Արսեն Հարությունյանը մոսկվաբնակ մեր երիտասարդ հայրենակիցներից է: «Հայորդյաց տան» ավագ սաները նրան լավ են հիշում: Հայրենասեր, բարի, խանդավառ՝ ամառային արձակուրդներին սիրով միանում էր հայկական եկեղեցական կառուցվող համալիրի շինարարներին, որպեսզի մասնակցություն բերի այդ նշանավոր կառույցի շինարարական աշխատանքներին: «Խաչակիր»՝ այդպես են նրան կանչում ընկերները: Արսենը հստակ տեսնում է իր ապագան՝ այն կապվելու է հայրենիքի հետ, միայն ու միայն մայր Հայաստանի հետ, ու ապագայի այդ ճանապարհը սկսվելու է հայկական բանակում ծառայությունից: Այսօր նա հայկական բանակի զինվոր է, պաշտպանում է Լեռնային Արցախի սահմանները ոչ այնքան բարի տրամադրված «դրացիներից»: Ծառայությունը պահանջում է ոչ միայն մշտական զգոնություն ու ուշիմություն, այլև անսահման ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: Խաչակիր Արսենը այս հատկանիշների պակասը չունի: Իր ընկերոջ ու գաղափարակցի մասին հպարտությամբ պատմում է «Հայորդյաց տան» լավագույն սաներից Սերգո Պետրոսյանը:
-Իմ թանկագին ընկերը պարտքը տալով մեր հող ու ջրին, հպարտ ծառայում է հայրենիքին: Երբ խոսում եմ նրա հետ, ասես բոց ու կրակ լցվի շուրջս, քաջության , աննկունության կրակը, որ մեր ազատամարտիկների ու ֆիդայինների հոգում էր: Այնքան ոգեղեն ու հպարտությամբ լի են նրա պատմությունները իր դժվար, բայց պատվելի ծառայության մասին, որ համոզվում ես՝ այսպես խոսում են, զգում են միայն այն ժամանակ, երբ իրականացած են տեսնում մանկության երազանքը:
Մենք վաղուց գիտենք իրար՝ գաղափարի ընկերներ ենք: Մեր միտքն ու գաղափարը, նպատակը ազատ երկիր, քրիստոնյա, հզոր Հայաստան տեսնելն է: Ավագ սերժանտ Արսենը իր պարտաճանաչությամբ, ծառայությանն իր նվիրվածությամբ շահել է զինակից ընկերների սերն ու հարգանքը:
Ամռանը «Հայորդյաց տան» սաներով ուխտագնացության էինք Հայաստանում, ու ինձ հաջողվեց հանդիպել նրա հետ: Նրա աչքերի կրակն ինձ հուշեց, որ հայրենիքի սերը նրա մեջ ամրապնդվել ու կրկնապատվել է: Հայոց բանակը կոփել, ավելի ամրացրել է նրան: Նստեցինք, ինչպես առաջներում, զրուցեցինք, խոսեցինք, թե հայրենիքի մասին այսօր ինչքան առողջ են մտածում Հայաստանում ապրող մեր հասակակիցներից շատերը, իհարկե, անդրադարձանք «ծովից ծով» Հայաստանի պատմությանը: Փառք աստծո, նրանք, ովքեր իրենց փոքրոգությունն արդարացնելու համար չարախոսում են հայոց բանակի մասին, առանձին թերություններից կառչում են, մեծամասնություն չեն: Թող Արսենին ու նրա ընկերներին հարցնեն , թե ինչ ասել է հայրենիքին պարտքը տալը: Արսենը ողջույններ հղեց մոսկվաբնակ հայերին, ասելով, որ շատ կուզեր, որ նրանք վերադառնային հայրենի օջախ:
Իմ սիրելի ընկերոջ մասին կարող եմ անվերջ խոսել ու պատմել: Մի ցանկություն ունեմ՝ միշտ նրան ու մյուս հայ զինվորներին տեսնել՝ աջ ձեռքում հայրենիքի պաշտպանի զենքը, իսկ ձախը՝ հայոց անկախ դրոշի վրա:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |