Ազգային բարերար Էդուարդո Էռնեկյանը Հունվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ այցելեց Մոսկվայի հայկական նորակառույց եկեղեցու համալիր, ծանոթանալու այս շքեղ կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Հայրենասեր գործարարը իր հիացումն արտահայտեց, տեսնելով կատարվածը:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մեզ առավելապես հայտնի է որպես «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր: 2004 թվականին նա հիմնավորապես վերանորոգեց ազգային հույժ կարևորություն ունեցող այս հիմնարկը և ձեռնարկեց նոր մասնաշենքերի կառուցմանը: Այս աշխատանքների շնորհիվ ուղևորների հոսքն ավելացավ գրեթե 60 տոկոսով, իսկ օդանավակայանի սպասարկման ոլորտի որակական փոփոխությունների մասին կարող է դատել մեզանից յուրաքաչյուրը, ով գոնե մեկ անգամ վերջին տարիներին այցելել է հայրենիք:
2004թ.-ին Արմավիրի շրջանի Բաղրամյան եւ Արեւաշատ գյուղերի հարեւանությամբ գտնվող 2300 հեկտար անմշակ հողատարածքի վրա հիմնված «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում, որի սեփականատերն է արգենտինահայ գործարարը, տնկվել է 100 հա խաղողի այգի, ընթացքի մեջ է ևս 150 հա-ի հիմնումը: 2011թ.-ին նախատեսվում է հիմնել 100 հա, իսկ ընդհանուր առմամբ` 1000 հա խաղողի այգի: Այսօրվա դրությամբ ընկերության փաստացի ներդրումները կազմում են 37 մլն ԱՄՆ դոլար. ստեղծվել է 400 մշտական և շուրջ 200 ժամանակավոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Իսկ առաջիկա 5-6 տարիների ընթացքում նախատեսվում է նոր այգիների հիմնման նպատակով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն դոլարի ներդրում: Այդ տարածքների մոտ 80 տոկոսն արդեն դարձել է մշակովի, իսկ մնացած 20 տոկոսը, որ անպիտան են գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար, կծառայեն ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Նշենք, որ այստեղ արդեն գործում է նոր ջրամբարը, որտեղ հատուկ միջոցների կիրառմամբ` բացառվում է ջրի անգամ ամենաչնչին արտահոսքը, իսկ շնորհիվ այվ բանի, որ օգտագործվում է այգիների տարածքի բնական թեքությունները` ապահովվում է ջրի և էներգիայի սպառման առավելագույն արդյունավետություն:
Վերջերս հայտնի դարձավ, որ Էդուարդո Էռնեկյանը ֆինանսներ է հատկացրել վերականգնելու Գյումրիի ներկայիս ավերակ Գալվանոմետրերի գործարանում գտնվող Մինասի «Մանող աղջիկները» որմնանկարը: Աշխատանքներն ավարտելուց հետո այն կտեղափոխվի «Զվարթնոց» օդանավակայան:
|