Суббота, 26.09.2020, 07:37Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

"ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ՄԻՇՏ ԷԼ ԹՎՈՒՄ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՀԵՏՈ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԱՐՄԱՆՔ ՊԱՏՃԱՌՈՒՄ" | Ноябрь 2009
Երջանիկ մարդ է Տաճատ Վարդանյանը: Ինքնըստինքյան, թե Նախախնամության կամքով նրա լավագույն տարիներն անցել են Մայր Եկեղեցու նվիրյալների կողքին, նրանց շրջապատում և միջավայրում:

60-ականներին ավարտելով Երևանի պետական համալսարանի լրագրության բաժինը նա աշխատանքի է ընդունվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Ճեմարան, գրադարանի վարիչի պաշտոնով: 1972-ից տեղափոխվում է ՙՀայկական Սովետական Հանրագիտարան՚, նշանակվելով մամուլի և սպորտի բաժնի խմբագիր, ապա, 1983 թվականին, կրկին վերադառնում է Մայր Եկեղեցու գիրկը, սկզբում որպես Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու ծխական խորհրդի նախագահ (հասարակական կարգով), ապա նաև` Արարատյան Հայրապետական Թեմի դիվանապետ: Այս պատվավոր, դժվարին ու պատասխանատու աշխատանքները նա կատարեց ընդհուպ մինչև 1995 թվականը: Այդ տարիների Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդն էր Տ. Գարեգին Սրբազան Ներսիսյանը: Նրանց` ապագա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Տաճատ Վարդանյանի ծանոթությունն ու մտերմությունը սկսվել էր չորս տասնամյակներ առաջ, երբ Վեհափառը դեռևս Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսանող էր, իսկ Տաճատը ուսումնական այս նշանավոր հաստատության գրադարանի վարիչը…

- Ճեմարանում հայտնվելուս առաջին իսկ օրերից սաներից առանձնացավ մի խումբ, որի անդամների հետ ես առանձնահատուկ մտերմություն ունեի, - հիշում է Տաճատ Վարդանյանը:

- Այս պրպտուն, գիտելիքների, գրքերի, Մայր Եկեղեցու հավատամքի ու պատմության նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերող երիտասարդներից էր նաև չորրորդ կուրսի ուսանող Կըտրիճ Ներսիսյանը: Հիշում եմ, թե որքան նպատակասլաց էր, նախանձախնդիր՝ գիտելիքներ ձեռք բերելու գործում, համառ՝ եթե հարկ էր ունենալ Սուրբ Էջմիածնին կամ մեր ժողովըրդի պատմությանը վերաբերվող գիրք կամ ուսումնասիրություն, որի մասին լսել կամ կարդացել էր, ձըգտում էր անպայման, ամեն գնով գտնել այդ գիրքը և ուսումնասիրել: Այս պարագայում ինձ՝ գրադարանի աշխատակցիս համար էլ որոշակի դժվարություններ էին ստեղծվում. շատերը կհիշեն այն տարիները, թե ինչ բարդությունների հետ էինք առնչվում անհրաժեշտ, հատկապես կրոնական գրականություն փնտրելիս: Ապագա Վեհափառի հետաքրքրությունների շրջանակն, այնուամենայնիվ, միայն ընթերցասիրությամբ, ուսումնառությամբ չէր սահմանափակվում: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում Ճեմարանական կյանքին, կազմակերպվող բոլոր միջոցառումներին…
Մեր այս մտերմությունն ու համագործակցությունը շարունակվեց ընդհուպ մինչև 1972 թվականը, երբ ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո Գարեգին աբեղան Վազգեն Ա Վեհափառի տնօրինությամբ մեկնեց Վիեննա, տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում ուսումը շարունակելու նպատակով:

1975 թվականին, Վազգեն Ա Կաթողիկոսի բարեհաճ համաձայնությամբ ես տեղափոխվեցի աշխատանքի ՙՀայկական Սովետական Հանրագիտարանի՚ Գլխավոր խըմբագրություն, և մեր ճանապարհները Գարեգին աբեղայի հետ ժամանակավորապես բաժանվեցին: Սակայն ճեմարանական գործունեությանս յոթ տարիների, ապագա Վեհափառի հետ կապված, ջերմ հիշողություններն անընդհատ ինձ հետ էին:

…Հարկադրյալ այս ընդմիջումից բավական հետո, հուրախություն ինձ, մեր կյանքի ուղիները վերստին զուգահեռվեցին: Արտասահմանում փայլուն կրթություն ստանալուց հետո, 1980 թվականին Գարեգին աբեղան վերադառնում է Հայրենիք և նշանակվում Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ից` Առաջնորդական Փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին նա ձեռնադրվում է եպիսկոպոս:

Այդ տարիների եկեղեցական կանոնադրությամբ եկեղեցիների գործունեությունը համակարգում էին հոգևոր հովիվները և ծխական խորհուրդները: Մի օր Գարեգին եպիսկոպոսն ինձ հրավիրեց Արարատյան Թեմի Առաջնորդարան, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու ծխական խորհուրդը գլխավորելու առաջարկով: Սիրով համաձայնեցի: Այսպես, մեր մտերիմ, ջերմ հարաբերություններին ավելացան նաև աշխատանքային հարաբերությունները:

 Ակնհայտ էր, որ երիտասարդ եպիսկոպոսը, հիրավի, Վազգեն Վեհափառի ուշիմ աշակերտն էր: Նա, ինչպես ժողովրդի կողմից սիրված իր նշանավոր ուսուցիչն ու հոգևոր առաջնորդը, կատարյալ նվիրված էր իր ազգին, Հայ Եկեղեցուն, իր գլխավորած Արարատյան Հայրապետական Թեմին: Եթե փորձենք մի փոքրիկ հարցում անել այն անձանց շրջանում, ում բախտ է վիճակվել աշխատել Սրբազանի տնօրինության ներքո, ապա համոզված եմ, որ նախ և առաջ բոլորն անվարան կընդգծեն նրա անմնացորդ նախանձախնդրությունը Հայ Եկեղեցու շահերի նկատմամբ, խստապահանջությունը, նաև նրբանկատությունը Թեմի հոգևոր սպասավորների և աշխատակիցների հոգսերին ու խնդիրներին:

Ինձ թույլ տամ լիրիկական մի զեղում, որը մասնավորապես կապված է ընտանիքիս հետ: Աղջիկս նոր էր ծնվել: Մի օր մեզ հյուր է գալիս Սրբազանը, մի մեծ կապոց ձեռքին: Նորածնի համար նախատեսված պարագաներ էին: Ասում է. ՙՎաճառողուհիներին խնդրեցի հավաքել այն, ինչ պետք է փոքրիկի համար: Չգիտեմ՝ տեղի՞ն են, թե՞ ոչ՚: Ամուսիններով շատ հուզված ու զգացված էինք:

 Սրբազանը ամեն ջանք գործադրում էր, որպեսզի Արարատյան Թեմում ստեղծվեն աշխատանքային լավագույն պայմաններ: Երբ Հայաստանում, այն հեռավոր տարիներին, շատերը դեռևս չէին լսել համակարգիչների մասին, շնորհիվ Սրբազանի ջանադիր գործունեության, դրանք ձեռք բերվեցին և տեղադրվեցին մեր Թեմում, ինչը դյուրին դարձրեց բոլորիս աշխատանքը: Երիտասարդ եպիսկոպոսը պատասխանատվություն էր զգում յուրաքանչյուրիս համար: Դե, նրա անհանգիստ բնավորությունը հայտնի էր դեռևս ուսանողական շրջանից: Եթե ինչ-որ ծրագիր, նկատառում ուներ, քուն ու դադար չկար: Սա վերաբերում էր մանավանդ խոնարհված եկեղեցիների վերանորոգմանն ու նորերի կառուցմանը: Իր նպատակին հասնելու համար ոչ մի դուռ չէր շրջանցի:

1990-ին Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Գարեգին Սրբազանը հիմնադրեց Սևանի (հետագայում` Վազգենյան) Դպրանոցը, որը դարձավ նրա ամենասիրելի երեխայրիքը: Նոր կրթօջախում դասավանդելու հրավիրվեցին կրոնի, լեզուների, պատմության, գրականության, գիտության և այլ բնագավառների տարբեր ԲՈՒՀ-երի ժամանակի լավագույն մասնագետները: Կազմակերպչական այս աշխատանքը պահանջում էր անասելի ջանք, եռանդ: Թեև մեր ժողովրդի համար դժվար տարիներ էին, այնուամենայնիվ, ամեն առավոտ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեքենան Սևանի Վազգենյան Դպրանոց էր հասցնում դասախոսներին, ապա պարապմունքների ավարտից հետո նրանց ետ բերում Երևան: Իսկ ընդամենը մի քանի տարի անց,1996 թվականին, Սևանի Վազգենյան դպրատան բակում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով կառուցված եկեղեցի-մատուռը եկեղեցաշինության վերածննդի առաջնեկը դարձավ մեր հայրենիքում:

Հիշում եմ, բազմաթիվ անգամներ, երեկոյան ուշ կհայտնվեր Սրբազանը ու կառաջարկեր.ՙՉգնա՞նք Սևան, տեսնենք սաներն ինչպես են, սնունդըն ինչպե՞ս է, հո չե՞ն մրսում՚: Այդ շրջանում ես արդեն Թեմի դիվանապետն էի, և մեր հանդիպումներն ամենօրյա էին: Համատարած աղքատության ու մթության ծանր տարիներ էին: Սրբազանը, Բարձյալի շնորհով Սփյուռքից Հայաստան օգնություններ էր կազմակերպում: Ինքնաթիռները տոննաներով շրջափակված երկիր էին հասցնում սննդամթերք, հագուստ, գրենական պիտույքներ, այն ամենը ինչ անհրաժեշտ էր գոյատևման այդ պայքարում: Թեմում կազմված հանձնաժողովը, գլխավորությամբ Սրբազանի, տեղ հասած օգնությունը հասցեագրում էր հանրապետության տարբեր շրջանների: Առաջնությունը տրվում էր խուլ, հեռավոր գյուղերի բնակիչներին: Այդ տարիներին ինձ համար բացահայտվեց Սրբազանի բնավորության ևս մի կարևոր գիծ: Ապշեցուցիչ ու կատարյալ էին Սրբազանի դիվանագիտական ընդունակությունները: Հոգևոր ծառայության բերումով նա բազմաթիվ հանդիպումներ էր ունենում երկրի տարբեր պաշտոնյաների` սկսած Նախագահից, մինչև օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ: Պետք էր տեսնել, թե ինչպիսի արժանապատվությամբ էր Գարեգին Սրբազանը ներկայացնում Հայ Եկեղեցին, մեր ժողովրդին:

Ցանկացած գրություն, որ դուրս էր գալիս Արարատյան Թեմի Դիվանից, անպայման պետք է անցներ նրա ձեռքով, աչքի էր անցկացնում, տեղին դիտողություններ անում: Գրավոր խոսքի նկատմամբ ունեցած նրա յուրահատուկ զգացողությունը և պահանջկոտությունը հասնում էր բծախնդրության: Խոսքը պետք է լիներ կատարյալ ու ճշգրիտ: Այս իրողությունը պարտադրում էր հասցեատերերին ևս անպայմանորեն նման պատասխանատվությամբ վերաբերվել սեփական պատասխանին: Արարատյան Թեմի գրագրությունն այդ տարիներին կատարյալ էր:

Առաջին հայացքից խստաբարո թվացող Սրբազանը կատակասեր ու հաճելի զրուցընկեր էր: Պաշտոնական հանդիպումներից դուրս, մտերմիկ շրջապատում բացահայտվում էր նրա անսահման սերը դեպի ժողովրդական համով-հոտով բառն ու բանը: Անեկդոտների, հատկապես ապարանցիներին վերաբերող զվարճալի պատմությունների իմացությամբ նա անգերազանցելի էր:

…Երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսը ամեն տարի, Մեծ Պահքի շրջանում, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում չորեքշաբթի երեկոյան ժամասացության ժամանակ հանդես էր գալիս քարոզխոսությամբ:

Հիշում եմ՝ մի անգամ հերթական քարոզը ավարտելուց հետո Վեհափառ Հայրապետը առաջնորդարան բարձրացավ: Հոգնած թեյ էր խմում, երբ ձեռքը վերցրեց սեղանին դրված նարինջը և հիացումով բարձրացրեց. ՙԻնչ աղվոր է, որտեղի՞ց է՚: Պատասխանը չուշացավ: ՙԱպարանից է, Վեհափառ՚ - լսվեց ներկա գտնվող Սրբազանի ձայնը: Գարեգին Առաջինը մի պահ լրջացավ, երևի փորձում էր համոզվել լսածի ճշմարտության մեջ, ապա քահ-քահ ծիծաղեց:
Համոզված եմ, որ տասնամյակներ հետո երախտապարտ հայորդիները բարի խոսքով ու հիացումով պիտի նշեն Հայ Առաքելական Եկեղեցու զարթոնքի, բուռն եկեղեցաշինության այս տարիները, որի երջանիկ ժամանակակիցներն ենք մենք:

"Ընդհանուրի մեկ մասնիկը լինելու զգացողությամբ ու ապրումով է, որ մարդկային հոգին ունակ է տխրել ուրիշի տխրությամբ, սիրել ընկերոջը, ինչպես սեփական անձը, և բարին գործել":

Գարեգին Երկրորդի այս խոսքերը լավագույնս են բնութագրում նրա իսկ անձն ու եկեղեցանվեր գործունեությունը:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 868

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am