Пятница, 19.04.2024, 18:46Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԻՄ “ՀԱՅԿԱԿԱՆ” ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ | Октябрь 2009
Գրիգոր Ալեքսանյան

Իմ մանկական "հայկական” հիշողությունները… Դրանք սակավաթիվ են և պատառոտված… Ահա պապս, դեռևս երիտասարդ, իր առաջնեկ, հինգ-վեցամյա  թոռանը սովորեցնում է հայերեն ոտանավորներ: Տարիներ անց միայն իմացա արտասանածս առաջին հայերեն բանաստեղծության վերնագիրը: Թումանյանի հանրահայտ "Անբախտ վաճառականներն” էր: Բացառությամբ  այն հատվածի, ուր նկարագրվում է, թե ինչպես  ծովում կորչում  է խեղճերի ունեցած-չունեցածը, մնացյալը չեմ հիշում:

 Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ... ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով…

Ինչպես գիտեմ, այս ստեղծագործությունը բավականին երկար է: Բայց այդ օրերից հրաշքով պահպանված  հին մագնիտաֆոնի ժապավենը վկայում է, որ արտասանում էի ամբողջությամբ, թեև այդ տարիքում հայերեն չգիտեի: Պապս շատ թե քիչ  բացատրել էր արտասանածիս բովանդակությունը, մասամբ թարգմանել էր ռուսերեն` այդ լեզվով պատմություններ անելու անկրկնելի ընդունակություն ուներ: Ապա, թե ինչպես կարող էր մոսկվաբնակ, ռուսերեն մտածող փոքրիկ տղեկը այսպես հուզումնալի ներկայացնել բավականին դրամատիկ այս ստեղծագործությունը:   Անհավատալի է, սակայն կա անհերքելի ապացույց` մագնիտաֆոնի ժապավենը… Շոշափելիորեն տեսնում եմ` սեղանի շուրջ հավաքված են` պապս ու տատս, ծնողներս, մեր բազմաքանակ բարեկամները,  ու ես` նրանց կենտրոնում զիլ մանկական ձայնով,  հուզմունքով  արտաբերում եմ  ինձ անհասկանալի հանգավորված խոսքերը:

Պապիս ինձ  սովորեցրած մյուս բանաստեղծությունը Ալեքսանդր Ծատուրյանի "Կարդա այ իմ խելոք մանուկ” ոտանավորն էր: Նա մի  առանձին ջերմությամբ  էր սիրում այս ստեղծագործությունը: Այն արտասանելիս պապս մտովի տեղափոխվում էր իր ծննդավայր Եմիշչանը, որը Ղարաբաղի անտառների մեջ կորած  փոքրիկ գյուղերից մեկն էր: "Ես հայոց լեզվի ու գրականության դասատու երբեք չեմ ունեցել”, - ափսոսանքով արտաբերում էր նա: Պապս ընդամենը երկու տարի էր սովորել գյուղական դպրոցում, սակայն զարմանալին այն է, որ այդ խղճուկ երկու տարիները նրա մանկական հոգու մեջ անհագ սեր էին արթնացրել դեպի գիրն ու գրությունը: Պատերազմ տեսած հիսնամյա պապս,  չգիտեմ` գիտակցաբար, թե՞ անգիտակցաբար, որպես ավանդ,  մանկության հենց այդ հիշողություններն էր փոխանցում ինձ, ասես կանխատեսելով, որ դրանք ինձ շատ պետք են գալու մի տասնհինգ տարի անց, արմատներս որոնելու մեջ: Ժամանակին համընթաց, պապիս տարիքին մոտենալով հասկանում եմ, որ նա քաջ գիտակցում էր, թե ինչ է անում: Նա հասկանում էր, որ եթե մանուկ հոգում սերմանես սեր դեպի ազգայինն ու ազգությունը, ապա  օտար միջավայրն անգամ անկարող է ոչնչացնել այդ սերը:

Տասնութ տարեկան էի, երբ սկսեցի ինքնուրույն սովորել մայրենին: Բայց ի՞նչն է զարմանալին`հանկարծ, կամաց-կամաց սկսեցի վերհիշել իմացածս բանաստեղծությունները:

Մոսկովյան մեր բակում տղաներից ոմանք հետևիցս գոչում էին ”արմյաշկա” կամ էլ "գրուզին”: Աչքերս վիրավորանքից արցունքով լի վազում էի տուն, պաշտպանություն գտնելու հորս մոտ: "Չեմ ուզում "արմյաշկա” կամ "գրուզին” լինել”,- գանգատվում էի հորս: Հայրս, ի վերջո, " հայտնագործեց”  ինձ հանգստացնելու մի հրաշալի միջոց: " Չգիտե՞ս, ինչ է, որ Տիգրան Պետրոսյանը հայ է իսկ Նոնա Գաբրինդաշվիլին ` վրացի:Այդ տղաները ոչինչ չգիտեն ու չեն հասկանում իսկ դու պիտի հպարտանաս”: Այդ տարիներին ես տարված էի շախմատով,  և ոչ մի խոսք այդ  ուժը չէր ունենալու: Հանդարտվեցին մանկական վրդով մտքերս, ինքս արժեքավորեցի ինձ, բարձրացա իմ իսկ աչքերում: Իմաստուն էր հայրս`ուրիշ ի՞նչ կերպ պապական հող ու ջրից հեռու ապրող  յոթ-ութ տարեկան երեխայի համար կարող էր իմաստավորվել "հայ լինելը”:
Զարմանալի ժողովուրդ ենք: Որպեսզի ինձնից թաքցնեն ինչ որ լուր, միտք, իհարկե` բարի միտումներով, ծնողներս սկսում էին խոսել Ղարաբաղի բարբառով: Զավեշտ չէ՞ սա: Տեսնես աշխարհում կա՞մեկ այլ ուրիշ այսպիսի "հնարամիտ”  ազգ, որ հայրենի լեզվին դիմում է լոկ այս "նպատակով”: Տարիների հեռավորությունից փորձում եմ հասկանալ հորս ու մորս: Հիվանդոտ երեխա էի, և նրանց միակ երազանքն ու հոգսը ինձ մեծացնելն էր, բարություն ու ազնվություն սերմանելը, իսկ լեզուն "ժողովուրդների բարեկամության դարբնոցում”` Բաքվում ծնունդ առած ու մեծացած ծնողներիս համար երկրորդական կարևորություն ուներ: Այնուամենայնիվ, հայացի դաստիարակությանս համար ես պարտական եմ նաև ծնողներիս: Հիշում եմ, թե ինչ մարդաշատ էր մոսկովյան մեր փոքրիկ բնակարանը, որի հյուրընկալ դռները մշտապես բաց էին մեր բազմաքանակ բարեկամների, ծանոթների առջև: Նրանք հաճախ ժամանում էին Բաքվից, հայաշատ այլ քաղաքներից: Սուսիկ տեղավորվում էի նրանց կողքին, ականջներս սրում ու կլանում նրանց ամեն մի խոսքը: Հայկական ուտեստներով առատ սեղանի շուրջ մինչև ուշ գիշեր շարունակվող այդ զրույցները  ազգային ինքնության իմ միակ դասերն էին, որոնք ջերմությամբ հիշում եմ միչ օրս:

ՄԵԾ ՊԱՊՍ


Միչև ութերորդ դասարան ամառալին արձակուրդներս անցկացնում էի Բաքվի Արմենիքենդում, մեծ պապիս /այդպես էինք կանչում մայրական կողմի պապիս/ տանը: Պապս հայկական շատ ձայնապնակներ ուներ, նրա գրադարանում կային մի քանի հայկական պատմավեպեր: Շատ էր աշխատում, տուն էր վերադառնում ուշ գիշերին: Միևնույն է` սպասում էի նրա վերադարձին, որպեսզի հետն ամփոփեմ պատմավեպերից կարդացածս հատվածը` այնքան ինձ համար հեղինակավոր էր նրա կարծիքը: Այսպես ձևավորվեց, ամրապնդվեց հետաքրքրությունս դեպի  հայոց պատմությունը: Երևի թե այդ տարիներից սկսեցի ապրել երկու տարբեր աշխարհներում: Մեկը ռեալ իրականությունն էր` բակ, դպրոց ապա` համալսարան, մյուսն ամփոփված էր իմ մեջ միայն, այնտեղ մուտք ունեին իմ նախասիրություններն ու մանկական տաքոտ հիշողությունները, որոնց համար անսահմանորեն պարտական եմ մեծ պապիս:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1625

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am