Суббота, 20.04.2024, 15:52Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԳՆԱՑԻ ՊՈԼԻՍ, ՀԱՅՏՆՎԵՑԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ | Апрель 2014

Վերստին Ապրիլի քսանչորսն է: Անմեկնելի զգացումներ են հոգումս, ինչը բարձրաձայնելը, ինչի մասին խոսելը տարիների հետ թվում է ավելի ու ավելի անկարելի: Նախանձում եմ նրան, ով հաշիվը փակել է անցյալի հետ, ում հոգին վարակված չէ  հարազատի խոշտանգված ճակատագրի անանց ցավով, ով կարողանում է վայելել անթալյաների ծովն ու բնությունը՝ դրանց այսօրվա բնակիչներին համարելով քաղաքակիրթ, բարի, անչար…-Որդին հոր համար պատասխան չի տալիս,- կասկածում եմ…

Երկար ինքնահամոզումից հետո տեղի տվեցի և որոշեցի այցելել Պոլիս, այո՛, Պոլի՛ս, ո՛չ Ստամբուլ. դե՛, ասում են,  բարեկիրթ եվրոպական քաղաք է՝  հրաշալի բյուզանդական հուշարձաններով, ի վերջո, հայկական հուշարձաններ էլ կան. կայցելեմ «տառապյալ, վշտաբեկ ու վաղամեռիկ» Պետրոս Դուրյանի շիրիմին՝ Սկյուտարի գերեզմանատանը, կքայլեմ Բերայով, կփնտրեմ Ծաղկի փողոց թիվ 2-ը: Մարդ արարածի թերություններից է՝ ուզածին հասնելու համար մի դյուժին «արդարացնող հանգամանքներ գտնել»…  Եվ, ահա, Պոլսում եմ, ո՛չ, ո՛չ՝ Ստամբուլում: Սրանք ամենևին զգայացունց խոսքեր չեն: -Այսպիսի ընդգծված օտարություն, գարշելի խորթություն չեմ զգացել աշխարհի որևէ այլ անկյունում: Ցնցող է միանման մզկիթների առատությունը, ուր քո մուտքը , ի տարբերություն ուղղափառ մուսուլմանների, այլ դռնից է, հետն էլ՝ ձմեռվա ցրտին ճտքակոշիկներդ պիտի հանես, բոբիկ քայլես: Մզկիթների վերածված, մինարեթներով կցորդված բյուզանդական խեղճացած եկեղեցիներ են, որոնցում մոլագար վայրենին վայրագորեն ոչնչացրել է քրիստոնեական բովանդակության շքեղ խճանկարները, ու հիմա, արդեն, իբր թե «քաղաքակրթված», փորձում է վերականգնել դրանց խղճուկ մնացորդները: Օդը խտանում և տարածությունը ասես չքանում է, երբ նամազի ժամերին դրանցից խենթացնող ուժգնությամբ, մինարեթներին ամրացրած բարձրախոսներից  դիսոնանսով  դուրս է ժայթքում մոլլայի աղոթքը: Առաջին վայրկյաններից քարանում ես, փորձում շունչդ տեղը բերել, հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Ապրածդ սարսուռը երկար չի վերանում, որպեսզի հիշես, թե ու՛ր ես ընկել: Աչքից հեռու, վարպետորեն թաքցված, ավելի ուշ կառուցված շենքերի մեջ շրջափակված 19-րդ դարի հայկական մի եկեղեցու հանդիպեցի: Համառորեն փորձում էի գտնել մուտքը, համառորեն ոչ ոք չէր ցանկանում մատնանշել այն: Վերջապես հայտնաբերեցի: Հայ պահակը առանձնապես չընդարձակվեց ինձ հետ, հակառակը՝ զգում էի, թե ինչ անհամբեր է, որպեսզի հեռանամ. վախեցած նայում էր գործընկերոջը, որ թուրք էր և ակնդետ հետևում էր մեր խոսակցությանը: 

Անպատժելիության գործոնը այնքան ինքնավստահ է դարձրել սրանց, որ որևէ փաստարկով փորձել կոտրել անպարտելիության և ընտրյալ լինելու համոզումը՝ անհնարին է: Տեսե՛ք, վայելում են այն, ինչ իրենցը չէ, ինչի համար կաթիլ մի քրտինք  չեն թափել, հակառակը դրանց տերերի արյունն են թափել:

-Նախկիննե՜րը չեն,- առարկում են ինձ: -Համաձայն եմ. Դոլմաբահչեի հոյակերտ պալատի այցելուներիս համար կիսագրագետ էքսկուրսավարները  հպանցիկ հիշատակում են, որ այն կառուցել է արքունի ճարտարապետ, ազգությամբ հայ, թուրքահպատակ Պալյանը: Այսքանը՝ և՝ի՞նչ…

 Ամենօրյա իմ ճանապարհը Ստամբուլի հնագիտության թանգարանի կողքով է. այստեղ հազվագյուտ ցուցանմուշներ են, ուրարտական մեր անցյալից ևս. կգտնե՞մ արդյոք որևէ հիշատակություն այդ գանձերի իսկական տերերի մասին…Ապարդյուն փնտրտուք…Իրե՛նցն է: Սինան ճարտարապետի կառուցած մզկիթ-դամբարաններ, երբեմնի հայաշատ թաղամասերի՝ հին լուսանկարներից մեզ ծանոթ շենքեր, Պատմական Հայաստանի քաղաքների անուններով  թուրքատառ ազդագրեր՝ Վան, Կարս, շուկայում վաճառվող Էրզրումի պանիր… Այս քաոսային քաղաքում, որտեղ մարդիկ չեն էլ ժպտում, ամեն ինչ է հիշեցնում հայի  անամոք ցավը:

Զավեշտային է դամբարանների առատությունը: Եվ պե՞տք է այնպես պատահեր, որ հենց կենտրոնում հայտնվեի Սուլթան Համիդի դամբարանի կողքին, կամ թե պանթուրքիզմի մոլեռանդ գաղափարախոս Զիա Գյոքալպի ու Աթաթուրքի «սխրանքակից», ֆեմինիստ հորջորջված, հայ որբերին մասսայաբար թրքացրած Խալիդե Էդիպ Ադիվար Խանումի մահարձանների մոտ՝ի դեպ, ժաղիկների մեջ թաղված:

Գրախանութում գրքեր եմ  նայում: Վաճառողները անթաքույց հետաքրքրությամբ հետևում են:  Ինչ-որ նախադասություններ փոխանակեցինք: Հետո նրանցից մեկը ընդգծված հարցրեց ազգությունս. պատասխանեցի,  մեռելային մի լռություն տիրեց սրահում, արդեն ինձ չէին նկատում: Պատճառն ավելի ուշ հասկացա.  պետական նպատակաուղղված քաղաքականություն  և գաղափարախոսություն՝ թուրքերից շատերի մոտ «հայ» անունը քամահրանք  է առաջացնում, զգուշանալու տեղիք տալիս:

Այցելությանս վերջին օրն է, ինքս ինձ ստիպելով՝ մտնում եմ հայկական գորգերով լեցուն թանգարանային սրահը: Դարձյալ նույն հարցը՝  -ինչ ազգից եք՞,-պապս  վանեցի էր, -ասացի:

- Հա՞յ եք,- շինծու  աշխուժությամբ արձագանքեց այս մեկը,- բարի գալու՜ստ մեր երկիրը:

Բառերը բռունցքի պես իջնում են ուղեղիդ,  թեև, ո՞վ գիտե, միգուցե այս մեկը այն հատուկենտներից է, ով տեղյակ է դարասկզբի ողբերգությանը:

Արամ ՊԵՏՐՈՍՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1585

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am