Կեցցե՛ս, "Արցախ" | Апрель 2010
Ապրիլի 13-ին Մոսկվայի կոմպոզիտորների տանը հաջողությամբ անցավ «Արցախ-կվինտետ և հայ նոր երաժշտություն» խորագրով համերգը: Վերջին տարիներին մոսկովյան ամենահեղինակավոր բեմահարթակները հեղեղած շոուաստղերի, ռաբիս կոչվածի հետ սերտագույն մտերմություն, հաճախ ուղղակի կապ ունեցող կեղծ ազգային-ազգագրական «երաժշտական արտադրանքի» կողքին երկարատև, թերևս տասնամյակների ընդմիջումից հետո ներկայացվեց հայ նոր դասական երաժշտությունը` բազմազան ու հետաքրքիր մի՛ ծրագրով` թե՛ հեղինակների, թե՛ ժանրային առումով: Համերգի հաջողությունը մեծապես ապահովեց փողային նվագարանների «Արցախ-կվինտետը», որի մասնակիցները` Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանողներ Արտաշես Գրիգորյանը` ֆլեյտա, Պավել Զագրիբաևը` հոբոյ, Ալեքսանդր Շուշպանովը` կլարնետ, Վասիլի Մայստրենկոն ` վալտորն, Վլադիմիր Պրոցենկոն` ֆագոտ, ունկնդրին ներկայացրեցին տեմբրային հարուստ մի ներկապանակ` զարմանալիորեն հարիր հայ երաժշտության ոգուն: Հնչեցին Գեղունի Չթչյանի, Դավիդ Ազարյանի, Արմեն Բոյամյանի ստեղծագործությունները: Տեմբրային հագեցած, գունեղ հնչողությամբ առանձնացավ հատկապես Էդուարդ Սադոյանի «Վարիացիաներ ժողովրդական թեմաներով» ստեղծագործությունը` փողային քառյակի համար: Անսպասելի լուծումներով հնչեց Գագիկ Հովունցի «Քոչարին»` հոբոյի և դաշնամուրի համար: Ֆլեյտայի` որպես մենակատար գործիքի հնարավորությունները վիրտուոզ մեկնաբանությամբ դրսևորվեցին Գ.Հովունցի «Ինվեցիաներում»: Ծրագրի երկրորդ բաժնում ամբողջական և հասուն կատարումով, անսամբլի լավ զգացողությամբ առանձնացավ Ալ.Հարությունյանի «Սյուիտ ժողովրդական թեմաներով» կվինտետը. կատակային ու կրակոտ «ֆորկան», դրամատիկ ու քնարական «Վարդ սիրեցի փուշ դառավ» ժողովրդական մեղեդին կարոտախտի նրբին ելևէջներով ալիքվեցին դահլիճում և ջնջելով սահման ու տարածություն` լսողին տեղափոխեցին Հայաստան: Դահլիճի հուզմունքը կրկնապատկվում էր, քանի որ բացի արմատներով արցախցի Արտաշես Գրիգորյանից, «հայերեն խոսում էին» ռուս երաժիշտները` նրբորեն զգալով մեր ազգային երաժշտական հենքի լուսաստվերներն ու գույները: Համերգին յուրահատուկ ջերմություն հաղորդեց «Հայորդյաց տան» սանուհի, խոստումնալից երգչուհի Անժելի Գևորգյանի գեղեցիկ սոպրանոն: Համերգը եզրափակվեց մաեստրո Կ.Խաչատրյանի «Մանկական երաժշտություն փողային կվինտետի համար» գործով` դասական մի պատմություն մանկության անմիջական, գրավիչ աշխարհի, ուրախ խաղերի և դերախաղերի «անուշ լրջությունների» մասին:Այս համերգով «Արցախ-կվինտետը» հաստատեց, որ բոլոր նախադրյալներն ունի հասնելու ստեղծագործական լուրջ հաջողությունների: Հենց այսպես, անցյալ դարասկզբին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողներ ստեղծեցին հայ կատարողական արվեստի ամենաբարձր որակը ներկայացնող Կոմիտասի անվան լարային քառյակը:Անի Գևորգ
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |
Всего комментариев: 0 Просмотров: 1187
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|