Вторник, 19.03.2024, 09:24Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

Նոր Էջմիածին` համայն Ռուսիո մայրաքաղաքում | Август 2009
-Գերհագեցած օրեր են , Մոսկվայում ոչ հաճախ եմ լինում  և ստիպված եմ շատ սուղ ժամանակահատվածում  կարգավորել մեր այս շքեղ կառույցի շինարարության հետ կապված բոլոր խնդիրները,- այսպես սկսեց մեր զրույցը Մոսկվայի կենտրոնում վեր խոյացող հայկական եկեղեցական համալիրի գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Նա  ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է: Դասավանդում է  ԵրՃՇՊՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում:
1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ։1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:
1992 թվականին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
2000 թվականին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած՝ քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։
2005-2008 թթ. նախագծել է Մոսկվայի հայկական Մայր եկեղեցու ճարտարապետական համալիրը և Պոկլոննայա Գորա հուշահամալիրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Նույն թվականներին նախագծել է Արտաշատի Սուրբ Հովհաննես, Աբովյանի Սուրբ Հովհաննես, Երևանի Էրեբունի թաղամասի Սուրբ   Մեսրոպ Մաշտոց, Արաբկիր թաղամասի եկեղեցիները, ինչպես նաև նոր եկեղեցիներ Սևան և Բերդ քաղաքների համար։
2001-2008 թթ. նախագծել է հայկական նոր եկեղեցիներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքների համար։
2007 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի բակում Ա. Ղուլյանի նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ Քաղաքաշինության նախարարության` “Տարվա լավագույն հուշակոթող” մրցանակին։
2007-2008 թթ. նախագծել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին՝ Հորդանանում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում և “Եղիշե Մանուկյան” մատենադարանի շենքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:


- Ինչումն է այս կառույցի առանձնահատկությունը Ձեզ համար:
- Գրքեր շատ են գրվում, բայց յուրաքանչյուր հեղինակի համար, որպես կանոն, կարևորվում է միայն մեկը: Այս կառույցն իմ ամենակարևոր, գլխավոր գիրքն է:
- Ինչ տեղ ունի Ձեր սեփական «եսը» այս կառույցի նախագծման աշխատանքներում:
-Ճարտարապետի ընդգծված «եսը» խանգարում է կոթողին ժողովրդական դառնալու գործում: Ով՞ եմ ես`ժողովրդիս զավակը: Ժողովուրդն ինքն ունի դարերով հղկված իր «եսը»:  Իմ կոչումը, պարտականությունը այդ «եսը»  թարգմանելն ու  ժամանակակից մարդու համար  ըմբռնելի, ընկալելի դարձնելն է: Եթե չեմ կարողանում կատարել միջնորդի այս առաքելությունը, ուրեմն որպես մասնագետ դեռևս չեմ կայացել:
Քրիստոնեության  ընդունումից ի վեր, մեր ժողովրդի ընտրած ուղին  խիստ յուրահատուկ է եղել: Սա լիովին վերաբերում է ազգային  Ճարտարապետությանը, եկեղեցաշինությանը` մասնավորապես: Աշխարհի տարբեր քրիստոնյա երկրներում նույն`հանրահայտ ճարտարապետական ոճերով ստեղծված կառույցները այսպես թե այնպես իրար նման են: Ազգային մեր ոճը սկզբնավորման շրջանում չնչին աղերսներ ունենալով բյուզանդական և արևելյան որոշ երկրների ճարտարապետության հետ, դարերի ընթացքում այնպիսի մի դիմագիծ ձեռք բերեց, այնպիսի նոր ու թարմ արտահայտչամիջոցներ գտավ, որ դարձավ միանգամայն ինքնատիպ ու անշփոթելի: Իհարկե, այս հանգամանքը մեծապես պայմանավորված էր  մեր բնաշխարհի առանձնահատկությամբ ու պայմաններով, շինանյութերի`մասնավորապես  տուֆի արտակարգ բազմազանությամբ ու որակով, սակայն բացատրել կարելի է միայն մեր ժողովրդի ուրույն աշխարհընկալմամբ ու ստեղծագործական ներուժով, քրիստոնեական ճարտարապետության խորախորհուրդ մեկնաբանության անկրկնելի ձիրքով: Հեթանոսական երկրում  եկեղեցական կառույցների ճարտարապետությունը քրիստոնեության տարածման  գործում մեծագույն առաքելություն ուներ և հզոր գաղափարական կռվան էր: Պատկերացնու՞մ եք`վաղ միջնադարում Երերույքի, Օձունի, Թալինի, տաճարները կամ` Սբ. Հռիփսիմեն ու Զվարթնոցը, իրենց վիթխարի ծավալներով ու նախօրինակը չունեցող ազդու ուրվանկարով` շքեղորեն միահյուսված բնապատկերին: Մարդը, տեսնելով այդ համայնապատկերը, կամ ներս մտնելով այդ տաճարները սարսռել է, զգացել քրիստոնեական հավատքի գերհզոր ուժը: Ճարտարապետությունը  բոլոր ժամանակներում ունեցել է շատ մեծ խնդիրներ: Սակայն խնդրոց խնդիրը մշտապես եղել է որոշակի նպատակի հետամուտ ճարտարապետական կերպարի հարցը, կերպար, որն ունի ազգային և դրանով իսկ` համամարդկային  հնչեղություն: Մեր օրերում ցավալիորեն խեղաթյուրվում է ազգայինի և համամարդկայինի հարաբերման այս պարզ ու հանրահայտ իրողությունը, օտարամոլությունը դարձել է “ժամանակակից” երևալու միջոց: Այս ամենը լավ հասկանալով, մինչ ապագա մոսկովյան տաճարի նախագծումը ձեռնարկելը,  ինքս ինձ հաճախ հարց էի տալիս`ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական տաճարն առհասարակ և` Հայաստանի սահմաններից դուրս`մասնավորապես: Քրիստոնեություն ընդունումից ի վեր մենք կայսրություն չենք  ունեցել, և, բնականաբար, խոշոր տաճարներ կառուցելու պայմաններ ու հնարավորություն չեն եղել: Այսօր մենք ունենք մեր սեփական պետությունը: Կան բոլոր նախադրյալները ձեռնարկելու այդպիսի մի կառույցի շինարարություն: Սակայն մեր ավանդական ճարտարապետության հնարքները չեն նախատեսում  խոշոր չափերի նման կառույց: 1992-ին մասնակցելով Երևանի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթին, առաջին անգամ փորձեցի գտնել այդ բարդ խնդրի լուծման հնարավոր պատասխանը: Մասնավորապես փորձել էի ցույց տալ, որ հիմք ունենալով  մեր  եկեղեցաշինական ավանդույթներն ու ճարտարապետական ձևաստեղծման սկզբունքները, կարող ենք կառուցել այդ ավանդույթներին հավատարիմ խոշորաչափ եկեղեցի, որի էական առանձնահատկությունը ընդգծված խոշորագմբեթ  հորինվածքն է: Առանձնահատկություն, որ խիստ բնորոշ է քրիստոնեական մայրաքաղաքի տաճարային ճարտարապետությանն ու համայնապատկերին: Այնուամենայնիվ, նախագիծը ամբողջովին չընկալվեց, չնայած մրցույթում լավագույնը ճանաչված երկու լավագույն նախագծերից մեկն էր: Անցավ ավելի քան տաս տարի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական հանձնարարությամբ հնարավորություն ստացա խոշորագմբեթ տաճարի թեման զարգացնելու ու նոր մեկնաբանություններով ներկայացնելու այժմ արդեն շինարարության ընթացքում գտվող Երևանի Էրեբունի և Արաբկիր թաղամասերի, ինչպես նաև Աբովյան քաղաքի եկեղեցիներում, իսկ երևանյան մրցութային այդ նախագծի հորինվածքային լուծման հիմնական սկզբունքը կիրառեցի մեր այս եկեղեցու նախագծում: / Ի դեպ`տաճարի 21 մետր արտաքին տրամագծով գմբեթն առայժմ հայ եկեղեցաշինության մեջ կիրառված ամենախոշոր գմբեթն է /: Հետաքրքիրն այն է, որ բացի այս նախագծից, մշակեցի և ներկայացրեցի ապագա տաճարի ևս մեկ տարբերակ, որը համեմատաբար պարզ ծավալաձևեր ուներ: Ուրախությանս սահման չկար, երբ Եզրաս Սրբազանն ընտրեց հենց այս` խոշորագմբեթ, բազմախորան կառույցի տարբերակը: Այստեղ, բարեբախտաբար, հնարավորություն կար կիրառելու երևանյան տաճարի նախագծում մշակված ևս մեկ սկզբունք` տաճարի ճարտարապետական հնչեղությունը եկեղեցական տարաբնույթ շենքերով կազմված համալիրով լրացնելու, ամբողջացնելու և դրանով իսկ` ավելի ընդգծելու ու կարևորելու սկզբունքը: Այժմ արդեն օրըստօրե վերջնական, տուֆակերտ կերպարանք առնող համալիրում` Մատուռի, առաջնորդարանի և կրթամշակութային կենտրոնի շենքերով կազմված տաճարային հրապարակում անիական վարդագույնով ու հաղթահասակ կեցվածքով իշխում է գմբեթազարդ Տաճարի ուրվանկարը:
- Արդյո՞ք շատ են  ճարտարապետության, մասնավորապես եկեղեցաշինության  բնագավառին վերաբերող տեսական այն աղբյուրները, որոնք մեզ են հասել միջնադարից, որոնցից և օգտվել եք Դուք:
-Ցավոք, մեզ չի հասել ճարտարապետությանը վերաբերող միջնադարյան որևէ ձեռագիր, որևէ մագաղաթ: Կան միայն որոշ անուղղակի տվյալներ, որոնք վկայում են միջնադարում ճարտարապետական նախագծման և դրա տեսական հիմնադրույթների հնարավոր գոյության մասին: Այս ուղղությամբ կատարած պրպտումների արդյունքում հանգել եմ այն համոզման, որ միջնադարում ճարտարապետական կառույցի ապագա հորինվածքաձևերը նախանշվել են հենց քարասալերի վրա, որոնք հետագայում օգտագործվել են պատերի ու ծածկերի շարվածքում` զարդաքանդակների տեսքով, այսինքն`շինության  գծագիրը միջնադարյան ճարտարապետը վեր է ածել զարդաքանդակի: Այսպես` Մակարավանքի գավթում մի զարդաքանդակ կա, որն ուղղակի շինության ծածկի գծագիրն է:
Մեր ճարտարապետությունը վաղ միջնադարում ավելի զուսպ ու մոնումենտալ էր: Հետագայում,  դրսի ազդեցությանն ավելի զգայուն քաղաքային կյանքը նպաստեց նրան, որ կառուցվող նոր եկեղեցիները պճնվեն մանրադրվագ տարրերով, քանդակազարդերով: Վերադառնալով մեր զրույցի գլխավոր թեմային, ավելացնեմ, որ այս բոլորը, բնականաբար, հաշվի առնելով  նախաձեռնեցի մոսկովյան տաճարի համալիրի նախագծումը: Չէ որ այն պետք է դառնա հայ բազմադարյան ճարտարապետության լիիրավ դեսպանը աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում: Այստեղ այցելող մարդիկ պետք է իմանան, որ Անի ու Աղթամար կառուցող ժողովուրդը կա, հարատևում է և շարունակում է համաշխարհային ճարտարապետության այդ գոհարների ավանդույթները: Այս կառույցը պիտի լինի մի փոքրիկ Հայաստան: Պատահական անցորդն ու այցելուն պիտի հասկանան, որ սա Հայաստանն է:
Հանրագումարելով ասվածը, ընդգծենք մեր նախագծի երկու կարևոր ելակետային սկզբունքները` որպես ընդհանուր դրույթ` մեր ազգային ճարտարապետությունը արժանավայել ներկայացնել դրսում և արժանի լինել այն քաղաքի միջավայրին, որտեղ կան շատ լուրջ, խոշոր,  համաշխարհային ճարտարապետության մեծարժեք կառույցներ: Մոսկվան ունի ուղղափառ ճարտարապետության գլուխգործոցներ և սա անտեսել չի կարելի: Ասել կուզի`մենք հաշվի ենք առել տեղի ճարտարապետական ավանդույթները: Վերջինս, ի դեպ, ճարտարապետության չգրված օրենքներից է: Անկյունային գմբեթիկների հետ միասին մեր եկեղեցին իր ընդհանուր հորինվածքում ունի հինգ գմբեթ` այս երևույթը հարազատ է Ռուսաստանի ուղղափառ միջավայրին: Բայց մենք ունեցել ենք Ավանի վաղ միջնադարյան և Անիի “Սուրբ Առաքելոց” հնգագմբեթ տաճարները: Մի խոսքով` այս եկեղեցին ոչ միայն հայկական է, այլև մոսկովյան: /Հատկանշական է, որ եկեղեցու նախագծի` մոսկովյան քննարկումներում այս մոտեցումը ընկալվեց մասնագետների և իշխանությունների կողմից ու բարձր գնահատվեց/:
Եկեղեցու կառուցման ընթացքին զուգահեռ, Եզրաս Սրբազանի հետ մեր հաճախակի քննարկումներում որոշեցինք, հաշվի առնելով կառույցի եզակի բնույթն ու ստեղծված հնարավորությունը, այն ավելի հարստացնել արտաքին պատերի զարդաքանդակներով և պատկերաքանդակներով: Իհարկե, եկեղեցին` ընտրված հորինվածքի շնորհիվ ինքը յուրօրինակ քանդակ է`ստեղծված շքամուտքերի, ներքին բազմախորանությունն ընդգծող որմնախորշերի և ընդհանրացնող ծավալաձևերի միջոցով, սակայն ճարտարապետական որմնաքանդակներով կերպարի էլ ավելի թանձրաշերտ դարձնելու ավանդույթը ևս խիստ ազգային է և այս պարագայում` միանգամայն տեղին ու արդարացված: Նախ` պատերին քանդակված  խաչքարերի ու խաչապատկերների բազմազանությունն ու քանակը աննախադեպ են: Սրանով  շեշտված է Խաչքարի` որպես “հայկական սրբապատկերի” նվիրական խորհուրդը մեր ժողովրդի հոգևոր կյանքում: Արևելյան ճակատում  պատկերվելու է Քրիստոսը` չորս Ավետարանիչների հետ: Արևմտյան ճակատը զարդարելու է գահակալ Քրիստոսը, որից աջ Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանն է, իսկ ձախ` Թադեոս ու Բարդուղիմեոս  Առաքյալներին պատկերող հորինվածքը: Սյուժետային շարքն ընդգրկում է Ավետման տեսարանը, Սուրբ Ծնունդը: Սրանք տեղադրվելու են զանգակատան պատերին: Շարունակությունն ազգային է`Հռիփսիմյան կույսերի, Վարդանանց պատմությունը, Գրերի գյուտը, Ս. Գրիգոր Նարեկացին ու Ս. Ներսես Շնորհալին…: Կարելի է պտտվել եկեղեցու շուրջը և ծանոթանալ մեր հավատքի պատմության հանգուցային դրվագներին` հյուսված զարդագոտիների անվերջանալի թվացող շղթայով: Եկեղեցին, հավատքը, անսպառ, անվերջ ճանապարհ է, / ինչպես անվերջ է  արվեստի ճանապարհը/, գնում ես, գնում ես ու տեղ չես հասնում, քանի որ հեռվում միշտ կա անհասանելի Կատարյալը …:
Ցավոք, մինչ շինարարական աշխատանքների իմ կողմից հանձն առնելը, համալիրի հիմքերն արդեն կային և, բնականաբար, կային նաև այս կարգի դժվարություններ: Արդեն կառուցված հիմքի  վրա որոշեցինք կառուցել մատուռ: Դա շատ համարձակ քայլ էր` փոխվեց համալիրի ընդհանուր տրամաբանությունը: Հիմնովին վերանախագծված համալիրում հրաժարվեցինք ցանկապատից, որպեսզի տաճարը “դուրս բերենք”  դեպի քաղաք: Այս որոշումը արժանացավ Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կուզմինի հավանությանը:
- Մասնագիտական գիտելիքներից զատ ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ ճարտարապետին:
- Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է մտածել միջնադարյան հայ ճարտարապետը, մեկուսացած իր լեռնաշխարհում: Անհնար է հասկանալ նրա ստեղծածի արդյունքը, եթե չգիտես նրա ստեղծագործական ներքնաշխարհի սահմանները: Իհարկե պրոֆեսիոնալիզմը երբեմն խանգարում է ազատ, անկաշկանդ մտածել: Միշտ ձգտել եմ անմիջականության, ինչը հատկանշական էր մեր նախնիներին: Տարիներ առաջ, երբ սկսել էի լրջորեն զբաղվել ճարտարապետության պատմությամբ, Հայրիկ Մուրադյանի դուստրը` բանասեր ու երաժշտագետ Մարո Մուրադյանը այս թեմայով մեր զրույցներից մեկի  ժամանակ ասաց. “Որպեսզի  լավ ճանաչես միջնադարը, պետք է հրաշալի իմանաս մանրանկարչությունը, հոգևոր երաժշտությունը, տարազը, կենցաղը,  մինչև անգամ միջնադարի մարդու հոգեբանությունը, որովհետև նա գործել, ապրել, ստեղծագործել է այլ տրամաբանությամբ”:  Աշխատել եմ այս սկզբունքով: Իմ հետաքրքրությունները բազմազան են: Զբաղվել եմ մանրանկարչությամբ, կիրառական արվեստով, ազգային տարազով, սիրում եմ ազգային-ավանդական երգն ու պարը /եղել եմ “Ակունք” ազգագրական անսամբլի անդամ/, գրականությունը, հատկապես պոեզիան, ինքս եմ գրում բանաստեղծություններ, որոնց մի մասը  հրատարակվել են: Ի վերջո, զբաղվում եմ գեղանկարչությամբ, որը, գոնե ինձ համար, անբաժանելի է ճարտարապետությունից…:
- Եթե հնար լիներ հանդիպելու միջնադարի հայ ճարտարապետին, ապա ի՞նչ հարցով կդիմեիք նրան:
- Ի՞նչ սկզբունքներով է նա կառուցել:Նախապես կա՞ր արդյոք  որևէ նախագիծ: Գիտե՞ր, ի վերջո, թե արդյունքում ինչ է ստացվելու, թե՞ ստեղծագործում էր հանպատրաստի: Ես մասնագետ եմ ու չեմ պատկերացնում, թե առանց նախնական գծագրական աշխատանքի ինչպե՞ս են նրանք` այդ` հաճախ անանուն Վարպետները  ստեղծել այդքան բազմազան ու այդքան կատարյալ կոթողներ…: Ենթադրենք, թե մի սերունդ բանավոր տիրապետել  է այդ գաղտնիքներին, իսկ հաջորդնե՞րը…Չէ՞ որ սերնդափոխությունն այդքան սահուն չի եղել` անընդհատ արշավանքներ, կոտորածներ, գաղթեր:
- Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ Ձեր աշխատանքում:
- Հնօրյա եւ նորօրյա արվեստն` իր ամենալայն ընդգրկումով, բնությունն` իր նախաստեղծ կատարելությամբ և, ինչ խոսք` հայ միջնադարյան ճարտարապետության սքանչելի կոթողները: Ճարտարապետությունը բնության շարունակությունն է: Արարիչ Աստծուց հետո միայն ճարտարապետն իրավունք ունի բնության մեջ ինչ-որ բան փոխել..:
Նաև այն լեռնաշխարհը, որի ծնունդն եմ` Արցախը, իմ հայրենի /այժմ`կորուսյալ ու ավեր/ Գյուլիստանը` թիկունքին կանգնած Մռավ սարով, որի գագաթը ասես ժայռերին բազմած տաճարի գմբեթ լիներ…: Երբեմն թվում է, թե նախագծածս տաճարների նախօրինակը հենց…Մռավն է…
- Ի՞նչ ճարտարապետական կառույց է պակասում Երևանին:
-Լավ եկեղեցի: Աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մայրաքաղաքը իր համայնապատկերում պետք է ունենա իր պատմությանն արժանի տաճար:
- Սփյուռքն ապագա ունի՞:
- Վերջին հաշվով` ոչ: Ու՞ր են տաղանդավոր անեցիները, ովքեր Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում արարել են, կառուցել: Անիի մայր տաճարի խոյակները կարելի է տեսնել ամենուր, որտեղ նրանք ապրել են:
Այսօր աշխարհը քիչ այլ է: Սփյուռքի գոյատևումը կախված է մեր հայրենակիցների ազգային, մշակութային միաբանությունից: Եթե  հայերը չունենան միավորող, համախմբող մի կառույց, մի ուժ, հպարտության տեղիք տվող ազգային մի գաղափար, ապա շուտափույթ ուծացումն անխուսափելի է: Հուսանք, որ կառուցվող համալիրը ծառայելու է հենց այդ նպատակին:

Օգտագործվել են Արտակ Ղուլյանի մանրանկարները

Զրույցը վարեց Հասմիկ Գրիգորյանը



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 4053

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am