Суббота, 20.04.2024, 10:30Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՀԱՅԵՐԵՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՆ Է | Сентябрь 2011
«…Փոքրիկ հոտ է Դամասկոսի հայ գաղութը, բայց իր փոքրության մեջ կվառվի և կապրի Էջմիածնի օրհնությամբ, կվառվի, կգոյատևե և իր ծառայությունը կբերե Էջմիածնի ներկայությամբ»:

«Իմ նախնիներն Այնթափից են: Դեռ չեմ եղել այնտեղ, զուտ այն պատճառով, որ հոգեբանորեն պատրաստ չեմ. Այնթափի մեր հզոր «Սուրբ Աստվածածին» եկեղեցին թուրքերը մի ժամանակ վերածել էին ախոռի, ապա դարձրել բանտ…»

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (ավազանի անունով` Հակոբ) ծնվել է 1973 թ. հունվարի 29-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Կիլիկյան ճեմարանում: 1987 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան: 1991 թ. սեպտեմբերին` Խաչվերացի տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ: 1993 թ. ավարտել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը : 1995-2000 թթ. հովվական ծառայության հետ մեկտեղ Նյուրնբերգ-Էրլանկեն Համալսարանում ուսանել է ավետարանական աստվածաբանություն: 1998 թ. նոյեմբերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի բարձր տնօրինությամբ եւ ձեռամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Քյոլն քաղաքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանձնելով Հարավային Գերմանիայի հայ համայնքների հոգեւոր հովվությունը: 2003 թ. դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է «Հայ Եկեղեցւոյ Պատարագը 5-րդ դարէն մինչեւ այսօր» թեմայով վարդապետական թեզը եւ ստացել վարդապետական աստիճան: 2004 թ. ընտրվել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ:

Սեպտեմբերյան արևաշատ օրերին Մոսկվայի հայ համայնքի հյուրն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Սրբազան հայրը Խաչվերացի տոնի օրը Սուրբ պատարագ մատուցեց թեմի առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ որի սիրով պատասխանեց մեր հարցերին:

- Տպավորություններս մոսկվաբնակ հավատավոր մեր հայրենակիցներից ամենահաճելին են, - նախապես շեշտեց Սրբազանը: - Հիացումով ականատես էի, թե նրանք ինչպես են ձայնակցում տեր հայրերին: Ապա ամբողջ եկեղեցին ծնկի իջած աղոթում էր: Ճշմարիտ հավատքի նշանն էր նաև հաղորդությանը ժողովրդի մասնակցելը:

Օտարության մեջ սփյուռքը կարիք ունի խմբակցության: Դա ես տեսա Մոսկվայում: Նոր, հոյակերտ եկեղեցին, որ այսօր կառուցվում է այստեղ, մեզ` օտարի առջև վայելուչ ներկայացնելու կարևոր պայմաններից է: Մենք հավատացյալ ենք, հայ եկեղեցու զավակներ ենք ` դա արժեվորում ենք Սուրբ Էջմիածնով, Արարատով, Սարդարապատով, և ահա, Ռուսաստանի մեջ այս արժեքներին ավելանում է նաև այս հոգևոր կառույցը:

- Սիրիահայերը դարեր ի վեր պահպանել են իրենց ազգային ինքնությունը: Այդ առումով ի՞նչն եք համարում ամենակարևոր գործոնը:


-Սիրիայում հայերն առաջին անգամ հիշատակվում են Տիգրան Մեծի թագավորության շրջանում: Ի սկզբանե հայեր կային Երուսաղեմի սրբավայրերում, Հալեպից ու Դամասկոսից զատ` Լաթաքիայում, Բեյրութում: Երուսաղեմի հայկական պատրիարքության հիմնադրմանը զուգահեռ այս վայրերում հայտնվեցին հայ ուխտավորների համար նախատեսված հոգետներ, ուր նրանք հոգնեցուցիչ ճանապարհորդություններից շունչ էին առնում: Այդ հոգևոր քարավանատները իրենց գոյությունը պահպանեցին ընդհուպ մինչև այս շրջանում հայոց եկեղեցիներ կառուցելը: Եկեղեցիներ կառուցելուն համատեղ ձևավորվեցին համայնքներն ու թեմերը: Դեպի այս տարածքը հայերի ամենամեծ հոսքը արձանագրվեց Կիլիկիայի հայաթափումից հետո: Եվ այսօրվա սիրիահայերը իրենց արմատներով կիլիկեցիներ են: Մեր նախնիները ավանդապահ էին, ինչ կարելի է առանց ձեռնապահության ասել նաև նրանց ժառանգների մասին: Մեզ հաջողվեց կազմակերպել մեր ազգային-եկեղեցական կյանքը, մեր շինարար ու խաղաղասեր նկարագրով կարողացանք վայելել տեղաբնակների հարգանքը: Դամասկոսի «Սուրբ Սարգիս» եկեղեցին, օրինակ, գործում է 15-րդ դարից ի վեր: Այն, ըստ մի ձեռագրի հիշատակարանի արձանագրության, կառուցված է 1445 թվականից առաջ:

Ավանդույթն ասում է, որ Հայոց Աբրահամ պատրիարքը մեծ պատվիրակությամբ Երուսաղեմից գալիս է հոգևոր առաջնորդ Մուհամեդ մարգարեի մոտ: Վերջինս պատմական մի hրամանագրով մեր հայրենակիցներին է շնորհում կալվածքներ, վանքեր, այդ թվում կալվածներ Դամասկոսում:

-Ինչպե՞ս եք տեսնում սիրիահայ համայնքի ապագան:

-Հայության գոյությունը արտերկրում նոր երանգ ու գույն ստացավ Հայաստանի անկախացումից հետո:
Պատկերացնու՞մ եք, թե ինչքան հպարտալի է հայկական դեսպանատների իրողությունը: Հայ լինելու սփյուռքահայի զգացողությունը լրացվու՛մ է մեր անկախ պետության առկայության գիտակցությամբ: Մեր նկարագրին արդեն քսան տարի է շաղախել ենք Հայաստանի իրական, իրավական գոյությունը:
Ցավոք, խոստովանենք, որ հայերենի ուսուցումը թուլացնելու տենդենց ևս կա: Այս դեպքում կարևորվում է եկեղեցու, հասարակական, մշակութային, մարզական կառույցների դերը, նրանց ակտիվությունը: Սիրիայում այսօր մենք ունենք ամենօրյա դպրոցներ, ուր պետական ծրագրերին հավելյալ մեր աշակերտները ուսուցանում են հայոց լեզու և հայ կրոն: Այս դպրոցները, վայելելով մեր եկեղեցու, ազգային միությունների ու կազմակերպությունների աջակցությունը, շատ ավելի բարձր մակարդակ ունեն, քան պետական այլ դպրոցներ:

- Գիտենք, որ վերջին տարիներին սիրիահայ տասնյակ ընտանիքներ հաստատվել են Հայաստանում: Ի՞նչ լուր ունեք նրանցից:

- Արձագանքները լավ են: Ի վերջո, բոլորի Հայաստան գնալու դրդապատճառը հայրենասիրությունն է: Անկախության առաջին տարիներին իսկ գտնվեցին սիրիահայ ընտանիքներ, որոնք իրենց ապագան կապեցին Հայաստանի հետ: Եթե քսան տարի առաջ, անկախության դեռևս առաջին օրերին մայր հայրենիք ներգաղթած հայերն ունեին հոգեբանական որոշակի անջրպետ, ապա այսօր նման խոչընդոտները կամաց-կամաց վերանում են:

- Վերադառնանք անցյալ`1987 թվական: 14-ամյա հալեպահայ փոքրիկ Հակոբը առաջին անգամ ոտք է դրել մայր հայրենիք` ուսանելու Գևորգյան ճեմարանում…

- Հալեպից հայրենիք ուղևորվեցինք չորս տարեկիցներով` մանկական երազներով, ուրախություններով լի: Հայաստանը մեզ համար «երկիր դրախտավայր» էր, ուր բոլորն ապրում էին բարու և սիրո մեջ: Գիշերը որոշեցինք չքնել` Հայաստան ենք եկել` առաջին արևը պիտի տեսնե՞նք, թե՞` ոչ: Դե` փոքր էինք, քնով ընկանք, բայց, այնուամենայնիվ, արևածագի վերջին շողքերը տեսանք: Հաջորդ օրը ման էինք գալիս Էջմիածնում ու զարմանում` բոլորը, թե՛ ոստիկանները, թե՛ հեռուստատեսիլից ելույթ ունեցողները, հայերեն են խոսում: Շատ հարուստ տպավորություն էր: Իսկ ամենաանմոռանալին ու հուզիչը կաթողիկոսի առավոտ կանուխ Մայր տաճար ընթացող թափորն էր և, իհարկե,՛ Արարատը: Ավարտեմ խոսքս հետևյալ մտքով. Ես բնավորությամբ, հոգով ուրիշ կլինեի, եթե Արցախյան գոյամարտի ու Հայաստանի անկախության ականատեսը չլինեի…:Երբ ինքդ քեզ արժեքավորում ես, օտարներով և օտարությամբ չե՛ս հրապուրվում: Հայերենն իմ կյա՛նքն է` ահա ի՛նչ կասեմ ձեզ:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1924

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am