Ս.թ. մարտի 12-ին Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը և Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը այցելեցին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի Պատրիարքական նստավայր: Հանդիպման սկզբում Պատրիարքը ողջունեց հյուրերին և խոսքը փոխանցեց Օ.Եսայանին: Իր խոսքում դեսպան Օ.Եսայանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ողջունել Պատրիարք Կիրիլին Հայաստան կատարելիք այցի նախօրեին: Դեսպանը նաև ավելացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ջերմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը, որը անցել է պատմական դարավոր ճանապարհ, հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ բարեկամական հարաբերությունները: Երկու եկեղեցիների միջև ստեղծված հոգևոր կապը սերտացնում է երկու ժողովուրդների հարաբերությունները և, նորից ողջունելով Պատրիարք Կիրիլի առաջիկա այցը, դեսպան Եսայանը նշեց, որ դա կծառայի վերոնշյալ հարաբերությունների խորացմանը: Պատրիարք Կիրիլը իր հերթին նշեց, որ մոտակա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Ռուսական Պատրիարքարանի պատվիրակությունը կմեկնի Հայաստան, որով մի նոր քայլ կարվի երկու քույր եկեղեցիների բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում: Պատրիարք Կիրիլը նաև նշեց, որ երբ պետությունները և ժողովուրդները գտնվում են հոգևոր ներդաշնակության մեջ, պետությունները կարողանում են լիարժեք գոյատևել և համագործակցել բոլոր ուղղություններով: Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվել է այդպիսի մթնոլորտ, որի արդյունքում մեր երկու պետությունները կարողանում են լիարժեք բարեկամական հարաբերություններ զարգացնել: Իր հերթին ՀՀ դեսպանը համաձայնելով Պատրիարքի հետ ասածին, նշեց պետության և հոգևոր հաստատությունների փոխկապակցված աշխատանքների անհրաժեշտությունը ներկայիս հոգևոր տկարության դեմ պայքարելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և Պատրիարք Կիրիլի առաջիկա այցի ծրագրին առնչվող բազմաթիվ աշխատանքային հարցեր: Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:
|