Մկրտիչ Վանեցի
կաթողիկոսին ժողովուրդը ճանաչում է հայրիկ պատվանունով, Գրիգոր Անավարզեցի
կաթողիկոսին Ջրող քամահրական մականունով, իսկ 70 ամյա Գրիգոր 4-րդ
հայրապետին Գրիգոր Տղա անունով: Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է սկիզբ
առել հայոց գահակալներին մականուններ տալու ավանդույթը: Ո՞վ է եղել դրանց
հեղինակը` ժողովո՞ւրդը, իրենք կաթողիկոսնե՞րը, թե ժամանակագիրնե՞րը: Ի՞նչ
են պատմում մեզ կաթողիկոսների մականունները:
Կաթողիկոսների անունները պատահական չեն ծագել, դրանք ունեն իրենց նախապատմությունը: Մականունների զգալի մասը կաթողիկոսներին շնորհվել է ուշ, դարեր անց, երբ երախտագետ ժողովուրդը արժեւորել է հայոց գահակալներին եկեղեցաշեն գործունեության, առաքինի եւ սրբասուն վարքի համար: 4րդ դարի կաթողիկոս Ներսես Ա-ը կրում է Մեծ մականունը: Բարեպաշտական գործունեությամբ հայտնի Նեսես Մեծը կառուցել է բժշկարաններ, որբանոցներ, սնունդով ապահովել կարիքավորներին: Ժողովուրդը նրան ոչ միայն շնորհել է ՄԵծ մականունը, այլեւ դասել սրբերի շարքը:
Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը ծավալել է շինարարական եւ հոգեւոր մշակութային բուռն գործունեություն, ինչի համար ստացել է շինող մականունը: Նրա նախաձեռնությամբ է կառուցվել Ս. Հռիփսիմե տաճարը, որն աչքի է ընկնում իր ճարտարապետական յուրօրինակ լուծումներով:
Շինող մականունն է տրվել նաեւ Նեսես Տայեցի կաթողիկոսին, ով ավարտին է հասցրել Զվարթնոց տաճարի շինարարությունը: Մեր հայրապետներից իմաստասեր է կոչվել Հովհան Օձնեցին: Նա հայտնի է իր ծիսական բարենորոգչական գործունեությամբ: 719 թվականին Դվինի եկեղեցական ժողովում Օձնեցին ներկայացրել է մի ատենախոսություն, որը հայ եկեղեցու բարեկարգման ու ազգայնացման առաջին վավերագիրն է:
Եթե մեծագործ, իմաստասեր, կամ շինող մականունները բնութագրում են անձի կատարած գործը, ապա երբեմն հանդիպում ենք անունների, որոնց իմաստը կամ առաջացման դրդապատճառը ինչ որ առումով մնում է անբացատրելի:
Հովսեփ 2-րդ Փարպեցի կաթողիկոսը հայտնի է հաստատակամ բնավորությամբ, որպես եկեղեցու արիասիրտ պաշտպան: Մատենագրության մեջ, սակայն, Փարպեցին հիշատակվում է Կարիճ մականունով:
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ինչպես նաեւ հայոց պատմությունն ուսումնասիրողները ենթադրում են, որ Փարպեցուն անվանել են ԿՏՐԻՃ, պարզապես տառերի սխալ ընթերցման հետեւանքով դարձել ԿԱՐԻՃ:
Եթե Փարպեցի կաթողիկոսի Կարիճ մանականունը գրչագրական սխալի արդյունք է, ապա Պետրոս ԳԵՏԱԴԱՐՁ կաթողիկոսի մականունը հրաշքի հետ է կապվում: Պատմիչները սերունդներին են փոխանցել գեղեցիկ մի ավանդույթ, ըստ որի` Պետրոս կաթողիկոսի կատարած ջրօրհնեքից հետո, գետի ջուրը կանգ է առել եւ հույներին չի հասել:
Հայոց երեք կաթողիկոս ստացել են վկայասեր մականունը, երեքն էլ սրբերի վարքերի թարգմանիչներ են, երեքն էլ Գրիգոր անունով: Որպեսզի անվանակից հայրապետներին միմյանցից տարբերեն, հիշատակվում են ժամանակագրության համապատասախան` Գրիգոր ՎԿԱՅԱՍԵՐ, ՓՈՔՐ ՎԿԱՅԱՍԵՐ եւ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅԱՍԵՐ անուններով:
Հայոց կաթողիկոսների մեջ Ներսես Շնորհալին միակն է, ում երախտագետ սերունդները պատվել են մի քանի տիտղոս մականունով` երկրոդ Լուսավորիչ հայոց, Տիեզերալույս Վարդապետ, Մեծահանճար, Կորովագիր, Իմաստուն, Շնորհալի: Նա եղել է միջնադարի մեծագույն հեղինակություն, աստվածաբան, դավանաբան, մեկնիչ, ծիսագետ, մանկավարժ ու թարգմանիչ: Լինելով երաժշտական արվեստի մեծ նորոգիչ, վաստակել է նաեւ երգեցող մականունը:
Կաթողիկոս Ներսես Շնորհալուն հաջորդել է եղբոր որդին` Գրիգոր 4-րդը, ով հայտնի է Տղա մականունով: Պատմաբանների կարիծիքով դժվար թե հայրապետության տարիներին ձեռք բերած լիներ այդ մականունը, որը գրաբարով նշանակում է երիտասարդ, քանի որ կաթողիկոս է օծվել 51 տարեկան հասակում:
Ընդամնեը մեկ տարի գահակալած Գրիգոր 5-րդ կաթողիկոսը ողբերգական մահվան պատճառով պատմության մեջ է մնացել Քարավեժ մականունով: 21 ամյա ըմբոստ կաթողիկոսը չի հնազանդվել Լեւոն 2-րդ թագավորին, ինչի պատճառով էլ դավադրաբար բանտարկվել է: Ըստ ավանդության` բանտից փախչելու ժամանակ պարանը կտրվում, վայր է ընկնում ու մահանում: Կոնստանտին Կատուկեցի կաթողիկոսը /1286-1289/ հայտնի է պրոնագործ անունով: Այս մականվան վերաբերյալ կան տարբեր կարծիքներ:
Պրոնը այծի մազից գործվածքն է եւ ենթադրվում է, որ նա վանական կյանքի ժամանակ զբաղվել է այդ արհեստով: Սակայն վեջերս Մատենադարանում հայտնաբերվել է մի ձեռագիր, որտեղ նա կոչվում է որդի պրոնգոծի: Փաստորեն, դա եղել է իր հոր արհեստը, որը դարձել է մանկանուն:
Կաթողիկոսները, գտնվելով ժամանակի հասարակական քաղաքական կյանքի կիզակետում, հաճախ իրենք են միանձնյա որոշումներով ուղղորդել պատմական իրադարձությունները եւ, եթե կաթողիկոսի գործողությունները իշխանաց կամ հոգեւոր դասի սրտով չի եղել, ապա քամահրական մականունը չի ուշացել` Եզր, Առաջին աղթարմա, Հերձվածող, Ծծկեր, Ջրող: Քամահրական մականունները կաթողիկոսները ստացել են այն պատճառով, որ կրոնական հարցերում որոշ զիջումներ են արել հույն եւ լատին եկեղեցիներին, զիջումներ, որոնք արվել են հայոց կաթողիկոսարանի ինքնուրույնության պահպանման համար:
Գրիգոր Անավարզեցի կաթողիկոսը փորձում է մի շարք ծիսական բարենորոգումներ կատարել, որոնցից մեկը անապակ գինուն ջուր խառնելն էր, ինչի արդյունքում ստանում է Ջրող քամահրական մականունը:
Հովհաննես անունով 8 կաթողիկոս ենք ունեցել: Նրանցից 6-րդին` Հովհաննես Սսեցուն, /1203-1221/ ժամանակակիցները շնորհել են Մեծաբարո պատվանունը: Նա ուշադիր հետեւում էր եկեղեցական արարողությունների կատարմանը, չափազանց նախանձախնդիր էր հայ եկեղեցու բարքերի անխախտ պահպանմանը:
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ով գրելէ եռահատոր աշխատություն հայոց կաթողիկոսների գործունեության վերաբերյալ, գտել, բացատրել եւ կիրառության մեջ է դել կաթողիկոսների մի քանի մոռացված մականուն, հարկ եղած դեպքում նաեւ հորինել նորերը: Պատմաբանները անգերազանցելի են համարում Օրմանյանի` կաթողիկոսներին դիպուկ մականուններով օժտելու հմտությունը: Սարգիս 2րդ կաթողիկոսի /1469-1474/ օրոք արժանահիշատակ որեւէ գործ չի կատարվել եկեղեցու համար: Սակայն նրա աթոռակալության տարիներին Գրիգոր Լուսավորչի Աջը գաղտագողի դուրս է բերվել Ս. Էջմիածնից եւ Օրմանյանը նրան կնքել է Աջատար մականունով: Աջատարին հաջորդած Հովհաննես 7-րդի օրոք /1474-1484/ կատարված ամենամեծ իրադարձությունը եղել է 1476 թվականին, երբ Ախթամարի կաթողիկոսարանից այլ սրբությունների հետ Ս. Էջմիածին է վերադարձվել Գ. Լուսավորչի Աջը, ինչ համար Օրմանյանը Հովհաննես 7-րդին մեծարում է Աջակիր պատվանունով: Օրմանյանի հեղինակած մականունով է հիշատակվում նաեւ Սարգիս 3-րդ կաթողիկոսը: Սարգիս 2-րդ Աջատարից տարբերելու համար Օրմանյանը նրան անվանում է Մյուսայլ, այսինքն` մյուս, այլ կաթողիկոսը: Սարգիս Գ Մյուսայլը գահակալել է 1484-1515 թթ: 1831 թվականի նոյմեբերի 8-ին Հովհաննես Կարբեցին օծվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նա առաջին կաթողիկոսն էր, ում օծումը հատուկ հրովարտակով վավերացրել է Նիկոլայ 1-ին կայսրը: Հովհաննես 8-րդ Կարբեցին կաթողիկոսներից առաջինն էր, ում տրվել է թվահամար: Հենց նրա ժամանակ է ընդունվել նախորդ կաթողիկոսներին թվահամարով տարբերակելու սկզբունքը:
1866 թվականից գահակալած Գեւորգ 4-րդ կաթողիկոսին եկեղեցաշեն գործունեության համար ժողովուրդը շնորհել է Մեծագործ մականունը: Նա կառուցել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Մայր Աթոռի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, տպարանի շենքը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, հրատարակել Արարատը:
«Խրիմյան Հայրիկն ի հայտ է գալիս որպես հեղափոխական բարենորոգիչ, Վասպուրականի արծիվ, ընդհանուր կարծիքն այն է, որ Խրիմյանը հեղափոխական գործիչ է»,- գրում է Վազգեն Ա կաթողիկոսը: Սակայն սերունդների հիշողության մեջ նա ապրել է ոչ միայն երկաթե շերեփի պատմությամբ, ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանի նկատմամբ իր սերն ու գորովն արտահայտել է նրան Հայոց Հայրիկ անվանելով:
Գեւորգ 5-րդ Սուրենյանցի հայրապետության տարիները համընկան հայ ժողովրդի ճակատագրական իրադարձությունների հետ: Նա ապրելէ 15 թվականի եղեռնը, իր աչքով տեսել Մայր Աթոռի բակում գիշերող որբերին ու գաղթականներին, նրա կոչով է 18 թվականի մայիսին հոգեւոր դասը մասնակցել մարտական կռիվներին: Եւ պատահական չէ, որ նա նամակները ստորագրել է Գեւորգ 5-րդ Վշտալի կաթողիկոս Ամենայն Հայոց:
Գարեգին Ա Կաթողիկոսը իր նախորդ` Վազգեն Ա կաթողիկոսին հրապարակային ելույթներում անվանում էր Վազգեն Ա Երջանիկ կաթողիկոս, իր բնութագրումը հիմնավորելով, որ Վազգեն Ա-ը երկարատեւ գահակալության տարիներին կարողացավ զորացնել հայ եկեղեցին, կոմունիստական վարչակարգի տարիներին վերականգնել եկեղեցիներ: Ըստ Գարեգին Ա հայրապետի` նա երջանիկ կաթողիկոս էր, որովհետեւ տեսավ իր ժողովրդի անկախության վերականգնումը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ Ներսիսյանն իր գահակալության առաջին տարիներից սկսած ձեռնամուխ է եղել եկեղեցական ներքին կյանքի կարգավորմանն ու կազմակերպմանը: Նրա օրոք Հայաստանում եւ սփյուռքում օծվել են բազմաթիվ եկեղեցիներ, դրվել նորերի հիմքերը: Հայոց հոգեւոր վերազարթոնքի նպատակով իրականացրած ձեռնարկներից որ մեկի համար ժողովուրդը պատվանուն կշնորհի Գարեգին 2-րդ հայրապետին, ցույց կտա ժամանակը:
Հայրապետների մականունները ուշագրավ առանձնահատկություններ են բացահայտում կաթողիկոսների անձի, բնավորության, արժանիքների, ծավալած գործունեության վերաբերյալ: Այդ մականուններն օգնում են հասկանալ, թե ժողովուրդը հայրապետներից ո՞ւմ, ի՞նչ արժանիքի համար է գնահատել: Դրանք նաեւ որոշակիորեն լրացնում են հայոց եկեղեցու պատմությունը:
Ալվարդ Նազարյան
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |