Пятница, 26.04.2024, 09:43Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԱՐՄԱՏՆԵՐՍ ՎԱՆԱ ՀՈՂՈՒՄ ԵՆ... | Январь 2010
Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր եւ մշակութային գործիչ Բաբկեն Սիմոնյանի հետ:

- Հարգելի Բաբկեն, Դուք ամուր եք կապված վանեցու Ձեր արմատներին: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Ըստ իս, իրեն հարգող յուրաքանչյուր ոք պետք է գիտակից լինի իր ծագմանը, որովհետեւ ծագումը, այլ կերպ ասած` գենետիկ գաղտնագիրը, որ հաճախ մենք կոդ ենք անվանում, այն առանցքն ու զսպանակն է, որ մարդուն արարելու ուժ է հաղորդում: Գրչի մարդու համար շատ կարեւոր է ակունքներին հավատարիմ մնալու հաստատակամությունը:

Մարդն ու ծառը նույնն են: Ծառի պես մարդն էլ սնվում ու բարիք է տալիս, բայց առանց արմատի ի՞նչ ծառ եւ կամ` ի՞նչ բարիք: Մարդու համար այդ արմատը նրա ազգային արժեքներն են, ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, գրականությունը, ավանդույթները, պատմական հուշարձաններն ու սրբավայրերը, որոնք դարեդար փոխանցվում են սերունդներին: Այդ առումով ես ավանդապաշտ եմ ու հպարտ եմ, որ հզոր ու առողջ արմատներ ունեմ, որոնք հասնում են դարերի խորքը ու ամուր փարված են մայր հողին: Հպարտ եմ, որ նախնիներս Վասպուրական աշխարհից էին, որ ապրել են հայոց առաջին մայրաքաղաք Վանում, որ ժամանակին կոչվել է Տոսպ, Տուշպա: Ստեղծագործելիս ինձ առաջին հերթին առաջնորդում է արմատներով վասպուրականցի լինելու հպարտության զգացումը: Ահա այդ զգացողությունն է օգնում ինձ խորհել արմատների, Վասպուրական աշխարհի երբեմի փառքի, վանեցի հայ մարդու արժանապատվության մասին:

- Տարիներ առաջ Դուք իրականացրիք Ձեր փայփայած վաղեմի երազանքը` եղաք Վանում…

- Երբ 10-12 տարեկան էի, հայրս հաճախ էր պատմում հայրենի օջախի` Վանա ծովակի, Վանի Խաչփողան թաղամասում գտնվող իրենց տան, Արտամետի համբավավոր խնձորների, Վանա տարեխ ձկան մասին: Ու որքան էլ այդ պատմությունները գեղեցիկ էին, դրանցում անափ դառնություն կար, փշրված կարոտ, չիրականացած երազ... Ինձ դրանք ասես հեքիաթային թիթեռնիկներ էին հիշեցնում, որ թռչկոտում էին հոգուս խորին շերտերում` երեւի հիշեցնելով, որ հայրական օջախը ինձ է սպասում, որ պիտի մի օր բացվեն դռներն հուսո, որ անհայ դարձած հայոց Վանը կընդունի իր կարոտաբաղձ զավակներին: Ի՞նչ իմանայի, որ դառնացած հորս հուշերը շատ տարիներ անց դառնալու են գողտրիկ բանաստեղծություններ ու պատմվածքներ: Հայրս հաճախ էր ասում. «Արդեն տարիքս առել եմ, վատառողջ եմ, գիտեմ, որ Վանը չեմ տեսնելու: Կգնաս մեր հայրենիքը, կփնտրես ու կգտնես հայրական մեր տունը Վանում, այնտեղից հող ու ջուր կբերես, ես չեմ լինի` կլցնես շիրիմիս, որ ինձ հանգիստ զգամ, առնեմ մեր ջրի եւ հողի ուժը»: 2002 թվականին հորս պատգամը սրտումս վերջապես ուղեւորվեցի Վասպուրական երկիր: Նախքան Վան մեկնելը այցելեցի հորս շիրմին: Խունկ ծխեցի, զրուցեցի հետը, ասացի, որ մոտ է նրա խնդրանքը իրականացնելու օրը: Հուզվեցի... արցունքաշաղ աչքերով նորից վերապրեցի ծնողիս ցավը, որ իմն էր դարձել: Հորս գերեզմանից մի բուռ հող վերցրեցի, որ հետս Վան տանեմ:

Ամառային շոգ երեկո էր, երբ Վան հասանք: Արցունքն աչքերիս դուրս եկա փողոց: Շտապեցի փնտրել ու գտնել Խաչփողանը մի հին հատակագծի միջոցով, որ ժամանակին ինձ էր նվիրել Վանում ծնված ու հայրենի քաղաքի պատմության ու մշակույթի քաջ գիտակ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը: Թուրքերը փողոցը վերանվանել ու Ջումհուրիեթ են կոչել, ասել է թե` Հանրապետության փողոց: Իսկ հյուրանոցը, ուր իջեւանել էինք, Փարիզ էր կոչվում, որ Խաչփողանի հարեւանությամբ էր: Ամառային օրը երկար էր ու ես որոշեցի շրջել Վանի փողոցներում, վայելել աստվածապարգեւ դրախտը... Հորս հիշատակած Վանից, սակայն, ոչինչ չէր մնացել: Վանը ժամանակակից քաղաք է 250 հազար բնակչությամբ: Վանում գտնվելու առաջին օրն արդեն Խաչփողանն անգիր էի արել: Քաղաքի ծայրամասերում դեռ հրաշքով կանգուն են կավաշեն տներ, ուր երբեւէ ապրել են մեր նախնիները: Հիմա այդ տների բնակիչները օտարներ են` քրդեր: Նրանք, անշուշտ, գիտեն, թե ովքեր են եղել իրենց բնակարանների իսկական տերերը: Երբեք չեմ մոռանա մի դիպված: Խաչփողանում հող էի վերցնում, մոտեցավ մի թուրք, հարցրեց, թե ինչ եմ անելու այդ հողը: - «Սա մեր սուրբ հողն է»,- թարգմանիչ հայուհու օգնությամբ պատասխանեցի ես: «Ամբողջ հողը հո չեք տանելու ձեզ հետ», հնչեց թուրքի հեգնանքը: -«Ամբողջ հողը տանելու կարիք չկա, մենք ենք վերադառնալու», - դուրս եկավ հոգուս խորքից: -«Է, ոնց եք գալու»,- սառնասիրտ արտաբերեց թուրքը: -«Դուք դա չեք հասկանա, որովհետեւ հայրենիքի զգացողություն չունեք, ես չգամ` մյուս սերունդներն են վերադառնալու եւ` անպայմանորեն, անկարելի ոչինչ չկա, վկա է հրեն վերեւում ժայռի հետեւը սպասող Մհերը»…
Թուրքը հեռացավ, համոզված եմ` ոչինչ չհասկանալով:

- «Մհերի դուռը» տեսա՞ք…

- «Մհերի դուռը» անբացատրելի մի զգացողություն է առաջացնում: Ուխտագնացներից շատերը տարված էին իրենց խնդիրներով ու հոգսերով: Ես բոլորովին այլ ծրագրեր ունեի: Վանում գտնվելու առաջին գիշերը քնել չկարողացա: Ամբողջ գիշեր շուռումուռ եկա անկողնում, սպասում էի, թե երբ է լուսանալու, որ այցի գնամ Փոքր Մհերին: Առավոտյան առանց նախաճաշելու, հին Վանի հատակագիծը ձեռքիս գնացի փնտրելու Մհերի դուռը: Գիտեի, կարդացել էի, որ Մհերը լեռների մեջ է գտել իր հանգրվանը, որ փակված է Ագռավաքարում: Ճանապարհին երկու պատանի քրդեր էին անցնում կողքովս: Հարցրի, նկարագրեցի Մհերի դուռը, բայց ինչ պիտի իմանային ժամանակակից Վանում ծնված ու հայոց պատմությանն անտեղյակ 16-17ամյա պատանիները: Իրար մի կերպ հասկացանք, ասացին ավելի լավ կլինի տարեցներին հարցնեմ: Շարունակեցի լեռների հարեւանությամբ առաջ գնալ` հուսալով, որ անպայման կգտնեմ Մհերի դուռը: Տարեց մի ծերունի էր ապրում մերձակայքում: Քուրդ պատանիները ուղեկցում էին ինձ: Ծերունին հավանաբար հասկացավ ինչ է ուզածս, ցույց տվեց տեղը: Երեւի 5-6 րոպե էլ չէր անցել, երբ ճանապարհի աջ կողմում` լեռների կրծքին փարված հսկայական քարե մի դուռ տեսա: Մհերի դուռն էր... Լեզուս կարկամեց, չէի հավատում, որ հորս երբեմնի պատմությունները իրականություն են դարձել: Ու թվում էր, թե ուր որ է բացվելու է լեռան կուրծքը ու այնտեղից իմ առջեւ է ելնելու Մհերն իր Քուռկիկ Ջալալու հետ: Քարե դռան վրա ուրարտական սեպագիր արձանագրություններ են պահպանվել, որոնցում ուրարտական աստվածների անուններն են դաջված: Խունացած ու մաշված 70 տողանոց սեպագիր արձանագրություններ... Ձեռքով շոշափեցի քարե դուռը, սեպագրերը, զգացի թե որքան հզոր է հայոց հողի ուժը, զգացի, որ անբացատրելի մի զգացում է պարուրել ինձ: Վանա հողի հավերժության ու նրա վերադարձի զգացողությունը:

- Անշուշտ, տեսաք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին...

- Նավով գնացինք Աղթամար: Վայելեցի վանա լճի բազմակապույտ ալիքների խաղը: Աղթամար կղզում մի ամբողջ օր եղա: Հասկացա, որ եթե Վանը Աստծո կողմից երկրին իջեցված նշխար է, ապա Սուրբ Խաչ եկեղեցին այդ նշխարը զարդարող մարգարիտն է: 

2002-ին առաջին անգամ Վան այցելելուց հետո, նույն տարում Մխիթարյանների հրավերով եղա Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Միաբանության սրահներում Հայր Վրթանեսը մի շքեղաշուք վարագույր ցույց տվեց, որին ասես վարպետի մատներ չեն դիպչել: Ի՞նչ գունեղ ու աստվածային աշխատանք է: Ու երբ հետաքրքրվեցի, թե որտեղ է պատրաստվել վարագույրը, հայր Վրթանեսը բացատրեց, որ վարպետները վանեցիներ են, իսկ վարագույրը պատրաստվել է Վանա լճի Լիմ կղզում 1750 թվականին: Աչքերս թացվեցին... Նույնիսկ հեռավոր Վենետիկում ինձ ուղեկցում էին պաշտելի Վանի պատկերները, նույնիսկ օտարության մեջ Վանա երկրի մասունքով ջերմացավ հայրենակարոտ հոգիս...

Վանը ինձ ուղեկցում էր հեռավոր Վենետիկում... Սուրբ Մարկոսի հրապարակից քիչ հեռու հարազատ մի բան էլ գտա` միջնադարյան հին շենքերի մեջ ծվարած Սուրբ Խաչ հայոց եկեղեցին, որի առաջ կանգնած աղոթք էի անում ու մտովի տեղափոխվում Աղթամար կղզի, որի Սուրբ Խաչ եկեղեցին տասմնամյակներով մոմի լույս չէր տեսել, որտեղ խունկ չէր բուրել Հայոց մեծ եղեռնից հետո: Ի՞նչ զավեշտ... Օտարության մեջ` Վենետիկում, Սուրբ Խաչը լույսով ու աղոթքով է օծված, մինչդեռ Վանա հողում Աստծո ողորմածությամբ փրկված ու ապրող Աղթամարի Սուրբ Խաչը լքված է, անհայ...

- Վանում հետաքրքիր այլ դիպվածներ եղա՞ն:

- Իհարկե, շատ: Մտաբերում եմ մի դեպք: Քաղցրավենիքի խանութ մտա, ինձ հետ էր սիրիահայ մի կին, որ լավ թուրթերեն գիտեր: Խանութապանը քուրդ էր: Հետաքրքրվեց որտեղից ենք: Ասացինք, որ հայեր ենք, նշեցինք, որ սա էլ մեր նախնիների հողն է` պատմական Հայաստանը: Տեղեկանալով, որ Հայաստանից ենք, քուրդ խանութպանը թեյ հյուրասիրեց, նաեւ` քաղցրավենիք: Նույնիսկ
հիշատակեց, որ իր նախնիների մեջ հայի արյուն կա: Խոսակցությանը ներկա ինչ-որ թուրք հանկարծ միջամտեց` «Ոչ մի Հայաստան այստեղ չի եղել»: Անկոչ զրուցակցի ասածից բորբոքված քուրդը նրան ուղղակի վտարեց խանութից` հորդորելով մեզ նրան բանի տեղ չդնել` ասելով` «Մենք գիտենք, թե ովքեր են այս հողի իսկական տերերը»:

- Հիմա հանգիստ կարող եք շունչ քաշել` կատարել եք Ձեր հոր պատգամը: Ուրիշ ի՞նչ երազանքներ ունեք` կապված Վանի ու Վասպուրականի հետ:

- Հորս շիրմից վերցրած հողը հանձնեցի Վանա վճիտ ջրերին: Գուցե ճիշտը դա էր: Չէի ցանկանում գերեզմանից բերած հողը շաղ տալ Խաչփողանում, որ թուրքի ոտք տակ չընկնի սրբազան հողը: Ջուր վերցրեցի Վանա լճից: Երեւանում շտապեցի հորս գերեզմանը, մտովի նորից զրույցի բռնվեցի հետը` «Քո պատգամը կատարել եմ ու նվերներդ բերել եմ, հիմա հանգիստ քուն առ` զգա Վանա հողիդ ու ջրիդ ուժը...»

Խիղճս իրոք հանգիստ է` հորս պատգամը կատարեցի: Այս ճանապարհորդությունից հետո Վանը ստվերի նման այլեւս ուղեկցելու է ինձ ամենուր, քանզի իմ ճակատագրի անբաժան մասն է:

Ինչ երազանքներ ունեմ... Մեծ են երազանքներս: Այն ամենը ինչ տեսա Վանում ու նրա շրջակայքում, կուզեի ամփոփել առանձին գրքում, որպեսզի ամեն հայ, առաջին հերթին ամեն վանեցու ժառանգ հպարտությամբ արտաբերի Վան ու Վասպուրական բառերը, որպեսզի դրանք լույս ու փարոս դառնան մեր կորցրած սրբալույս նշխարները վերագտնելու ճանապարհին:

Ինչպե՞ս լքեմ այս աշխարհը առանց Վանը տեսնելու,
Առանց չքնաղ Վարագ սարը եւ Սիփանը  տեսնելու,
Ո՞նց դիմանամ էս մրմուռին, որքա՞ն ծխամ կարոտից,
Ո՞նց հեռանամ առանց նախնյաց բնօրրանը տեսնելու:

***

Լռել են երգ, աղոթք ու տաղ հայոց տաճար Աղթամարում,
Քարն է անգամ հոգնել վշտից հայոց տաճար Աղթամարում,
Մեր անխորտակ երազներից կխորտակվեն ճամփեքը փակ,
Որ ղողանջեն զանգեր նորից հայոց տաճար Աղթամարում:

***

Երազ տեսա. Վասպուրական մեր աշխարհը տեսա ես,
Վան քաղաքը, Այգեստանը, Խաչփողանը տեսա ես,
Թաց աչքերով շատ փնտրեցի օջախը մեր հայրենի,
Բայց իմ նախնյաց տան փոխարեն ավերակներ տեսա ես:




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на http://www.ArmenianChurch.do.am обязательна.



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 2274

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am