Մոսկվայի ժուռնալիստի կենտրոնական տան ցուցասրահի այցելուներին եզակի հնարավորություն էր ընձեռվել մեկ ամիս շարունակ ջերմանալու Հայաստանի տաք, արևային գույներով: Այստեղ ցուցադրվում էին Ռուբեն Կոստանդյանի շուրջ վաթսուն կտավները, որոնք յուրօրինակ ներբող են Արարչին, Արարատի երկրին, նրա կենդանի, անկրկնելի բնանկարներին: Ցուցահանդեսն ավարտվեց փետրվարի 15-ին, հեղինակի նոր աշխատանքի շնորհանդեսով: Արվեստասերների դատին ներկայացված աշխատանքը Սուրբ գրքից "Հայտնության” տեսարանի նրա սեփական մեկնությունն էր:
Կրակոտ արևի շողը բեկվում է նախ ժեռ քարին, ապա` նկարչի ներկապնակում, իրար խառնում գույներն ու երանգները և կերպավորվում կտավին: Երևի թե այսպես են ծնվում կապանցի նկարիչ Ռուբեն Կոստանդյանի արևաշող ու արևաշատ բոլոր կտավները, որոնցում լուսավոր ու լավատես թախիծ է, իմաստուն բարություն: Այդ խոսուն վրձնապատկերները հրաշալի զրուցակիցներ են` այդպիսիների կարիքը բոլորս ունենք: Պատմում են փոքրիկ, հեռավոր, դրախտային մի անկյունի մասին, որի բնակիչներին ժամանակն ինքն է ստորադրյալ, նրանք ապրում են իրենց սեփական ժամանակով, որպեսզի լիովին ըմբոշխնեն կյանքը, բնությունը, Արարչի ստեղծած գույները:- Ե՞րբ է ավարտվում կյանքը,- ինքս էլ զարմացած հարցիցս, դիմում եմ նկարչին: Դրախտային անկյունի բնակչին ոչ մի հիմար հարցով չես զարմացնի` այնտեղ հարցերը երևի չեն «տեսակավորվում», և նա հանգիստ պատասխանում է.- Երբ դադարում ես սովորել ու չքանում է հեքիաթը, որ ինքդ քեզ պատմում ես ամեն օր:
- Տեսնես այս մարդակուլ քաղաքում շատե՞րն ունեն հեքիաթ ,- մտածեցի ես ու տվեցի երկրորդ հարցս. - Դժվա՞ր չէ արդյոք ստեղծագործ մարդուն ապրել մեծ քաղաքից հեռու, փոքրիկ բնակավայրում:Այս անգամ էլ հարցս չզարմացրեց նրան:- Ապրում եմ այնտեղ, որտեղ ներդաշնակություն կա, և ես կարող եմ ստեղծագործել:Ռուբեն Կոստանդյանի կտավների մի շարք նվիրված է հոգևոր աշխարհին: Նորավանքի հրաշակերտ եկեղեցու քահանա տեր Սահակ Մարտիրոսյանի հետ զրույցները անպայմանորեն իրենց հետքը թողեցին նրա ստեղծագործության մեջ: Եթե լինեք Կապանում, չմոռանաք լինել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում, ուր գտնվում են նկարչի «Աստվածամայր», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Նարեկացի» կտավները: - Երկար փնտրում էի նրանց դեմքերը: Մի լուռ օր հանկարծ զգացի, որ դատարկության մեջ գծագրվում են ինչ որ սպիտակ ստվերապատկերներ: Երկնքից նշան էր: Այսպես ծնվեցին այս սրբապատկերները: Դելակրուա, Վան Գոգ, Սարյան, Մինաս, Արշիլ Գորկի: Այս նկարիչները արվեստագետի լոկ նախասիրությունները չեն: Նկարիչն իրեն զգում է նրանց արվեստի կախարդական շրջապտույտի և հորձանքի մեջ:Ռուբեն Կոստանդյանի աշխատանքները գտնվում են ժամանակակից արվեստի աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում: Նրանք հաջողությամբ ցուցադրվել են հայրենիքում, Ռուսաստանում, Արաբական Էմիրաթներում, այլուր: Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |