Այդ խոսքերն իրավամբ կարելի է ուղղել հենց իրեն` Սիլվա Կապուտիկյանին, բոլորիս սիրելի տիկին Սիլվային, պարզապես Սիլվային: Անանց հուզմունքով եմ հիշում ու կարդում նրան: Եվ եթե անգամ կյանքումս առիթ ունեցած չլինեի նրան տեսնելու, զուրկ լինեի նրա հետ հաղորդակցվելու երջանկությունից, միևնույնն է` այդ հուզմունքը ինձ մշտապես կուղեկցեր և ուղեկցում է առ այսօր:
Այո, նա մեծ բանաստեղծ էր, հայ գրականության դասական կյանքի օրոք: Ես շատ եմ սիրում նրա պոեզիան: Բայց ինձ` կյանքումս երկրորդ անգամ սփյուռքահայ դարձածիս համար (ծնված Բեյրութում, մեծացած Երևանում և կյանքի մեծ մասը ապրած Մոսկվայում) նրա քաղաքացիական, հայրենասիրական, հայապաշտպան ու հայապահպան գործունեությունը բացարձակապես անհրաժեշտ է: Երբ քսան և ավելի տարիների համայնական գործունեության ընթացքում հանդիպում ես թևաթափող դժվարությունների, երբ քո գործունեությունը հեշտությամբ համարում են սիզիփոսյան աշխատանք, երբ լավագույն դեպքում կարմրատակելով բացատրում ես. "Մեկնումեկը պե±տք է այդ հարցերով զբաղվի", արժե մի որևէ հատված կարդալ Սիլվայի ուղեգրական հուշերից, հոգեկան դիմադրողականությունդ բարձրացնելու նպատակով:
Նրա հուշերից քո առաջ հառնում են Սփյուռքի համայնական կյանքի շինականներն ու զորականները և ոչ թե հաճախ իրենք իրենց զորավար համարողները`: Եվ այդ բոլորը կինոժապավենի կադրերի պես հստակ ու խոսուն անցնում են աչքերիդ առաջ: Եվ երբ կարդում ես այդպիսի "մեկնումեկերի " գործունեության մասին, ուժերդ կրկնապատկվում, տասնապատկվում են: Կասկածից վեր է, քանի գոյություն ունի Սփյուռքը, աշխարհասփյուռ հայ գաղութներ այցելած Սիլվա Կապուտիկյանի ուղեգրական հուշերը կարելի է ուսումնական ձեռնարկի հետ համեմատել:
Անձնական հուշերս
Սիլվա Կապուտիկյանին հիշում եմ 1965 թվականից: Մինչ այդ նրան գիտեի լոկ տեսականորեն, նրա ստեղծագործություններից: Մի քանի ամիս առաջ ավարտել էի բժշկական ինստիտուտը և մայիսին մեկնելու էի Մոսկվա, որտեղ ինձ սպասում էր ասպիրանտուրան ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիօոլոգիայի ինստիտուտում, նրա հիմնադիր ու տնօրեն Էզրաս Հասրաթյանի լաբորատորիայում: Մեկնում էի, բնավ չպատկերացնելով, որ դրանով սկսվում է իմ մոսկովյան կյանքի շրջանը, որ տևում է մինչ այսօր:
Այնպես ստացվեց, որ ես մեկնելուց առաջ մասնակից եղա խորհրդային "խաղաղ", "երջանիկ " ու չափված-ձևած կյանքի հետ անհամատեղելի, խորհրդային ժողովրդի բացարձակ մեծամասնության համար անսպասելի ու անհասկանալի այն իրադարձությանը, որ տեղի ունեցավ Երևանում:
Ապրիլի 24, 1965 թ.: Նրանից մի քանի ամիս առաջ ուսանողական միջավայրում փսփսում էին` ով այդ օրը դուրս չգա փողոց, նա հայ չէ:
Եվ դա եղավ իմ կյանքի երևանյան շրջանի վերջին և ամենագլխավոր, անմոռանալի իրադարձությունը, երբ ես անմիջականորեն շփվեցի, առնչվեցի իմ ժողովրդի երբեք չսպիացող վերքի հետ:
Այդ օրվա իրադարձությունները հիշում եմ ծվեն-ծվեն: Եվ չեմ ուզում փնտրել ու գտնել ուրիշների պատմածները իմ հուշերը լրացնելու համար:
Խորհրդային իրականության երկար տասնամյակների համար նոր, անսովոր երևույթ: Լենինի հրապարակը լեփ-լեցուն է: Ժողովուրդը լիքն է հրապարակին հարող փողոցներում: Առաջին անգամ հավաքվել են հիրավի կամավոր…
Վերևում, բարձրաբեմում, Լենինի արձանի հովանու տակ կանգնած են կուսակցական և կառավարական գործիչները: Այդտեղ են նաև ստեղծագործական մտավորականության ներկայացուցիիչները:
Երիտասարդության մեծամասնությունը նստած է ասֆալտին, խորհրդային կուռքի հուշարձանի առաջ: "Արմենիայի" պատուհաններից նկարում են "ինտուրիստները "…
Տարիներ հետո, այդ օրից 45 տարի անց ես պատիվ ունեցա նորաստեղծ ռուսալեզու "Անիվ" ամսագրի առաջին համարի առաջին էջերում պատմել այդ օրվա իմ անձնական հուշերը, այդ թվում և Սիլվա Կապուտիկյանի մասին (Анив, 2005, № 1): Այդ օրը լսեցի երկու հայ գրողների անմոռանալի ելույթները: Սերո Խանզադյանին անկասկած խնդրել էին ելույթ ունենալ, հոծ բազմության վարքը "սահմանների մեջ դնելու" համար: Խոսելու ընթացքում, աստիճանաբար բորբոքվելով, նա սկսեց բղավել. "Վրե'ժ: Մեր նահատակների արյունը վրե'ժ է պահանջում… ": Փորձեցին նրան "սանձահարել": Երևում էր, թե ինչպես հագուստի փեշերն էին քաշում.. Հրապարակն սպառնալիորեն բարձրացավ…
Պանթեոնում ելույթ ունեցավ Սիլվա Կապուտիկյանը: Ես նրան տեսա և լսեցի առաջին անգամ, և այդ օրից նա ինձ համար դարձավ Մայր-Հայաստանի խորհրդանիշը…
Շարունակելի...
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |