Вторник, 16.04.2024, 07:28Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

Տեառնընդառաջը` ընտանիքի տոն | Февраль 2012
Փետրվարի 14-ը, Տեառնընդառաջի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն:

 Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու հավատացյալների համար Աստծո այս տունը մի մեծ, ամուր ընտանեկան օջախ  է, ուր նրանք հոգու կանչով գալիս են  ամեն առիթով, լինի` շարքային օր, տոն, ուրախություն, թե տխրություն: Գալիս են, կիսվում իրենց մտքերով հոգևոր հայրերի հետ, ստանում նրանց խորհրուրդն ու օրհնանքը: Ջերմ ու հարազատ է այս կապը, զերծ որևէ պայմանականությունից: Հավատացյալներից շատերը մտերիմ են երեցկանանց հետ, ում առաքելությունն է զինվորի նման մասն կազմել իր երեցի ծառայության մեջ: Ահավասիկ` նրանց մասին էլ մեր փոքրիկ պատմությունը:

 
Գեղեցկադեմ այս նաիրուհիները` Գայանեն, Լուսինեն, Մարիամը տարիներ առաջ կատարել են իրենց  կարևորագույն ընտրությունը, կյանքի ուղեկից ընտրելով հոգևորականների: Շատերը կասեն`ի՞նչ մի արտասովոր քայլ է: Համաձայնվենք` եթե ոչ արտասովոր, ապա շատ պատասխանատու, քանզի «երեցկին» ասվածը կոչում է, պարտավորեցնող կոչում: Այն կրողը միշտ ուշադրության կենտրոնում է,  հավասարապես տանում է իր կողակցին հասած հոգևոր բեռը, կիսում նրա հետ կենության դժվարությունները, մխիթարությամբ հասնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մի խոսքով` ծառայություն է`Աստծուն, մարդկանց:

Մեր երիցկանանց ջերմությամբ են վերաբերում մոսկվաբնակ այն հավատացյալները, ովքեր նրանց ճանաչում են: Լուսինեն, Գայանեն, Մարիամը հատկանշական ընդհանուր շատ գծեր ունեն: Բարեհամբույր, ժպտերես` եկեղեցում, թե «Հայորդյաց տանը», միշտ շրջապատված են մտերիմ մարդկանցով, զրուցում են, խորհուրդներ հարցնում, խորհուրդներ տալիս: Անմիջական այսպիսի պահվածքը նրա´նց առանձնաշնորհն է, ում մանկությունը, պատանեկությունը անցել է սիրո, ներդաշնակության մեջ. աղջիկները աստվածահարգ ընտանիքներից են, փոքրուց «հայել են» Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, և քանի որ միշտ հաճախել են եկեղեցի, ըստ էության` մեծացել, ձևավորվել են Մայր Աթոռի հոգևոր մթնոլորտում:

Տեր Հակոբ քահանա Սարոյանի տիկնոջ` Գայանեի ծնողները Սովետական Հայաստան տեղափոխվեցին Պարսկաստանի Փերիա գավառի հայաբնակ հռչակավոր Բոլորան գյուղից: Պարսկահայերի ընդգծված հայրենասիրությունն ու ազգային հարուստ, գեղեցիկ ավանդույթներին հավատարիմ լինելը հատուկ էր այս ընտանիքին: 

-Ես ամուսնացա վաղ հասակում, դպրոցն ավարտելուց հետո: Ավանդապահ ծնողներս հեշտությամբ համաձայնեցին «հանդուգն» այս քայլիս հետ, քանի որ ընտրյալս ճեմարանի սան էր` ապագա հոգևորական, իսկ, մանավանդ մորս համար, «ճեմարան» հասկացողությունը հավասարաարժեք էր կատարելությանը, ամենայն վեհին, բարուն: Իրադրության «յուրահատկությունը» նրանում էր, որ ծնողներս մեկնելու էին ԱՄՆ` միանալու եղբորս հետ, բնականաբար հանգիստ էին` դստեր ճակատագիրը հոգևորականի ձեռքում է: Ես ինքս ինձ ապահով էի զգում` իմ նոր ընտանիքը ամուր ապավեն էր ինձ համար: Ամուսնությունս տեր Հակոբի հետ ինձ մոտեցրեց Աստծուն, նրա մեջ տեսա, զգացի հոգևորականի ազնվությունը, ինչ ինձ սրտապնդեց, հավատքս ամրապնդեց,  ու, եթե մինչ այդ պահը ինչ-ինչ նյութական ու անէական  երևույթներ կարող էին գրավել երիտասարդ աղջնակիս, ապա երեցկին դառնալուս օրից ի վեր հասկացա, որ դրանք անցողիկ են, մնայունը, անանցը, սերն ու ներողամտությունն է ընտանիքում`ամուսիններիս` միմյանց նկատմամբ, երեխաների նկատմամբ, շրջապատի նկատմամբ: Մի խոսքով` հոգևորականի կողքին ապրելը Աստծո յուրօրինակ պարգև է: Ընտանիքն ինձ համար մի տաք անկյուն է, ուր այնքա´ն հարազատ մարդիկ են: Նրանք քո օգնության կարիքն ունեն, դու էլ նրա´նց: Հարազատ այս օջախը պետք է  մաքուր, զուրկ պահել ստից ու կեղծիքից:

Հոգևորականը նախ և առաջ պատկանում է եկեղեցուն և ի´ր հոտին: Հստակ գիտակցելով դա, ես աշխատում եմ տեր Հակոբին ազատել տնային, կենցաղային հոգսերից, որպեսզի նա լիովին կատարի իր ծառայությունը:

Կանացի իմ իդեալը մայրս է, ոչ այն պատճառով, որ նա է ինձ ծնել: Ինձ հիացրել է նրա նվիրումը, զարմացել եմ նրա իմաստուն, կշռադատ որոշումներ ընդունելու կարողությամբ: Ամուսնանալուց հետո մայրական նվիրումի մեկ այլ օրինակ էլ ունեցա հանձինս սկեսրոջս: Ցանկացած երիտասարդ հարսի համար մեծ երջանկություն է , երբ նրան հասկանում են, աջակցում, օգնության գալիս: Այդպիսին է իմ երկրորդ մայրիկը:

Աշխատում եմ հոգևոր մթնոլորտում, հայեցի դաստիարակել փոքրիկներիս: Խոստովանեմ` դա առավելապես ինձ հաջողվում է, քանի որ զավակներս  «Հայորդյաց տան» սաներն են: Երեխաները խոսում են, երգում հայերեն, շփվում դպրոցի աշակերտների հետ: Ավելի մեծ երջանկություն անկարելի է պատկերացնել:

-Ընտանիքն իմ հենարանն է, իմ տաքուկ անկյունը, այն տեղը, ուր ես ինձ ազատ եմ զգում, ինչպես ձուկը`ջրում, - մեր զրույցը շարունակեց տեր Առաքել քահանա Ամիրյանի երիցկինը`Մարիամը: Ամուսինները մանկուց ճանաչել են միմյանց` «Էջմիածնում ծնվելն ու մեծանալը որոշակի դեր է կատարել մեր կյանքում»,- ասում է Մարիամը:

 - Սիրով ու կարոտով հիշում եմ պապիս , որից քաղել եմ առաջին հոգևոր դասերը: Սիմեոն պապս, որ հայրենադարձվել էր Պարսկաստանից, սարկավագ էր: Պապս ուներ հնամենի «Աստվածաշունչ» ու Նարեկ: Հիշում եմ` վախս բուժելու համար այդ Նարեկն էին դնում գլխիս տակ: Տերունական աղոթքն էլ պապիցս եմ լսել ու սովորել»:

Մարիամի հայրական տունը գտնվում է Մայր Տաճարին շատ մոտ: Առավոտյան ու երեկոյան ժամերգության զանգերի ղողանջը նրա պատանեկության սիրելի մեղեդին էր, որոնց երգեցողության տակ «ոտքերս ինքնաբերաբար ինձ տանում էին դեպի Մայր Տաճար»,-ջերմությամբ հիշում Մարիամը: « Իհարկե, ափսոսում եմ, որ տղաներս մեծանում են խորհրդաշատ, մտերիմ այդ ղողանջներից հեռու: Բավարարվում ենք այդ զանգերի ամառային «երգեցողությամբ»`տարվա այդ շրջանում երեխաների հետ գտնվում ենք Էջմիածնում: Տեսնել է պետք, թե փոքրիկ Հայկը ինչ ուշադրությամբ է լսում դրանց:

-Ես գիտակցում եմ, որ հոգևորականի ընտանիքը պետք է լինի օրինակելի, որովհետև այս օջախն է ուշադրության կենտրոնում, նրան են նայում մյուսները: Այդպես է եղել ի վերուստ: Դա շատ պատասխանատու, կարևոր պահ  է , մանավանդ, որ մեր շրջապատում երիտասարդներ են, ովքեր այսօր –վաղը ընտանիք են կազմելու:

Հոգևոր, ազգային ավանդույթներից հեռանալը  բարդացրել են մեր ազգի գոյապահպանման խնդիրը: Պետք է վերադառնալ ակունքներին: Վերադարձն էլ սկսվում է ընտանիքից: Այսօր ես նկատում եմ այդ տենդենցները նույնիսկ այստեղ, Մոսկվայում: Դրանում մեծ դեր է խաղում եկեղեցական մեր համայնքը, ինչ խոսք, նաև «Հայորդյաց տունը»: Մարդիք այստեղ սիրով, անհագ ծարավով են գալիս, հագեցնելու իրենց ազգային, մշակութային, հոգևոր սովը: Մարդկային այս լիարժեք շփումից ծնվում են առողջ հարաբերություններ` ազգը համախմբվում է, ինչում և է´ ուժը, կենսունակությունը մեր ազգի:

Մի խնդիր է ինձ մտահոգում: Այսօր մեր պատանիները հստակ պատկերացում չունեն այն մասին, որ վատ, սխալ արարքը վաղ թե ուշ պատժելի է: Կգա այն օրը, երբ պատասխան պիտի տաս արարքիդ համար: Իմ կարծիքով սա ծնում է անպատժելիության համոզմունք, որ շատ  խանգարում է այսօրվա մեր երիտասարդներին:Մենք, ավելի փորձառուներս, պետք է աշխատենք այս ուղղությամբ: Արդյունքը իրեն սպասեցնել չի տա:

Տեր Թադեոս քահանա Տերտերյանի տիկինը` Լուսինեին գտանք  փոքրիկների հետ: Տերտերյանների ընտանիքում մեծանում են երեք աղմկոտ, աշխույժ  հայկազուններ`Գարեգինը, Մանեն, ճստիկ Արթուրը: Սեղանին ակվարելի համար անհրաժեշտ սպասքն է` ներկեր, վրձիններ: Երեխաները ոգևորված նկարում են, զանգակ-զանգակ «քննարկելով» նկարածը:

-Ընտանեսիրության առաջին և ամենակարևոր դասերը քաղել եմ իմ ծնողներից, - պատմում է  Լուսինեն: - Հայրական կողմս պարսկահայեր են, նրանց  մոտ մշտապես արթուն է հարգանքն ու սերը դեպի հավատքը,  ավանդույթը: Մեզ համար տարվա
ամենասպասելի, ուրախ տոնը Զատիկն էր, որին անհամբեր էինք: Հուզիչ էր այն պահը, երբ նախշված հավկիթներով, նոր զգեստներով ուղևորվում էինք եկեղեցի, ողջունելով միմյանց Քրիստոսի հարությունով: Տանը մեզ սպասում էր Զատիկին հարիր սեղանը, փոքրերիս թույլ էր տրվում անգամ ճաշակել գինի` նշխարքով: Հորիցս երբեք չենք լսել, թե` լռի´ր, դու փո´քր ես, քեզ խոսք չի´ հասնում: Մեր կարծիքը նույնպես հաշվի էր առնվում: Այս հիշողությունները ինձ համար կյանքի դասագիրք են: Փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի զավակներս ապրեն մանկության օրերի այն երանությունը, ինչ ես եմ ապրել: Դա կամրապնդի նրանց ոգին, ուժ կտա դիմակայելու օտարամուտ երևույթներին:

Ես իրապես պատկերացրել եմ, թե ինչ ասել է երեցկին, դեռևս պատանեկան տարիներից: Կիրակնօրյա հոգևոր դպրոցի սան էի, վեցերորդ դասարանից սկսած երգել եմ եկեղեցու երգչախմբում: Այս օրերին էլ ծանոթացել եմ տեր Թադեոսի հետ: Ընկերական մեր խմբով` սարկավագներ ու երգիչներ, լինում էինք  շրջանի եկեղեցիներում, պատարագներ մատուցում: Այնպես, որ ամեն ինչ ստացվեց շատ ինքնաբուխ: Երեխաներն առայժմ փոքր են , ու ես զրկված եմ եկեղեցում երգելու հնարավորությունից: Հուսամ` քիչ մեծանան,  ես էլ կվերադառնամ ծառայությանս: Շատ հստակ եմ պատկերացնում որդիներիս ապագան` մեր խորհրդով, իրենց կամքով»:

«Ամուսիններիդ մեջ կա՞ն արդյոք ընկալումների ընդհանրություն»,- հարցիս Լուսինեն պատասխանեց հետևյալ կերպ. «Մեր ընկալումների ընդհանրությունը լավատեսությունն է, լա´վը տեսնելը»:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1055

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am