Պապս զոհվել է 1960-ին, ծննդիցս երկու ամիս հետո, անզգույշ, անհեթեթ մահով: Փողոցն անցնելիս, երևի թե մտքերով տարված, չի նկատել սլացող մեքենան: Հաճախ ցավատանջ մտածում եմ`չլինի թե այդ անպատեհ պահին նորից հիշել է Էրգիրը, աչքերի առաջ վերակենդանացել են հայրը, մայրը, եղբայներն ու քույրերը, թուրք ավազակները… Ինքը` տասնամյա մանկամարմին մի տղա, թաքստոցից սարսափով դիտում է զարհուրելի տեսարանը` սպանում են հորը, գետնին է ընկնում մայրը, ապա եղբայրները,քույրերը… Հանելուկներից հանելուկ է նրա փրկությունը` ինչպես դիմացավ այս տեսարանին, փախստական դարձած համագյուղացիների հետ բռնեց Էջմիածնի հուսո և հավատքի ճամփան, երևի թե երեխա էր ու այդ պատճառով էլ չխելագարվեց…Քայլում էին գիշերները, ցերեկները թաքնվում: Միակ սնունդը կանաչ, չհաս պոմիդորներն էին, ձիու թրիքի մեջ եղած չմարսված ցորենի, գարու հատիկները: Հասակն առնելուց հետո պապս չարացած չի եղել աշխարհի վրա, թեև, ասում են, կտրուկ էր, երբեմն անխոհեմ վճռական: Մանկանում էր Վասպուրական-Վանի հարազատ մեղեդիները լսելիս, մանուկի նման հոնգուր-հունգուր լալիս էր: Պապիս բախտը կրկնակի չի բերել` ժամանակն էր այդպիսին: Հարգի չէր արմատները հիշելը, այլև վտանգավոր, ու նա իր հետ տարավ իր ընտանիքի, իմ նախնիների պատմությունը: Ահա, թե ինչու մի տեսակ խեղճ ու անպաշտպան եմ զգում ինձ: Պապիցս մի թանկ հիշատակ ունեմ` Լեոյի «Անի» գրքի քառասնական թվականների հրատարակությունն է: Սիրում եմ հաճախ այն ձեռքս առնել`տիտղոսաթերթին պապիս մարգարտաշար ձեռագրով արված մակագրությունն է: Հաճախ վերակարդում եմ այս գիրքը ու զարմանալի մի զգացողություն եմ ապրում` ասես ինչ-ոչ մեկը ինձ հետ զուգահեռ հետևում է տողերին: Տարիքիս հետ ավելի ու ավելի է առասպելանում այս պատմությունը: Կրկնապատվում, եռապատկվում են ինձ տանջող հարցերը: Փորձում եմ անէությունից վերհանել ինչ- որ մանրամասներ, ի մի անել այստեղից-այնտեղից լսածս դրվագները… Սակայն հարցերը գնալով ավելի շատանում են… |