Пятница, 22.11.2024, 20:33Наша страница в FaceBook|RSS
 
  |Главная|Сайт епархии
Главная » 2010 » Март » 1 » ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
17:11
1988 թվականի փետրվարի 28-ին Խորհրդային Ադրբեջանում, փաստորեն, համայն մարդկության լուռ հայացքի ներքո, պետական մակարդակով Սումգայիթ հորջորջված բնակավայրում կազմակերպեց հայերի նոր ցեղասպանություն: Երիտթուրքերի ժառանգորդները նպատակ ունեին հայերին  վախեցնել, հասկացնել տալ, որ ղարաբաղյան հարցի լուծումը ոչ միայն անհնար է, այլև մեծ արյունահեղությունների առջև է կանգնեցնելու նրանց` Ադրբեջանում այդ տարիներին բնակվում էին 500 հազար մեր հայրենակիցներ, որոնց անվտանգությունը մոլեռանդ այդ միջավայրում միշտ էլ դյուրաբեկ էր:

Պաշտոնական տվյալներով այդ և հաջորդ օրը դաժանաբար սպանվեցին հինգ տասնյակից ավելի հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Այլ աղբյուրներ հաղորդում էին հարյուրավոր նահատակվածների մասին:  Մեկ օրում փախստական դարձան ավելի քան 3000-ը: Հրաշքով փրկվածները, կորցնելով ամեն ինչ, ապաստան գտան Արցախում ու  Հայաստանում, ԽՍՀՄ-ի հայաշատ այլ բնակավայրերում:

Սգո տարեդարձի օրը Առաջնորդանիստ «Սուրբ Հարություն» եկեղեցուն մերձակա արհավիրքների զոհ դարձած մեր արյունակիցների անմահ հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ էր հավաքել մոսկվաբնակ հայերին, մշակութային, հասարակական ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սումգայիթի ջարդի զոհերին: Սգո տրամադրությամբ համակված ներկաները ծաղկեպսակներ դրեցին խաչքարի առջև: Ստվար թափորը գլխավորում էին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը և Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը: Սգո միտինգը բացեց թեմի առաջնորդը: Նա ասաց. «Համախմբվել ենք հիշատակի նվիրական այս օրը ոգեկոչելու Սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի լուսավոր, պայծառ հիշատակը, ցեղասպանություն, որ կատարվեց 22 տարի առաջ, փետրվարի 28-ին: Եկել ենք մեր հարգանքը, խոնարհումը, մեր աղոթքը բարձրացնելու նրանց հոգիների խաղաղության և հանգստի համար»:
Ապա խոսքը տրվեց ՌԴ ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանին:

«Կատարվել է ցեղասպանություն` բառիս ամենաբուն իմաստով, հանցագործություն` մարդկության և մարդկայնության դեմ, և, դժբախտաբար, առ այսօր այդ հանցագործությունը իր արժանի գնահատականը` թե քաղաքական, թե իրավական առումով,  չի ստացել իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ նման հանցագործությունները կարող են կրկնվել: Լինենք անկեղծ և խոստովանենք, որ այս հուշարձանները, նրանց մոտ հավաքվելու սովորույթն ու ասված ամեն մի խոսքը մեզ ավելի է պետք, քան զոհերին: Պետք է` մարդ լինելու իրավունքը պահպանելու, մեր հոգու պարտքը կատարելու համար:

Այս անմեղ արյունը անհետ չի կորել: Այսօր, թեկուզ և միջազգայնորեն առայժմ չճանաչված, բայց լիարժեք կայացած և անընդհատ զարգացող Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը  ամենապայծառ հուշարձանն է Սումգայիթյան զոհերի հիշատակին: Այսօր մեր անկախ Հայաստանը, որ համարվում է համայն հայության հայրենիքը, այդ զոհերի հիշատակը հավերժացնող ամենահզոր հուշարձանն է: ԵՎ ինչքան մեր ուշադրությունը սևեռենք այս երկու հայկական պետությունների զարգացմանը, համախմբվենք նրանց շուրջը, այնքան վառ կպահենք բոլոր ժամանակների մեր բոլոր նահատակների հիշատակը»:
Սգահանդեսը հետևյալ խոսքերով եզրափակեց Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը.

«Մենք պետք է վերջ տանք ձևական և կեղծ ազգասիրությանը, ցուցամոլությանը: Ես այսօր մեր շարքերում չեմ տեսնում շատ շատերին: Ու՞ր են նրանք, ովքեր փոխարենը այսօր այստեղ լինելու, այս ողբերգական օրը համերգային կոմերցիոն ուրախ ծրագրեր են կազմում, վարձում 10 000- անոց դահլիճներ,  և այդ  ներկայացնում որպես ազգային ակտ: Եթե մենք գիտենք ով է մեր թշնամին, դա մեծ հաղթանակ է: Բայց մենք  թշնամի ունենք մեր մեջ և պիտի հաղթենք այդ չարին մեր մեջ, որ է` մեր անմիաբանությունը, մեր տկար միասնականությունը: Պետք է լինենք հավաքական, ոգու հզոր արտահայտիչ, ձեռք-ձեռքի տալով զորացնենք մեր հայրենիքը, շենացնենք նորանկախ, ազատ հայրենիքը: Պետք է ունենալ հզոր պետություն, իսկ պետությունը մենք ենք, յուրաքանչյուրս, թե հայրենիքում, թե այստեղ:

Ռուսաստանի մեջ ապրելով մեր խնդիրն է զորացնել դարավոր այն եղբայրությունը, որ կերտել են մեր հայրերը մեր երկու քրիստոնյա հավատակից ժողովուրդների և պետությունների մեջ: Եվ այսօր այդ առաքելության ճանապարհին է Հայաստանի դեսպանությունը Ռուսաստանում, հոգևոր դաշտում  այդ առաքելության մեջ է հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Զորանանք երջանիկ ապագայի տեսիլքով, որովհետև մենք ապրող, մարտնչող, արարող, խաղաղասեր ազգ ենք: Ժամանակն է ոչ թե սգալու, ողբալու, այլ գործելու»:

Ապա «Սուրբ Հարություն» եկեղեցում  կայացավ կիրակնօրյա Սուրբ պատարագի սրբազան արարողություն, հավարտ որի մատուցվեց հոգեհանգստյան հատուկ կարգ անմեղ զոհերի հիշատակի համար:

«Այսօր մենք մխիթարված ենք, որ խոկման, հարգանքի, խոնարհումի սրբազան այս պահին միասին ենք, կողք կողքի ենք, և այստեղ` Սուրբ սեղանի առջև մեր կողքին է ՀՀ Լիազոր և Արտակարգ դեսպան, արժանապատիվ տիար Օլեգ Եսայանը: Այստեղ է, քանի որ նա այս ողբերգությունը նաև համարում է իր անձնական ողբերգությունը»,-հոգեհանգստյան կարգից հետո ասաց Սրբազանը:-«Միասնական ուժերով պետք է անել ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության կանչվեն բոլոր այն չարագործները, ովքեր այսօր իրավունք են վերապահում վերացնել ամբողջ մի ազգի ստեղծած մշակույթը. դուք գիտեք, թե ինչպես պատմական Գողթան գավառում, այժմյան Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, անպատիժ ոչնչացվեցին հազարավոր խաչքարներ, էլ չենք խոսում տասնյակ հազարավոր հայկական մշակութային այն կոթողների մասին, որոնք ծրագրված ոչնչացվել են Ադրբեջանի թե խորհրդային, և թե ետխորհրդային կառավարությունների կողմից:

Լինենք համերաշխ և միասնական: Այս գաղափարը պետք է դառնա մեր հոգու պարտքը»:



Категория: Новости епархии | Просмотров: 1519
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Разделы новостей
Наша газета
Новости епархии [24]
Армянская Церковь [20]
Выпуск [55]
Армения и Арцах [46]
Спюрк [12]
Сайт [24]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am