Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ արդեն մի քանի տարի է Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Մեր ժողովրդի կողմից անսահման հարգանք ու համակրություն վայելող այս ինքնանվեր զորավարը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Այդ տոնի օրը երիտասարդներն աղոթում են այն համոզումով եւ հավատքով, որ Սարգիս զորավարն իրենց սրտի պատգամը հասցնելու է առ Աստված: Ս. Սարգիս զորավարը, հիրավի, հայոց ամենասիրված սրբերից է: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Համաձայն դրանց, իր որդու` Մարտիրոսի եւ տասնչորս քաջ մարտիկների հետ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ի դեպ, Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Պահքից հետո, Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ճաշակում որպեսզի իրենց ապագա ամուսնուն տեսնեն երազում:Հունվարի 30-ի շաբաթը «Սուրբ Հարություն» եկեղեցի էր բերել մի քանի տասնյակ հայ երիտասարդների: Առիթը Սուրբ Սարգսի, մոսկվաբնակ հայ պատանիների և աղջիկ ների շրջանում առանձնապես մեծ վայելում ունեցող տոնն էր: Երեկոյան, հանդիսապետությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, կատարվեց ժամերգություն, որին հետևեց Սուրբ Սարգսի տոնի առիթով երիտասարդների օրհնության կարգ: Կարգից հետո, Սրբազան Հայրը իր պատգամը և օրհնությունը բերեց ներկաներին: Նա մասնավորապես ասաց. «Սիրելի երիտասարդներ: Դուք այստեղ եք, որպեսզի ձեր սերը, խոնարհումն ու նվիրումը մատուցեք Աստծուն և նրա Մեծն Սրբին` արագահաս, սպիտակաձի Սուրբ Սարգսին, նրա նահատակ որդուն` Մարտիրոսին և զինակիցներին: Նրանց կյանքը հավատքի, սիրո, քաջության, արդարության, հավատարմության և առ Աստված` նվիրումի ճշմարիտ վկայությունն էր: Ձեզանից շատերը արդարացիորեն հույս են տածում Աստծո կամքով և Սուրբ Սարգսի միջնորդությամբ ու օրհնությամբ գտնել արժանի կողակցի, որի հետ պիտի անցնեք կյանքի ձեր ուղին:Չեմ թաքցնում, այսօր մտահոգվելու առիթներ շատ ունենք: Մեր երիտասարդներից ոմանք իրենց կյանքում դեռևս չեն կարևորում մեր սուրբ հավատքը, չեն գիտակցում մեր ազգային սրբությունների ու ավանդույթների արժեքները: Նրանց համար, ցավոք, առաջնահերթը հաճույքն ու զվարճանքն է, օտարամուտ արժեքներն ու սովորույթները, որոնք խորթ են մեր ինքնությանը ու վտանգում են մեր ազգային դիմագծի պահպանմանը: Մեր բոլորի սրբազան պարտքն ու հավատքի թելադրանքն է օգնել մեր մերձավորներին, որպեսզի նրանք սթափվեն ու վերադարնան իրենց ինքնությանը: Այնուհանդերձ, այս ժամին մխիթարված եմ, որ հայրենիքից դուրս, Ռուսիո մայրաքաղաքում տեսնում եմ գեղեցկատես, բարեպաշտ երիտասարդների, որոնք եկել են Աստծո տունը իրենց բարի, աստվածահաճո խոհերով ու ապրումներով: Համոզված եմ, որ Սուրբ Սարգիսը ունկնդիր է լինելու ձեր աղոթքներին, խնդրանքներին, և ի դիմաց ձեր հավատքի արժանանալու եք Աստծո երկնային շնորհներին»: Սրբազան Հայրը երիտասարդներին հորդորեց ապրել աղոթական կյանքով և որպես օրվա հիշատակ ընծայաբերեց Նոր Նախիջևանի և Ռուսահայոց թեմի քահանայից դասի կողմից հրատարակված Աղոթագիրքը:Դիանա Ստեփանյան. «Ուզում եմ, որ այս տարին հաջող ու գեղեցիկ լինի ինձ, նաև բոլոր հասակակիցներիս համար: Այդ եմ խնդրելու Սուրբ Սարգսից: Այս տոնը նաև ջերմ առիթ է հանդիպելու ընկերներիս, որոնց հետ մտերմացել եմ այստեղ` մեր եկեղեցում: Այստեղ մեզ է տրամադրված մի սենյակ, ուր ժամերգություններից հետո հավաքվում ենք, զրուցում, խորհուրդներ հարցնում հոգևոր հայրերից: Այս օրերին ես առանձնապես եմ սպասում»:Анна Митина: "Святой Саркис – один из наиболее почитаемых в народе святых. Радостно видеть, что столько молодежи пришло на праздничную службу. Эти ребята с таким вниманием слушали проповедь Владыки, буквально ловили каждое слово! Это говорит о том, что молодежь тянется к своим духовным корням. Это очень важно особенно здесь, в диаспоре".
|