Пятница, 19.04.2024, 10:06Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԳԱՐՈՒ՜Ն Ա | Апрель 2013
Թվում է՝ Կոմիտասն ինձ հետ է եղել իմ ամբողջ  կյանքում…Վաղ մանկությունս արևկող հիշողություն է… Ճակատագրի բերումով հարևան էինք Պոլսից հայրենադարձված մի գերդաստանի հետ: Հայրը՝ պարոն Ռուբենը՝ ազնվական շարժուձևով, արևմտահայերենի կախարդիչ դարձդարձումներով խոսքաշեն մի մարդ, զբաղվում էր կոշկակարությամբ: Ամեն անգամ, երբ փողոցի ծայրին հայտնվում էր «օրենքի մարդը», հապշտապ թաքցնում էր իր գործիքները՝ մուրճերը, ունելները, մետաղաձողի վրա կանգնած ոտնաթաթը՝ տարիների օգտագործումից պսպղացող մետաղյա սառը փայլով ինձ համար առանձնապես հրապուրիչ: Հետո հասկացա. այն տարիներին չէր կարելի զբաղվել անհատ ձեռներեցությամբ: Որդինե՜րը…Հինգ արու զավակ՝ Անդրանիկ, Վարդան, Ստեփան, Հրայր, կրտսերը՝ Հայրենիքը՝ ծնվել էր «Արմենիա» նավի վրա՝ տունդարձի ճանապարհին, 1946 թվականին: Դուստրը՝ Մարի՜ն… Թաղի կանայք առավոտյան եփութափից, մեզ մանկապարտեզ-դպրոց ճանապարհելուց հետո նրա մոտ էին, ձեռագործի իրենց մկրատներով, ասեղնագործության  կտավներով, մուլինե թելերով, ածխամատիտներով, որոնց գծերը մեր մայրերի մատների տակ հետո վառվում էին պես-պես ծաղիկների պայծառությամբ: Ամենից պայծառ, չխամրող գույներով՝ հիշողությանս մեջ գերդաստանի մայրն է՝ տիկին Վեհանուշը: Իր անունին վայել՝ գեղեցիկ, վեհաքայլ, ինքնիշխան, մշտապես ապրում է իմ մանկության արևշող աշխարհում՝ բերանիս մեջ հալվող իր թխվածքների քաղցրությամբ, պատշգամբում չորացող սմբուկների շարանների ճերմակությամբ… Բակի վրա տարածվում էր տիկնոջ երգեցիկ ձայնը՝ Ռուբե՜ե՜ե՜ն…

-Հիմա՛, տիկինս, սուրճը պատրա՞ստ է…Ախ, այդ  սուրճի բույրը՝ մանկությանս առավոտների խաղաղ թարմության մեջ: Ըմպում էին սև, դառն, թանձր հեղուկը մատնոցաչափ ըմպանակներով, հյուրասիրում տեղաբնակ դրկից-դրացուհիներին, ովքեր քիչ-քիչ վարժվում էին այդ հմայքին, որ հետո պիտի նվաճեր ողջ Հայաստանը և դառնար մեր կենցաղի անբաժանելի մասը:

-Արփի՛կ, սա աղջիկը դաշնակ պիտի զարկե, դաշնակ գնելու է անպատճառ, զննելով մատներս՝ անառարկելի հնչերանգով հանձնարարում էր տիկին Վեհանուշը: -Եկուր հո՛ս, Աննի՛կս: -Իմ ամենասիրած պահն էր. բազմում էի նրա ծնկներին. իրենից  միշտ բուրում էր ինչ-որ աննկարագրելի անուշահոտություն՝ սարի ուրցի, թեֆարիկի սրճախառն մի բուրմունք:  Բաց էր անում կանաչ, փոքրիկ մի գրքույկ, պատմում էր, մատնացույց անում, երգում մեղմաձայն:

-«Գուսան» երգչախումբն է, Կոմիտաս Վարդապետն է, աս ալ ես եմ…

- Չինա՜ր ես, կեռանալ մի՜,- երգում էին այր ու կին, միանում էր դուստրը՝ Մարին: Լսում էի զարմացած, վեհացած, զգույշ՝ հմայված իրենց արցունքախառն ձայներով: Պատմում էին Պոլսի հայությանը ցնցած համերգների մասին և թե հետո ինչպես ճանապարհեցին Վարդապետին՝ արտասվելով: Որչա՛փ ցավում եմ, որ փոքր էի և չեմ գրառել նրանց հուշերը… Անցան  տարիներ: Ես՝ հոկտեմբերիկ-պիոներ-կոմերիտական, այս գերդաստանի շնորհիվ նաև Սուրբ Գրքին ընտել, Հին ու Նոր կտակարաններ համբուրող, գնացի մայր բուհ: Մայրաքաղաք Երևանում եմ, բնակարանս էլ՝ Կոմիտաս փողոցի վրա՝  մասսահայաց մի սքանչելի պատշգամբով: Առավոտյան սուրճս Մասիսների հետ էր՝ կողքի պատշգամբներից համատեղ սրճախմության «արարողությանը» հրավիրված հարևանուհիներով՝ երևանյան վաղ գարուն-ամառ-ուշ աշուն չափումների մեջ: Արդեն կար Չարենցի «Ռեքվիեմը», հետո եղավ «Անլռելին», «Կոմիտաս» լարային քառյակը, կար Չեքիջյանի երգչախումբը, Կոմիտասի անվան պետական երաժշտանոցը, կառուցվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, եղել էր 1969 թվականի «Կոմիտաս-Թումանյան-100»հայաշխարհը ցնցող ազգային զարթոնքի տարին: Եվ, սակայն, այս ամենով էլ հանդերձ, Կոմիտասի կողմը թեքվողները շատ չէին: Թող լույս իջնի ձեր շիրիմներին՝ սիրելի պարոն Ռուբեն և տիկին Վեհանուշ: Իմ հոգին այսօր երգում, արտասվում խոնարհվում և սիրում է Վարդապետի մրմունջներով, նրա զարմանալի, սքանչելի մեղեդիներից ուժ առնում, նորոգվում, պայծառանում:

Հ.Գ. Ապրիլ 21-ի մոսկովյան վաղ առավոտ է. երեկոյան «Հայորդյաց տանը» հիշատակի երեկո է՝ «Վաղարշապատ» նորաստեղծ լարային քառյակով, Եղիշե Չարենցի «Ռեքվիեմով»՝ Կոմիտասի հիշատակին, Հայոց մեծ Եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի խնկելի հիշատակին… Դուրս եմ գալիս պատշգամբ՝ ծառերն արդեն խոնավ են, բողբոջների մեջ կյանքն է շարժվում, թեև գետնին՝ սավանաչափ կտորներով, համառորեն չհալվող ձյուն է: Օտա՛ր պատշգամբ է: Իմն այնտեղ է՝ Երևանում : Գարու՜ն է… Հանկարծ աչքս ընկավ բակի խորքում՝ հեռուն կանգնած մի ծառի՝ թույլ կանաչացած:

-Բարև՛,-ասացի,-Ծա՛ռ, դու ի՛մն ես, որովհետև՝ ուժեղ ու անհամբեր, բոլորից շուտ, այս ձյունախառն հողից, ոտքիդ տակ դեռ ձյուն՝ ավիշ ու ուժ ես առել ու կանաչել: Աշխարհի որ ծագում էլ լինես, դու կանաչելու ես, ու շտկվելու ես ու բա՛ր ես տալու: 6 000 և Հայոց հավերժընթաց հազար տարիների Հա՛յ ծառ… Գարու՜ն է…

Անահիտ ԹՈՐՈՍՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 637

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am