրանք կարիք ունեն մի ուղեկցորդի, ով պատշաճ կերպով կմեկնի զարդաքանդակները, նրանց խորհուրդը, գոնե համառոտ կներկայացնի հայ ժողովրդի հոգևոր գանձերը: Հաճախ էքսկուսավարի պատասխանատու դերը ստանձնում է դպիր Մհեր Բեկնազարյանը, ով հմուտ է հայոց հոգևոր պատմության ասպարեզում, հստակ տեղեկություններ ունի շինարարության ընթացքի վերաբերյալ:
-Զրույցն սկսում եմ շինարարության պատմությունից: Փորձում եմ ավարտուն ներկայացնել կառույցի ճարտարապետական ոճը: Այն նրանց համար անսովոր է ու անսպասելի: Բառացիորեն աչք ծակող գեղեցկությունը ծնում է հարցերի տարափ, որոնց մեծ սիրով աշխատում եմ ամփոփ պատասխանել: Ես կարծում եմ, թե դժվար գտնվի հայոց պատմություն «դասավանդելու» ավելի դյուրին միջոց: Շրջում ես եկեղեցու չորս բոլորը, իսկ որմնանկարները հուշում են քեզ ասելիքդ: Ունկնդիրներին շատ հետաքրքիր է այս ամենը: Շատերը չգիտեն, որ Սուրբ Գայանեն, Սուրբ Հռիփսիմեն, Վարդան Մամիկոնյանը տոնելի սրբեր են Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից ևս: Հետաքրքիր է նաև տաճարը ներսը. աշխարում սակավաթիվ են կրոնական այն կառույցները, որտեղ կարող եք գտնել Նոյի պատկերը, հայկական եկեղեցիներում այն միանշանակ բացակայում է: Սրբազան հոր մտահղացմամբ մայր տաճարի պատերից մեկին պատկերված է Նոյը: Մարդիկ երկար կանգնում են այս պատկերի առաջ: Հետաքրքիր է դիտվում գրերի գյուտը ներկայացնող որմնանկարը, Սուրբ Էջմիածնի տեսիլքը: Ռուս հավատավորներին ոգևորում է այն, որ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործը հարգելի սուրբ է մեր եկեղեցու համար: Նրա սրբապատկերը անսխալ կարելի է գտնել «Սուրբ Պայծառակերպություն» տաճարում: Ի վերջո, ամբողջ համալիրը իր զարդաքանդակ-որմնանկարներով ձեռքի նրբագույն աշխատանք է: Ես ականատեսն եմ, թե ինչպես մարդիկ փոխվում են, պայծառանում: Ցավոք, մինչ վերջերս հոգևոր-մշակութային այսպիսի շփումներ համարյա բացակայում էին: Շատերն ապակողմնորոշված են սխալ տեղեկություններով մեր ժողովրդի պատմության մասին: Այսօր մենք հնարավորություն ունենք լրացնելու այս բացը, մարդկանց հրամցնել ճիշտը: Այսպիսի հանդիպումներից հետո նրանք մեզ հրաժեշտ են տալիս ոգևորված, համոզված, որ նորից ու նորից այցելելու են համալիր: Շատերի աչքերին արցունք է ՝ այնքան ազդված են լսածով: Նրանցից ոմանք հապաղում են հեռանալ, իրենց տանջող հարցերն են տալիս՝ այն ինչ վերաբերում է անձնական հոգևոր խնդիրներին: Սա ասում է այն մասին, որ մարդիկ սկսում են վստահել, հավատալ, որ այստեղ կստանան իրենց հարցերի պատասխանը: Զարմանալի է, բայց նրանց թվում կան այնպիսիները, ովրքեր ցանկություն են հայտնում որդեգրվել մեր եկեղեցուն: Այս դեպքում ես ասում եմ՝ դուք կարող եք դիմել այդպիսի քայլի, բայց իմացեք, որ, թեև բոլորս մի տանիքի տակ ենք ապրում և խրատը նույնն է, բայց ամեն մի եկեղեցի իր դեմքն ունի, կան ուրույն սովորույթներ, ազգային մտածողություն:
-Ես շատ եմ կարևորում, որ նրանք հասկանան մեր ազգի խառնվածքն ու բնավորությունը. մենք երբեք չենք եղել զավթիչների դերում, չենք ունեցել ամբիցիաներ, կերտել ենք, հարստացրել այն հողը, որի վրա հաստատվել ենք, ցույց ենք տվել մեր շնորհները, նպաստել ենք ամենայն լավի ամրապնդմանը երկրի վրա, ի փառս Աստծո: Մեկ հարց էլ հնչեց.«Դուք այդքան հին ազգ եք, ապա ինչու՞ եք փոքրաթիվ»: Ես ինքս հաճախ եմ մտածում այդ մասին և ունեմ իմ պատասխանը.«Մենք աղ ենք, որ համեմում է կերակուրը»:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |