Воскресенье, 20.09.2020, 11:28Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱ` ԲԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԴՌՆԵՐԸ | Ноябрь 2012
Լյուբիցա Միլետիչը բանաստեղծական 10 ժողովածուի հեղինակ է: Ճանաչված մտավորականի բանաստեղծությունների առանցքը հայրենի Սերբիան է: Բանաստեղծու վաղեմի երազանքն է եղել այցելել Հայաստան և Արցախ: 1999 թվականին նա պիտի այցելեր Հայաստան, սակայն Արևմուտքի կողմից իրականացված ռմբահարումները Սերբիայի խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա արգելք եղան նրա այցին: Եվ, ահա, տասներեք տարի անց, այդ ցանկությունն իրականություն դարձավ: Վերջերս նա եղավ մեր հայրենիքում, այցելեց նաև Արցախ, ուր հրավիրված էր մասնակցելու Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին: 
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Լյուբիցա Միլետիչի հայաստանյան ու արցախյան տպավորությունների առավել ուշագրավ հատվածները:


- Մինչ այցելությունը ի՞նչ գիտեիք մեր ժողովրդի ու հայ մշակույթի մասին:

-Ամեն անգամ Հայաստան տեղանունը արտաբերելիս այն զգացողությունն եմ ունեցել, որ ձեր երկիրը քաղաքակրթության բնօրրան է, իսկական թանգարան բաց երկնքի տակ: Տարբեր աղբյուրներից, մասնավորապես ռուսական ու ֆրանսիական, շատ եմ տեղեկացել հայերի ու նրանց մշակույթի մասին, հասկացել, որ հայերը ստեղծագործ ժողովուրդ են և մեծ ավանդ ունեն համաշխարհային քաղաքակրթության գանձարանը հարստացնելու գործում: Հայաստանը ինձ ավելի սրտամոտ ու սիրելի դարձավ հայ բարեկամիս` ճանաչված բանաստեղծ ու թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի շնորհիվ, ով արդեն ավելի քան երեսունհինգ տարի հայ-սերբական բարեկամության ու մշակույթի կամուրջ է կերտել մեր երկու ժողովուրդների միջև և ում շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ այցը Հայաստան ու Արցախ:

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, ամենուր հնչում էր ինձ համար անհասկանալի ու անընկալելի քաղցրահունչ հայերենը: Այդ պահին հասկացա, որ երազանքս իրականություն է դարձել:


Գիտեք, առաջին տպավորությունը միշտ էլ ցնցող է, անմոռանալի: Նախ հյուրանոցի իմ սենյակից պարզ նշմարվում էր բիբլիական Արարատը, որ ասես խռովված ու վիրավորված աշխարհի անարդարությունից հաճախ մշուշված է ու չի ցանկանում երևալ մարդկանց: Բայց ով հրաշք… Հայաստանում գտնվելուս 4-5 օրերի ընթացքում ամեն օր տեսնում ու ըմբոշխնում էի նրա վեհափառ, հավերժական ձյունե գմբեթները: Հայերիդ անամոք ցավն ու անմեռ կարոտն ավելի ընկալելի դարձավ ինձ, հասկացա, որ Արարատի հովանու տակ հույսով ու հավատով սպասում եք, որ մի օր կփշրվեն կեղծ ու արհեստական սահմանները, որոնք զատում են ձեզ` Արաքսից այն կողմ գտնվող ձեր պատմական հայրենիքից:

- Անբացատրելի զգացողություն եք ապրել Արարատը տեսնելիս…

- Կարծում եմ անբացատրելի ոչինչ էլ չկա: Մենք` սերբերս, լավ գիտենք, թե ինչ է նշանակում ապրել կորցրած հայրենիքի զգացողությամբ: Պատմության ընթացքում ինչպես Հայաստանն է բզկտվել ու մասնատվել այլալեզու և օտար զավթիչների արշավանքներից, այնպես էլ Սերբիան: Ես քաջատեղյակ եմ, թե ինչպես 1921 թվականին առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կարծիքը, պատմական Հայաստանից բռնի ձևով անջատվեցին Արցախն ու Նախիջևանը` միացնելով դրանք նորաթուխ` այսպես կոչված «Ադրբեջանին»: Ես լավ եմ հասկանում հայերին, քանի որ սերբերից էլ խլեցին Կոսովոն` Սերբիայի բնօրրանը, որ մեր ժողովրդական բանահյուսության, գրականության, մշակույթի, սերբական ուղղափառության կենտրոնն է ու խորհդանիշը: 
Լեզուս կարկամեց` տեսնելով Մատենադարանի ոսկեձեռիկ մատյանները: Հասկացա, որ հայերիդ համար Մատենադարանը ոչ միայն գոյության վկայագիր է, այլև անսպառ մի գանձարան, որը որքան էլ պեղես, միևնույն է չի սպառվի: Փառք այն ժողովրդին, որ այդպիսի հրաշալի շենք է կառուցել, ուր սրբորեն պահպանվում են այդ հինավուրց մասունքները:

- Եղաք նաև Արցախում, ուր առաջին անգամ, ինքնիշխան պետություն դառնալուց հետո, անցկացվեց Պոեզիայի միջազգային փառատոն:

- Արցախի մասին շատ եմ կարդացել սերբական մամուլում: Հրաշալի երկիր է Արցախը, ուր նույն զգացողությունն ապրեցի ինչ Հայաստանում: Ամենուր լսվող հայոց խոսքը, ականջ էր շոյում: Հասկացա, որ կյանքն աշխուժացել է այնտեղ, որ Արցախը, ոչ միայն հառնել է, այլև աշխարհին ցույց տվել, որ արժանի է ինքնիշխան լինելու, քանզի շտկվել է պատմական անարդարությունը:

Անմոռանալի էր այցելությունը հրաշագեղ բնության գրկում ծվարած Գանձասար, իսկ հանդիպումը Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ, նրա օրհնանքի խոսքը անբացատրելի մի շունչ հաղորդեցին այցելությանը:

Անմոռանալի էին հանդիպումներն ու զրույցները հասարակ մարդկանց հետ, ում հետ շփվելու առիթ էր լինում:

Մինչ Հայաստան ու Արցախ այցելելը, ես արդեն բանաստեղծություն էի գրել «Արարատ և Արցախ» վերնագրով, որը հիանալի թարգմանել է հայ բարեկամս` բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը: Այդ բանաստեղծությունը ես կարդացի Ստեփանակերտում` Պոեզիայի միջազգային փառատոնում, որը մեծ ընդունելության արժանացավ: Այդ բանաստեղծության պատկերներն ինձ հայտնվել են բազում երազներում, բայց հիմա, այցելությունից հետո, վստահ եմ, նոր բանաստեղծություններ կծնվեն, ակնարկներ: Անհնար է Հայաստան ու Արցախ այցելելուց հետո անտարբեր լինել: Այնքան ներշնչանք եմ ստացել ամբողջ ճամփորդության ընթացքում, որ չեմ կարող չկիսել զգացմունքներս ընթերցողի հետ:

Հաճախ բառերն անզոր են նկարագրելու այն ամենը, ինչ տեսա: Ինձ թվում է, թե անավարտ մի բան եմ թողել ձեր բիբլիական երկրում, որ ավարտին պիտի հասցնեմ հաջորդ այցելության ժամանակ:

Զրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆԸ




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 474

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am