Суббота, 26.09.2020, 09:32Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

Հայությունը եւ կրոնը | Декабрь 2009
Ազգերի համաշխարհային խառնարանում յուրաքանչյուր ազգ ունի իր տեղն ու դերը՝ մեծամասամբ պայմանավորված ընդհանուր քաղաքակրթության մեջ ունեցած իր ներդրումով: Աշխարհում հայը հայտնի է որպես 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող, կառուցող ու ստեղծագործող ազգ՝ իր ընդգծված հոգեկերտվածքով եւ պարադոքսներով: Դարեր շարունակ հայը առաջնորդվել է Աստվածաշնչով: Նրա համար այն եղել է ոչ միայն Սուրբ Գիրք (հարգանքի ու պատկառանքի առարկա), այլ նաեւ կյանքի գիրք` ապրելու եւ գոյատեւելու ուղեցույց: Իհարկե, բացառություններ եղել են, օրինակ` խորհրդային տարիներին:  Իսկ հիմա՞, արդյո՞ք ժամանակակից հայությունը առաջնորդվում է Աստվածաշնչով:

Այժմ փորձենք Աստվածաշնչի մեջ գտնել հային եւ տալ նրա տեղն ու դերը ազգային- հոգեւոր տեսանկյունից:
Աստվածաշնչի առաջին գրքից` «Ծննդոցից» հայտնի է Աստծո խեսքը. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկիր վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եւ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՝ք, բազմացե՝ք, լցրե՝ք երկիրը, տիրեցե՝ք դրան, իշխեցե՝ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա»:

Այնուհետեւ` Ադամ, Եւա, Եդեմի պարտեզ, սատանան օձի կերպարանքով, առաջին մեղքը, արտաքսում, Աբել, Կայեն, առաջին սպանությունը, մարդկություն, համատարած մեղք, ջրհեղեղ, Նոյ, Սեմ, Քամ, Հաբեթ, Բաբելոնի աշտարակ, ազգեր, Հայկ Նահապետ… Իսկ ո՞րն է հայության բնակության սահմանները: Այդ հարցի պատասխանը տվել է Պողոս առաքյալը Աթենքում` Արիսպագոսի մեջ արտասանած ճառի մեջ: Նա ասել է.

«… Աստված, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամենը, որ նրա մեջ կա, նա՝ է Տերը երկնքի եւ երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, որպես թե մի բանի կարոտ լիներ: Նա՝ է տալիս ամեն բանի կյանք եւ շունչ եւ ամէն ինչ:  Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թեեւ նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ նրանով ապրում ենք եւ շարժվում ենք եւ կանք…»(Գործք 17. 24-28): Մի նշույլ անգամ չկասկածելով Պողոս առաքյալի գրածների ճշմարտացիությանը, նշենք` դժվար թե գտնվի մի ողջախոհ հայ, ով  կասկածի, որ Հայկական Բարձրավանդակը հայության բնակության սահմաններն են: Ահա այդ սահմանները.

Արեւելքից՝ Արաքսի աղեղը եւ Արաքսի ու Կապուտանի ջրբաժանգծերը (եւ միայն հարաբերականորեն` Կասպից ծովը եւ Կապուտան-Ամարդոսի ջրաբաշխ գոտին):

Հարաւից՝ Տիգրիսի, Զաբի եւ Խապուրի ջրաբաշխական գծերը (եւ միայն հարաբերականորեն՝ Զաբի ավազանը):

Արեւմուտքից՝ Եփրատը՝ Տավրոսից դուրս գալու կետից մինչեւ Պինգանի ծունկը եւ այստեղից՝ Եփրատ, Ալիս, Գայլ եւ Ճորոխ գետերի ջրաբաշխական աղեղնագիծը (եւ միայն հարաբերականորեն՝ Եփրատի Պյուռամոսի ջրբաժան գիծը):

Հյուսիսից՝ Ճորոխի, Ռիոնի եւ Կուրի ջրբաժան մարզը, Խրամ գետը եւ սրա Կուրին միանալու կետից, այս վերջին գետը:
Հայկական Բարձրավանդակը, լայնագոյն իմաստով, այսինքն՝ հարաբերականորեն իրեն պատկանող մարզերով, ունի շուրջ 380000 քառ. կմ տարածություն:
Բուն բարձրավանդակը, այսինքն՝ այն երկիրը, որ հավելվածական մասերի կտրումով կրկին պահում է բնական իր ամբողջականությունը, տարածվում է Տավրոսը կտրող Եփրատի, Հայկական Կովկասն աղեղող Արաքսի, Ճորոխի, Զաբի, Կապուտանի ավազանի, Կուրի եւ զույգ Տիգրիսների միջեւ:

Նորից անդրադառնանք Պողոս առաքյալի գրածին. «…Եւ դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան…»: Պողոս առաքյալը այս գրությամբ մեզ պատվիրում է, որ մենք` հայերս ապրենք հայության բնակության սահմաններում` Հայկական Բարձրավանդակում, փնտրենք ու գտնենք Աստծոն: Թե ինչու՞ փնտրենք եւ ինչպե՞ս փնտրենք, նա այդ հարցերի պատասխանների մասին գրել է իր հայտնի «Թղթերում»:

Իսկ հիմա պարզաբանենք, թե ինչպե՞ս պետք է հայերը փնտրեն Աստծոն: Այդ հարցին, իր ժամանակին, յուրօրինակ լուծում է տվել Եդեսիայի հայոց Աբգար թագավորը: Նա 1-ին դարում, Հիսուս Քրիստոսի ժամանակ, լսել է Փրկչի սքանչելագործությունների համբավը եւ հավատացել, որ «դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետեւ մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված»:  Եվ հավատալով, որ Հիսուսը ճշմարիտ Աստծո Որդին է, իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա եւ բժշկի իրեն, «որովհետեւ նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով»` բորոտությամբ: Աբգար թագավորը արժանացել է Փրկչի պատասխանին գրված Թովմաս առաքյալի ձեռքով: Պատասխան թղթում ասվում էր, որ Փրկիչը դեռ գործ ունի կատարելու Երուսաղեմում, բայց կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, բժշկի «եւ կյանք կշնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին»: Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեւոս առաքյալին, որը բուժում է Աբգար թագավորին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը եւ Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում: Այդ մասին գրել է Մովսես Խորենացին «Հայոց պատմությունում»:

Հայոց Աբգար թագավորի Աստծոն փնտրելու տարբերակը, ինչպես տեսանք, մասնավոր, զուտ անձնական դեպք էր: Սակայն հայությանը անհրաժեշտ էր Աստծոն ազգովին փնտրելը եւ գտնելը: Ինչու՞: Որովհետեւ Աստված ազգերին է դատելու եւ չկա ավելի վեհ գաղափար, քան ազգովին փրկվելը: Այդ մասին ավելի հստակ է գրված Մաթեւոսի Ավետարանում. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից: Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին…»(25. 31-46 ): Իսկ քանի որ հնարավոր չէ ազգովին գնալ ինչ-որ վայր եւ փնտրել Աստծոն, Հիսուսն է հոգացել  այդ մասին: Մաթեւոսի Ավետարանում կարդում ենք. «Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եւ Հիսուսը մոտենալով՝ խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՝ք ուրեմն աշակերտ դարձրե՝ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՝ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՝ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»(28. 16-20): Եւ Հիսուսի աշակերտներ Թադեւոսը եւ Բարդուղեմեոսը 1-ին դարում եկան Հայաստան ու տարածեցին  Քրիստոսի կենդանարար խոսքը եւ հիմնադրեցին առաքելական եկեղեցին: Ի դեպ, Թադեւոսից եւ  Բարդուղեմեոսից բացի  Հայաստանում քարոզել են Պետրոս առաքյալը, Հովհաննես Ավետարանիչը, Թովմասը, Սիմոն Նախանձահույզը եւ Մատաթիան` այլ երկրներ գնալու ճանապարհին: Այդ մասին գրել են Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին եւ Խրիմյան Հայրիկը: Այնուհետեւ  Հայաստան են եկել Հռիփսիմեյանց կույսերը: 301թ. Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի օրոք եւ կարգադրությամբ, սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն: Այդ ազգային-հոգեւոր իրադարձության փաստը համոզված ենք` ոչ մի ողջախոհ հայի  մոտ կասկած չի առաջացնի, բայց, անշուշտ, հարց կառաջանա.«Այն հազարավոր հայերը, ովքեր իրենց հոգեւոր առաջնորդների քարոզների (եւ ոչ միայն) շնորհիվ հրաժարվել են հայկականությունից եւ վերածվել ապազգային մարդկանց համայնքների, Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ որպես ի՞նչ ազգի ներկայացուցիչներ են դատվելու»: Հարցի պատասխանը թողնենք ոչ ընդհանրական եկեղեցիների «հոգեւոր հովիվների» խղճին:

Վերոնշյալ աստվածաշնչյան եւ պատմական ոչ ծավալուն անդրադարձը հիմք է տալիս գրելու, որ ցանկացած հայրենասեր հայ նվազագույնը պետք է արհամարհի  Հայաստան ներթափանցած կամ ներսում արմատավորվող օտարադավաններին, ովքեր ցանկանում են վերաքրիստոնեացնել կամ դավանափոխ անել հայերին: Մի՞թե Թադեւոս եւ Բարդուղեմեոս առաքյալները Հիսուսի Ավետարանը թերի են քարոզել, մի՞թե Գրիգոր Լուսավորիչը, Ներսես Մեծը, Սահակ  Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին եւ մյուս հայ սրբերն ու երեւելիները Քրիստոսի կենդանարար խոսքը ճիշտ չեն փոխանցել մեզ, մի՞թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շեղված է Սուրբ Գրքից եւ Եկեղեցու հայրերի ուղղափառ վարդապետությունից: Եթե, ո՝չ, ապա Հայոց բնակության սահմաններում այդ նորաթուխ «առաքյալներն» ու «քարոզիչները» ինչո՞վ են զբաղված: Նրանց եւ նրանց հետեւորդներին խորհուրդ կտայինք ծանոթանալ Մխիթար Սեբաստացու թողած պատգամին: Կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետեւորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայկական Բարձրավանդակը Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ եւ իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը:  Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետեւորդները` Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը եւ էլի շա¯տ ուրիշներ  հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին...

Հետաքրքիր է` ովքե՞ր են քարոզում Հայաստանում (ներառյալ` Արցախում). Մարկ Տվենի հայտնի հերոսի լեզվով ասած` նրանք, որոնց բախտը չի բերել երաժշտության, շինարարության կամ այլ բնագավառներում, ովքեր երկամսյա «ավետարանի սերտման» կուրսերն ավարտելուց հետո հազիվ կարողանում են մտապահել առաքյալների անունները, ովքեր իրենց վախկոտությունը եւ խեղճությունը քողարկում է «զենք չվերցնելու» Աստվածաշնչյան «հրամայականով», ովքեր հոգեւոր քարոզչությունը կարողոնում են զուգակցել քաղաքականության, ձեռներեցության հետ կամ հակառակը: Պատկերացնու՞մ եք` աղքատ քարոզիչ… «Ճանապարհի համար ոչինչ մի՝ վերցրեք. ո՝չ գավազան եւ ո՝չ մախաղ, ո՝չ հաց եւ ո՝չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՝ ունեցեք. որ տունն էլ մտնեք, այնտե՝ղ գիշերեցեք եւ ապա այնտեղից գնացե՝ք: Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայութիւն նրանց դեմ՝ ձեր ոտքերի փոշին թոթափեցե՝ք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք» (Ղուկ. 9. 1 -6, Մատթ. 10. 5 -15):

Իհարկե, Հիսուսի աստվածաշնչյան այս պատգամը նույնությամբ չենք կարող կիրառել 21-րդ դարում, բայց խորհուրդը ինքնին շատ պարզ է ու հասկանալի:

Կարդալով այս հոդվածը` ընդդիմախոսները հերթական անգամ շահարկելու են խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու համամարդկային իրավունքները, մոռանալով իրենց պարտականությունների, մանավանդ` ազգային-հոգեւոր  պարտականությունների մասին: Ցավոք սրտի, հայ քրիստոնյաներից ոմանք էլ են ազգայինի նկատմամբ թերահավատորեն տրամադրված (էլ չենք գրում այլադավանների մասին), երբեմն այն շփոթում են ազգայնամոլության հետ: Նրանց կասկածները փարատելու համար մեջբերենք Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված թղթից մի հատված. "Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, - խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անհատնում ցավ՝ իմ սրտին, - որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից  եւ արյունակից եղբայրների համար, որ իսրայելացիներն են. նրանցն է որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա՝ է բոլորի վրա հավիտյանս օրհնեալ Աստուած: Ամեն"(9. 1 - 5): Պատկերացնում ենք` Պողոս առաքյալն անգամ պատրաստ էր նզովվել Քրիստոսից, միայն թե իր ազգակից եւ արյունակից եղբայրները փրկվեն:

Ուստի, եկեք ազգովին սիրենք մեր Եկեղեցին եւ հիշենք Գարեգին Ա կաթողիկոսի պատգամը. «Հայ Եկեղեցին շաղախ է հայ ազգության շենքը կանգուն ու անսասան պահող աշխարհի չորս ծեգերից հասնող փոթորկաշունչ հողմերի դիմաց»:
                                                                                                        
Աշոտ Սարգսյան
ԼՂՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1432

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am