«Это был первый концерт армянской академической музыки после очень большого, многолетнего перерыва. Хотелось бы, чтобы такие концерты стали регулярными».
Ահա այս կարգի արձագանքներ հայտնվեցին ռուսալեզու համացանցում, ապրիլի 13-ին Մոսկվայի Կոմպոզիտորների տան հանրահայտ դահլիճում կայացած համերգից անմիջապես հետո: Այդ երեկո ճանաչված բեմահարթակից հնչեցին արդի հայ դասական երաժշտության նմուշներ: Ներկաները ուշադրությամբ ունկնդրեցին Ալեքսանդր Հարությունյանի, Գեղունի Չթչյանի, Դավիթ Ազարյանի, Գագիկ Հովունցի, Արմեն Բոյամյանի, Արզաս Ոսկանյանի, Էդվարդ Սադոյանի, Յուրի Գալստյանի , Կարեն Խաչատուրյանի,Գայանե Կեսոյանի, Մարտին Վարդազարյանի գործերը գրված փողային անսամբլի և մենակատարների համար: Կատարումներով հանդես եկավ Արցախ-կվինտետ խումբը, որի կազմի մեջ ներգրավված են Մոսկվայի տարբեր նվագախմբերի մենակատարներ` Արտաշես Գրիգորյան (ֆլեյտա), Պավել Զագրեբայեվ (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանով (կլարնետ), Վասիլի Մայստրենկո (գալարափող), Վլադիմիր Պրոցենկո (ֆագոտ): Համերգին մասնակցեցին նաև Անժելի Գևորգյանը (սոպրանո), Յուտո Կոիձումին (ջութակ, Ճապոնիա) և դաշնակահար Գարի Եփրիկյանը: Այն վարեց կոմպոզիտոր, երաժշտագետ Գայանե Կեսոյանը: Այս համերգը կոմպոզիտոր Յուրի Գալստյանի և ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի համատեղ մտահղացման արդյունք է:
Նախահամերգային կազմակերպչական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2009 թվականի աշնանը: Քիչ ջանքեր չպահանջվեցին Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Գալստյանից հավաքելու, ի մի բերելու բազմաժանր այս ծրագիրը: Ապագա համերգի գաղափարը արժանացավ Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովի ջերմ հավանությանը: Նրա աշխատասիրությամբ երիտասարդ երաժիշտները ապահովվեցին դահլիճով, տպագրվեցին հրավիրատոմսեր, որոնք մանրամասն տեղեկություն էին հաղորդում ոչ միայն կայանալիք համերգի, այլև ներկայացվող կոմպոզիտորներից յուրաքանչյուրի մասին: Հրավիրատոմսը տեղեկացնում էր նաև, որ որպես այս համերգի հովանավորներ հանդես են եկել Մոսկվայի կոմպոզիտորների միությունը և Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարությունը:
Օլեգ Գալախովի ,Կարեն Խաչատուրյանի, Յուրի Գալստյանի գլխավորությամբ երեկոյի սկիզբին հրավիրվածները, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ դրեցին Մոսկվայի կոմպոզիտորների տան մերձակայքում գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանին, ապա ներկաները տեղափոխվեցին դահլիճ: Առաջին խոսքը Օլեգ Գալախովինն էր: Նա նշեց, որ այս դահլիճում հանդես են եկել հայ երաժշտության այնպիսի կարկառուն դեմքեր, ինչպիսին էին Արամ Խաչատրյանը, Զարա Դոլուխանյանը, Առնո Բաբաջանյանը, այլոք: Նա ցավ հայտնեց, որ վերջին տասնամյակներին երկու եղբայրական ժողովուրդների ստեղծագործական կապերը մի տեսակ թուլացել են և հույս հայտնեց, որ հենց այս գեղեցիկ հանդիպումը խթան կհանդիսանա դրանք վերականգնելու: Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահը ընթերցեց Հայաստանի հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի և բարեմաղթանքի խոսքը համերգի կազմակերպիչներին և մասնակիցներին:
Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում և ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Բազմաթիվ ունկնդիրների թվում էին ՌԴ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը, Ռուսաստանի պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Վլադիմիր Չուգրեեվը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ, դասախոսներ, ուսանողներ, հայ երաժշտության սիրահարներ:
Ի դեպ, նշենք, որ մայիսին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում սկիզբ է առնում հերթական` ութերորդ «Вселенная звука» երաժշտական միջազգային փառատոնը, որի շրջանակներում` մայիսի 12-ին, Հայաստանը կներկայացնեն անսամբլի մասնակիցները: Կհնչեն Մակար Եկմալյանի, Արամ Խաչատրյանի, Գայանե Չեբոտարյանի,Մարտին Վարդազարյանի, ինչպես նաև ռուս և եվրոպական դասական կոմպոզիտորների գործերը:
Հասմիկ Զաքարյան
|