Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ
Մի նշխարհով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անցուն
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն
Եղեռները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը Հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի…
Այսպես է գրել Ավետիք Իսահակյանը միջնադարի հայ պատմիչների մասին: Հիրավի, անհնար է պատկերացնել բազմադարյան հայ հոգևոր մշակույթը առանց միջնադարյան պատմագրության: Հայի մեր հպարտությունը սերտորեն կապված է հայ պատմիչների երկերում նկարագրված մեր նախնիների քաջագործությունների հետ: Բնական է դարձել զրույցների, վեճերի ժամանակ նրանց վկայակոչելը: Միանգամայն իրավացի էր գերմանացի Մարկվարտը, երբ հինգերորդ դարի հայ պատմիչ Եղիշեի մասին գրում էր. " Միջնադարի ո՞ր ժողովուրդը պիտի պարծենար, թե կարողացել է հրապարակ հանել Վարդանի և նրա ընկերների դյուցազնական պատերազմի Եղիշեի նկարագրությանը համազոր մի ստեղծագործություն իր իսկ լեզվով կամ լատիներենով”:
-Հայրիկ, ի՞նչ է պատմությունը:- Այս հարցով է սկսում իր "Պատմության ջատագովությունը” վերնագրով գիրքը ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկը: Իրապես, ի՞նչ է պատմությունը, չէ՞ որ այն անցյալ իրադարձությունների մասին է, որոնք ամենևին չեն կրկնվի, իսկ այսօրն ունի իր չլուծված խնդիրներն ու հոգսերը: Ուրեմն` ինչու՞ են մարդիկ պատմությունը գրառում: Մանկան հարց հիշեցնող այս միտքը Մարկ Բլոկ պատմաբանին մտահոգել է Ֆրանսիայի համար չափազանց դժվար ու բախտորոշ մի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Դիմադրության շարժման ակտիվիստն էր, մարտնչում էր հայրենիքի ազատագրության համար:
"Բազմափոփոխ աշխարհն հայոց”, ինչպես կասեր պատմիչ Փարպեցին, իր դարավոր պատմության ընթացքում հեշտ ժամանակներ չի ունեցել: Այս երկրում խաղաղությունը մշտապես անկայուն էր, մարդիկ ապրում էին նոր ասպատակությունների, նոր վշտերի վախով: Այնուամենայնիվ մեր պատմիչներն ջանասիրությամբ հավերժացնում էին իրենց ապրած դժվար տարիները, մի զարմանալի հնարով կապ ստեղծում իրենցից հետո գալիք սերունդների հետ: Ինչի՞ն է ծառայում պատմությունը` այս հարցն, անշուշտ, մտահոգել է նաև հայ պատմիչներին: Որոնումներն տվել են իրենց արդյունքները և պատասխանն այսօր կարող ենք գտնել նրանցից շատերի երկերի մեջ: Ականջ դնենք նրանց "խոստովանանքին”:
18-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին այսպիսի տողեր ունի. "Արարչի նախախնամությամբ մարդկային բնության մեջ արմատակալել է մի կրքոտ հարցասիրություն, որպեսզի մարդն ուսումնասիրի, թե անցյալի, թե ներկայի իրադարձությունները”: Եվ այդ բոլորը հասկանալու ու ըմբռնելու համար երկարատև ջանքերից ու աշխատասիրությունից զատ ուրիշ ճանապարհ չկա: Արդյունքում այն մեծ բավականությունն է, որ ապրում է թե պատմիչը և թե ընթերցողը: 11-րդ դարի պատմիչ Ստեփանոս Տարոնացի Ասողիկը թվարկելով իր օգտագործած աղբյուրները` Խորենացուց մինչ Սեբեոս, գրում է. "Պատմական այդ երկերից, ինչպես անընդգրկելի մարգագետիններից և լեռնահովիտներից հավաքեցի ծաղիկներ, որոնցից հաճույքով հանգստանում են աչքերը, որոնք զանազանվում են նրբերանգներով, հոտավետությամբ”: Իհարկե, միայն հետաքրքրասիրությունն ու պատմական երկերի զուտ գեղագիտական հատկանիշները չեն մղել մեր պատմիչներին կատարելու իրենց դժվար գործը: "ԵԼՆԵԼՈՎ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՑ, ԱՆՑՅԱԼՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ, ՄԵՆՔ ԸՄԲՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ”` այսպես հստակ և դիպուկ է բնութագրել պատմության ճանաչողական նշանակությունը 11-12-րդ դարերի փիլիսոփա Հովհաննես Սարգավագը: ՈՒսումնասիրել անցյալն` ապագան ըմբռնելու համար: Սեփական պատմություն չիմացող ժողովուրդը դժվար թե կարողանա իր գոյությունը պահպանել դաժան ճակատագրի հարվածների տակ:
Որպես հայ պատմիչների երկերի բնաբան հնչում է Զաքարիա Քանաքեռցու հետևյալ խոսքերը: ”Չի կարելի լռել անցած գործերի մասին, այլ պետք է պատմել այնպես, ինչպես կարող ենք”: Լոել չի կարելի, որովհետև քաջությունը, հերոսացումների օրինակները դաստիարակում եմ սերունդներ, իսկ դավադրություններն ու դավաճանությունները արժանի են խստիվ դատապարտվելու, որպեսզի այլևս չկրկնվեն: Չի կարելի լռել, քանի որ մենք մեր պատմությունը ծածկագրի նման կրում ենք մեր արյան մեջ: Պետք է վերծանել այս ծածկագիրը, բացահայտել պատմության քառուղիներում կազմավորված ազգային նկարագրի դրական և բացասական գծերը` այդ դասերից ելնելով ազգի ապագան կառուցելու համար:
Ղազար Փարպեցին խոսելով այն պատճառների մասին, որոնք դրդել են նրան գրել հայոց պատմություն, նշում է. " որպեսզի… խիզախներն էլ լսելով առաջներում գործած քաջությունների մասին, բազմապատկեն իրենց անձնական սխրանքները, իրենցից հետո թողնեն անվանի հիշատակ` իրենց անձերի ու ազգի համար, իսկ ծույլերն ու վատերը, անձամբ տեսնելով այս ամենը և լսելով այլոց պարսավանքները, բարի նախանձից կրթվելով` ջանան լավանալ: Միջնադարի մտածող Կիրակոս Գանձակեցին հայ մշակույթի մյուս նշանավոր գործիչների նման այն խոր համոզումն ունի, որ պատմություն գրելը, իմանալն ու ըմբռնելը Աստծուն ամենահաճո , ուրեմն` միջնադարի ընկալումով ամենակարևոր խնդիրներից մեկն է: Այս միտքը կրկնում է նաև 17 –րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին:
Հայրենյաց դժվարին ճակատագրի մասին գրելիս մեր պատմիչներն ակնկալում էին, որ գալիք սերունդները աչքի լույսի պես պահպանելու և բազմապատկելու են իրենց հասած այն հոգևոր և նյութական ժառանգությունը, որ արյան, դժվարությունների գնով մեզ են հասցրել մեր նախնիները, անսահման հավատալով պայծառ գալիքին:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса.
На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.