Մի՛ ստէք միմեանց. հանեցէ՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագէ՛ք նորը, այն, որ նորոգուած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի: Կողոսացիս 3:9-1
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Հակոբյանը ծնվել է 1983-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախել է Էջմիածնի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու կիրակնօրյա դպրոց, միաժամանակ որպես դպիր ծառայել «Սուրբ Գայանե» եկեղեցում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա մեկնում է Սուրբ քաղաք Երուսաղեմ՝ ուսանելու ժառանգավորաց վարժարանում: 2004 թ.ի Հոկտեմբերին ձեռամբ հոգելույս Երուսաղեմի Հայ Պատրիարք Թորգոմ Արք. Մանուկյանի ձեռնադրվում է սարկավագ, իսկ 2011 թ.ի Մարտի 4-ին ձեռամբ Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանի օծվում է կուսակրոն քահանա, վերանվանվելով Տիրան աբեղա:
Ամառնավերջի կիրակիներից մեկին «Սուրբ Հարություն» եկեղեցում հանդիպեցինք Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Հակոբյանին, ով, ինչպես ասաց, նախկինում ռուսահայոց համայնքում լինելու առիթներ երբեք չի ունեցել, «այնպես որ՝ ինձ համար ամեն ինչ այստեղ նոր է: Նորաշեն եկեղեցին հիացնում է իր կատարելությամբ, ամբողջականությամբ, ճանաչողական պատգամով: Անվիճելիորեն, այն հայ ժողովրդի հոգևոր, բարոյական նկարագրի արտացոլումն է և շատ հայկական է իր էությամբ: Այստեղ մեծ ներշնչանք նկատեցի հայոց պատմությունից և հայ մշակույթից: Ներս ես մտնում, ու հայացքդ գամվում է գմբեթի՝ Տիրոջ ազդեցուցիչ պատկերին: Սքանչելի եկեղեցի է: Սրբազան Եզրասի մեկնաբանությունները շատ հետաքրքիր են: Հասկանում ես կառույցի տրամաբանությունն ու խորհուրդը: Հսկայական է, ի՜նչ մեծ աշխատանք է կատարվել…:
Ընդհանուր առմամբ ես լավատես անձ եմ, բայց ուրախությամբ խոստովանեմ, որ այդ զգացողությունս ավելի ամրապնդվեց տեղի հայ եկեղեցու շուրջ հավաքված երիտասարդների հետ շփվելուց: Անկեղծ ասած՝ շատ տպավորված եմ: Գիտակից են մեր պատմությանը, մշակույթին, լուրջ մտածում են ազգի ապագայում իրենց դերի մասին: Այդ առումով անժխտելի է հոգևոր հայրերի դերը: Ամուր կապ կա նրանց և երիտասարդների միջև, ինչին ականատես եղա: Կիրակնօրյա պատարագին ներկաների գերակշիռ մասը հենց երիտասարդներն էին, ձեռքներին ունեին Սուրբ գիրք և պատարագամատույց՝ մեղմիվ երգակցում էին երգչախմբին: Դա քաջալերիչ է»:
-Իմ առաքելությամբ ես հայ զինվոր եմ, ով պաշտպանում է սուրբ հողում Աստծուց մեզ հանձնված սրբավայրերը,- ասաց աբեղան: - Քրիստոնեության պատմությունը հիշում է մարտիրոսների և հրեշտակապետների, ովքեր խորհրդանշում են հեզություն և հերոսություն: Միքայել հրեշտակապետը մարտական ոգու մարմնացումն է, ով մատնանշում է, որ չարի դեմ պետք է պայքարել: Սրան ի լրացումն՝ Գաբրիել հրեշտակապետը հորդորում է հեզություն: Վերցնենք այս երկու եզրերը ու հիշենք Տիրոջ խոսքերը՝ եղեք միամիտ աղավնիների նման և խորագետ՝ օձերի պես: Սա՛ է: Երբ այս երկուսից որևէ մեկը տկարանում է, մյուսը շեղվում է դեպի ծայրահեղություն: Եթե ունես հերոսական ոգի, բայց քեզ տրված չէ հեզությունը, ապա դատապարտված ես հպարտանալու եւ գոռոզանալու, որը մեղք է: Նույնը և՝ հակառակը: Երկուսն էլ պետք է հավասարաչափ բաշխված լինեն: Երբ պայքարի մեջ ես, պետք է հստակ գիտակցես՝ ու՞մ հետ ես պայքարում և որքա՞ն՝ չափը չի՛ կարելի անցնել: Մարտիկը պետք է խոնարհ լինի, բայց ցանկացած պահին պատրաստ՝ զենքը ձեռքը վերցնելու, պաշտպանելու մերձավորին, հայրենիքը, հայրենի արժեքները, սրբությունները: Մարդու կյանքն ինքնին պայքար է, եթե նա գիտակցում է, թե ինչ գայթակղություններ կան՝ դրամասիրություն, փառասիրություն, հպարտություն: Պարտադիր չէ դրանցով հիվանդ լինեք: Ամենօրյա պայքար է պետք, որպեսզի դրանցով չհիվանդանանք: Մեր ապրած տարիների արդյունքում մեծանում է մեր շփումների շրջանակը: Հայտնվում են մարդիկ, ովքեր այլ հայացքներ ունեն այս կամ այն խնդրի վերաբերյալ: Ուզես, թե չուզես՝ ինչ-ինչ մտքեր քեզ մղում են արժեքների քո համակարգը վերանայելու: Ես պայքարում եմ, որպեսզի Աստված ինձ զերծ պահի հպարտության եւ դրամամոլության մեղքից: Առաքելությունս լավ ու հավատարիմ հայ մարդ և բոլորի համար լավ քրիստոնյա, օրինակելի զավակ լինելն է: Մարդկային հարաբերություններում նախընտրում եմ անմիջականությունը, չեմ սիրում խաբեություն և նվնվանություն, որևէ մեկին դատապարտելը, սիրում եմ լավ խորհուրդներ տալ ու լսել: Անկեղծությունն ու ազնվությունը համարում եմ ընկերության հիմնասյուներ: Պատրաստ եմ ընդունել սխալներս, եթե դրանց մասին ասվում է ճիշտ ու կորեկտ ձևով: Ամենաշատը չեմ ընդունում նախանձության հիվանդությամբ տառապողներին: Ոչ թե մարդուն եմ ատում, այլ իր մեջ եղած նախանձը: Մենք ապրում ենք հայրենիքից դուրս. ահա թե ինչու ակտուալ է նաև հետևյալ միտքը՝ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ նա օտարներին ներկայացնում է մեր հայրենիքը, իր կրոնը և իր մշակույթը:
Սիրում եմ փիլիսոփայություն: Ըստ իս, Նարեկացին լիովին բավարար է սեփական հոգևոր աղոթական դաշտը կայուն պահելու համար: Եթե զգում եմ տկարության նշույլն իսկ, մտնում եմ «Սուրբ Հակոբ», Գլխադիրի առաջ ծնկադիր խնդրում եմ զորություն: Սուրբ քաղաքի մեր սրբավայրերը, Արարատը, մեր հերոսները ինձ համար ներշնչման գագաթներ են ու առօրյա ուղեկիցներ: Փառք Աստծո, որ այս սրբավայրերում դարեր ի վեր ապահովված է հայերիս ներկայությունը: Երուսաղէմը դարձել է նաև Հայ Երուսաղեմ, քանի որ այն յուրաքանչյուր հայինն է, նա այստեղ տանն է, այստեղ տեղադրված յուրաքանչյուր քար իրե՛նն է: Երուսաղեմը հանգած գաղութ չէ: Այն նախ և առաջ՝ Սփյուռք չէ: Երուսաղեմը հայրենիք է՝ Հայրենիքից դուրս և սփյուռք չէ՝ սփյուռքի մեջ գտնվելով իսկ: Այս սրբավայրերը հիմնադրել են առաքյալները: Հայկական ներկայութունը 2500 տարվա պատմություն ունի: Չմոռանանք, որ դեռևս Տիգրան Մեծի ժամանակ այստեղ հայերն արդեն ապրում էին: Իսկ որպես ձևավորված համայնքային կառույց՝ իր թաղամասով, սկսել է 4-րդ դարից ս. Գրիգոր Լուսավորիչի և Տրդատ թագավորի աջակցութեամբ և հովանավորությամբ: Այդ պահից հաճախացան ուխտագնացությունները, և ամրապնդվեց Հայրենիք-Սուրբ Երկիր կապը: Այսօր էլ, փառք Աստծու, ուխտագնացությունները շարունակվում են: Երուսաղեմը հայրենիք է մեզ համար, ուր ունենք հավասար իրավունքներ մեծագույն Քրիստոնեական սրբավայրերում, հույն և կաթոլիկ եկեղեցիների կողքին: Մենք այստեղ ամենօրյա աղոթք, ս. Պատարագ ու ժամերգություն ունենք: Այդ աղոթքներով ես մշտապես շփում ունեմ հայրենիքիս հետ: Այսպիսով՝ յուրաքանչյուր Աստծո օր ես հայրենիքում եմ: Կարոտն ինձ համար ձևափոխված բնույթ ունի: Ես ամեն օր սնվում եմ մեր շարականներով, երգերով, Վարդանանքով, Նարեկացիով, Կոմիտասով, Սայաթ-Նովայով: Սենյակումս Արարատի, Տիգրան Մեծի, մեր մյուս սրբերի ու հերոսների պատկերներն են: Այն, ինչ միշտ քո մեջ է, չես կարոտում: Հայ Երուսաղեմն իմ կյանքի իմաստներից մեկն է: Այն ինձ համար զոհաբերութեան ուղենիշ է: Քրիստոնյայի համար «հուսահատություն», «հուսախաբություն» հասկացությունները պիտի բացառվեն: Եթե մարդու մեջ կա Քրիստոսով հաղթելու ոգի, նա չի հուսահատվի: Քրիստոնյան պէտք է առնականություն ունենա: Մենք բոլոր պարագաներում Աստծո օգնությունն ու զորակցությունը պիտի փնտրենք:
Ինչպես ենք մեզ զգում Երուսաղեմու՞մ՝ միշտ մարտական և Աստծո օրհնությամբ: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Առաջնորդ Եզրաս Սրբազանից, հոգևոր եղբայրներիցս և բոլոր նրանցից ովքեր օգնեցին հաճելի ժամանակ ունենալ Մոսկվայում:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |