«Ի ծննդե ես կապված եմ իմ արմատներին: Պարսկաստանում ապրածս տարիներին հայացքս միշտ դեպի Հայաստանն էր: Պապս առավոտ կանուխ արթնանում էր և արևածագին հաստատ պիտի երգեր «Առավոտ լուսոն»: Շատ հետաքրքիր արարողություն էր. մարդը պաշտում էր այն հզոր արևը, որ կենաց սկիզբն է: Պապս Արևելք նայելու փոխարեն թեքվում էր դեպի Հյուսիս: Մի անգամ հարցրեցի՝ «Ինչու՞ ես Հյուսիս նայում»: Պատասխանեց. «Մեր Արևելքը Հյուսիսն է, ուր Հայաստանն է՝ մեր երկիրը: Այս նախադասությունը կրթական նախադասություն է: Ամբողջ իմ կյանքի ընթացքում այս նախադասությունն է ինձ մղել դեպի Հայրենիք: Իմ ոտքը այս հողի վրա շատ ամուր է»:
Մինչ Հայրենիքում վերջնականապես հաստատվելը իրանահայ ավիաինժեներ Ավո Հովհաննիսյանը հավաքել է աշխարհասփյուռ հայ հոգևոր արժեքները միակ մի միտումով՝ դրանք վերադարձնել Հայաստանին, կենտրոնացնել Հայրենիքում, քանի որ «այդ արժեքները ուրիշ տեղում փրկված չեն և ժամանակի ընթացքում դառնում են օտարի սեփականություն»: Ավոն ինքը իր ընտանիքի հետ Հայրենիք վերադարձավ իր տոհմի ՝ Նախիջևանից Շահ Աբասի կողմից Պարսկաստան՝ Նոր Ջուղա տեղահանվելու ճիշտ չորսհարյուրամյա տարեդարձին, 2003 թվականին:
«Առաջին անգամ Հայաստան եկա 1986-ին, Մատենադարանի հրավերով, 46 տարեկան հասակում: Շատ բարձր տպավորվեցի: Իհարկե՛, մարդիկ այն տարիներին այլ էին, ավելի հանգիստ, ավելի զբաղված էին: Առավելություններ կային՝ կրթական, մարզական, մշակութային շատ մեծ միջավայր էր: Ինչ խոսք, շուկայական հարաբերությունները փոխեցին իրավիճակը: Այսօր հոգևոր սնունդ ստանալու համար դժվարին պայմաններ են: Մարդը չկարողանալով ստեղծել ամենահասարակ կենցաղային բարեկեցությունը իր և իր ընտանիքի համար, չարանում է, չի հաշտվում մյուսների հետ, փնտրում է մի աղբյուր, որ պահպանի իրեն, իր ընտանիքը, սկսում է հոգեբանորեն փոխվել: Այդ տագնապն ու հոգեկան անառողջ վիճակը ծնում է այն անհամերաշխությունը, որ մեր հասարակություն մեջ է տիրում: Եթե մարդ իրեն չի ճանաչում, նրա համար միանշանակ տարբերություն չկա, թե որտեղ և ում կողքին է ապրում:
Օտարամոլությունը շատ է խորացած և արմատացած մեր հայրենակիցների մեջ, եթե սրան ավելացնենք նաև հայրենասիրության պակասը, ապա պատկերը շատ տխուր կլինի: Այս կարևոր հանգամանքներին պետք է փոքրուց, դեռևս մանկապարտեզից ուշադրություն դարձվի, որպեսզի եկող սերունդը այս տարածքը իրենը զգա: Գրեթե ստրուկի կարգավիճակը, գոյությունը պահպանելու համար, ուզած-չուզած՝ մեր իշխողին հպատակվելը շատերի մոտ դարձել է բնավորություն: Այս խնդիրները լուծելի են՝ ինչպես մտել են մեր մեջ, այնպես էլ կարելի է նրանցից ձերբազատվել՝ անկարելի բան չկա: Հայրենասիրություն, ազգասիրություն, իրար սիրել. սրանք արժեքներ են, որոնց վերադառնալը մեծ փոփոխություններ կբերի. այսպիսի հարևաններով շրջապատված այս տարածքի մեջ միայն ա՛յս գործոններով կպահպանենք մեզ: Փախուստով ոչինչ չի՛ ստացվի, դա լուծում չէ՛: Օտարամոլությունը ազգային հիվանդություն է: Թվում է, թե չորսհարյուրամյա պատմություն ունեցող, ամուր հիմքերով պարսկահայ գաղութը հայապահպանման դրական օրինակ է : Բայց դա միայն պատրանք է: Մեր ազգը մշտապես մարդկային է մտածել, բայց մեր շրջապատը, մասնավորապես իսլամական աշխարհը կտրականապես այլ կերպ է վարվել: Ինչ խոսք, դրան նպաստել է նաև կրոնական ֆունդամենտալիզմը: Իսկ մենք, արի ու տես, օտարներին մեզանից բարձր ենք գնահատել: Դա ճիշտ չէ: Ցանկացած այլ երկրում, վերջին հաշվով, մեր հայրենակիցը երկրորդ կարգի մարդ է: Եթե մենք մանկուց իմանանք մեր արժեքը այսպես չենք վարվի ու մտածի: Մենք խեղճանում ենք, չիմանալով մեր պատմությունը, անմիջապես հանձնվում ենք գայթակղություններին: Այսօր մերոնք լքում են նաև Պարսկաստանը: Գաղութում ընդհանուր առմամբ 30 հազար հայ է մնացել: Բոլորի վերջը Հայրենիքն է, ապա ոչ՝ ուծվելու ենք, ինչ կատարվեց ամերիկահայության առաջին հոսքի հետ: Ցավոք՝ նրանցից քչերն են պատմական հայրենիք վերադառնում: Սա կարելի է բացատրել թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Պետք է վերջ տալ Հայրենիք վերադառնալու կուսակցական քարոզներին: Մարդիկ գալիս են ինչ-ինչ ակնկալիքներով, չստանալով սպասվածը՝ փախչում են, այս անգամ՝ մեկընդմիշտ: Ճիշտն այն է, որ հայրենադարձվելիս որևէ ակնկալիք չունենաս, բավարարվես միայն ոտքդ քո հողի վրա դնելով, մինչև ապագա ստեղծես: Ես այսօր միայն մտածում եմ՝ մի ծուխ ավելացնեմ մեր երկրում: Ուրիշ անելիք չունեմ, իսկ քաղաքականությունը ինձ չի հետաքրքրում: Եթե մարդ կուսակցական գաղափարախոսությամբ է մեծանում, նրա մեջ չի ամրանում հայրենասիրությունը: Եթե անպատասխանատու այս վիճակը շարունակվի, մենք ոչ միայն լեզուն, այլ այս փոքրիկ հողակտորն էլ կկորցնենք, որովհետև ամբողջ աշխարհը այս փոքր տարածքը առանց հայերի է սիրում: Սա նոր պատմություն չէ. մենք խանգարել ենք նրանց իրենց ստրատեգիայում, որովհետև մենք այլ կերպ ենք մտածել: Մեր ժողովուրդն ունի մի մեծ հատկություն. ամենասպառված ժամանակ մեկ ծիլ է դուրս գալիս և շտկում է ամեն ինչ: Այդ մեկ ծիլը մենք միշտ պահեստում ունենք: Ես երբեք չեմ համաձայնի, թե սպառվել ենք: Եթե հոգեբանորեն ձգտում ես մի բանի՝ անհնար է չհասնել: Նպատակաուղղված էներգիան բազմապատկված վերադառնում է քեզ:
Ավոն Հայաստանում հասցրել է լինել գրեթե ամենուր: «Անհրաժեշտ է ճանաչել այն տարածքը, ուր ապրում ես, ծանոթանաս տեղացիների հետ. դա շատ հետաքրքիր է: Եթե այս ամենը չիմանաս՝ ապրելդ ավելորդ է:Ամենուր բուն ժողովրդի ապրելակերպն է ինձ հետաքրքրել: Այդպես է փոխվում մարդու մտահորիզոնը:
-Մարդս ունի միակ առաքելություն. ապրել, ստեղծագործել, նոր սերնդին կյանք տալ, իր Հայրենիքը զարգացնել: Սովորական մարդը, որ օժտված չէ ինչ-ինչ շնորհներով, թող մի հատ ծառ տնկի: Ես ինքս իմ Հայրենիքում մի ամբողջ այգի՛ են տնկել:
ՀԳ. «ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ»
Մայրական պապուտատիս տան պատից կախված էր շրջանակի մեջ առված մագաղաթե մի թերթ՝ Ավետարանից: Վաճառական պապս այն ձեռք էր բերել Հնդկաստանում. շուկայում տեսնում է մագաղաթե այս կտորը, որի տերը չգիտեր անգամ, թե ինչ է այն: Հինգ ոսկով պապս գնում է և աչքի լույսի պես պահում: Օրերից մի օր պապիս դիմեցի այն ինձ նվիրելու խնդրանքով: «Ի՞նչ ես անելու»,-հարցրեց նա: Պատասխանեցի, թե՝ կուղարկեմ Հայաստան՝ Մատենադարան: Պապաս կանչեց տատիս ու «պատվիրեց». «Եթե ես շուտ մահանամ, իմացիր՝ այս մագաղաթն Ավոյինն է, եթե դու՝ ինքս կտամ»: Տարիներ անց տատիս ձեռքից ստացա 12–րդ դարի ձեռագիր այդ մագաղաթը, որը հանձնեցի այդ օրերին դասախոսություններով Սպահանի համալսարանում հանդես եկող Մատենադարանի աշխատակցին: Նրա հետ ինձ ծանոթացրեց ապագա Գարեգին Առաջինը, որ այդ ժամանակ Թեմի Առաջնորդն էր, իսկ ես կրում էի Նոր Ջուղայի թանգարանի տնօրենի պաշտոնը: Հոգևոր Հայրն ասաց. «Հանդիպման գալիս հետդ վերցրու այն, ինչ ուզում էիր նվիրել Հայաստանին»:
Գրառեց՝ Հասմիկ ԶԱՔԱՐՅԱՆ
՛՛՛՛2012 թվականին հրատարակված այս գիրքը ներկայացնում է հավաքորդ և նվիրատու Ավո Հովհաննիսյանի 40 –ամյա գործունեությունը, մասնավորապես՝ Նոր Ջուղայից մեծ դժվարություններով Հայաստան տեղափոխած և Հայրենիքի հոգևոր –մշակութային, գիտական, ուսումնական կենտրոններին նվիրաբերած նրա հավաքածուները, նվիրատվությունները, որոնք գիտական, ճանաչողական անգնահատելի արժեք ունեն: «Ես հստակ գիտակցում էի, որ մեր սեփականությունից դուրս այս արժեքները օտար երկրում կորչելու են: Ինչքան կարողացել եմ՝ հավաքել եմ, ինչ չեմ կարողացել՝ լուսապատկերների եմ վերածել»:՛՛՛՛
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |