ԵՍ ՀԱՂԹՈ՛Ղ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ | Май 2012
Եթե հարցնեն, թե Ստեփանակերտը իմ պատկերացումներում ինչի հետ է զուգորդվում, անվարան կպատասխանեմ՝ ժպտերես, գեղեցկադեմ մանուկների : Մանուկները, համոզված եմ, կազմում են քաղաքի բնակչության եթե ոչ մեծ, ապա, այնուամենայնիվ, հիմնական մասը: Նրանք ամենուր են՝ բակերում, նշանավոր Պիտաչոկում՝ երիտասարդ մայրերի, տատիկների, մանավանդ պապիկների հետ զբոսնելիս, դպրոց գնալիս ու դպրոցից տուն դառնալիս: Նրանք կանաչի մեջ թաղված այս քաղաքի գլխավոր հերոսներն ու գործող անձերն են: Ինչ-որ հարց եմ տալիս չորսամյա Արսենին, ըստ երևույթին՝ անհեթեթ մի հարց, որ մենք՝ մեծերս «պատրաստ ունենք» փոքրերին սիրաշահելու համար… Արսենը իր ահռելի աչքերով նայում է ինձ և խորին ինքնահարգանքով խրոխտ արտաբերում. -Հայերե՛ն խոսե:
Դե, իմ հայերենը փոքրիկ արցախեցու համար էնքան էլ հայերեն չէ: Արսեն ջա՛ն, մյուս այցիս Ստեփանակերտ խոստանում եմ քեզ հետ քո հայերենով փորձել խոսել:
Երիտասարդ ծանոթուհիս հատուկ ջանասիրությամբ պատրաստվում է ավարտական քննություններին: Պատմության թեմաների մի գերակշիռ մասը վերաբերում է Արցախյան հերոսամարտին:
-Էսքանը ո՞նց հիշեմ, դեպքերը կարգին չեմ պատկերացնում, - պատանեկան ձևացյալ մտահոգությունը դեմքին, ժպտալով ասում է նա:
- Հայրիկիդ հարցրու, - հուշում եմ ես: Գիտեմ, նրա հայրը պատերազմի հերոսներից է, հարգված ազատամարտիկ:
- Հայրիկը չի սիրում հիշել պատերազմը,-լրջանում է նա ու լռում:
Պատերազմն անսպասելի էր բոլորիս համար,-պատմում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հացերի նախարար Նարինե Աղաբալյանը: -Մենք մեր պահանջը ներկայացրեցինք խաղաղ ցույցերով, չգիտակցելով, որ դա կբերի պատերազմի: Դյուրահավատ ու պարզամիտ էինք, հավատում էինք, որ Խորհրդային իշխանությունները կհարգեն մեր արդարացի պահանջը, և ամեն ինչ խաղաղ ընթացք կունենա:
Սումգայիթից հետո հասկացանք, որ գոտիներս պետք է պինդ ձգենք ու պատրաստ լինենք պատերազմելու: Այդ ժամանակ կտրուկ փոխվեց մեր մտածելակերպը: Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ այլընտրանք չունեինք՝ մահ կամ հաղթանակ: Եվ, փառք Աստծո, կարողացանք արժանապատվորեն հաղթահարել ամեն դժվարություն: Հաղթանակը բոլորինս էր՝ թե կռվող զինվորներինը, և թե՛ թիկունքում նրանց՝ իրենց որդիներին, ամուսիններին , հայրերին, եղբայրներին սպասող կանանցը և երեխաներին: Վերջիններս, իրենց մանկան միամտությամբ, նկուղում նստած, հրթիռակոծումները սկսվելուն պես, աշխուժորեն հաշվում էին արկերի քանակը, լսողությամբ որոշում՝ ընկածը «Գրա՞դ» է, «Ալազա՞ն», թե՞՝ այլ ինչ: Զավեշտ է՝ բայց այս էր իրողությունը:
Այսօր ունենք մի նոր սերունդ, որ չգիտե ինչ է պատերազմն ու անազատ՝ ուրիշի ենթակայության տակ ապրելը, մեծացել է անկախ, թեև՝ առայժմ չճանաչված մի երկրում ու չգիտի էլ, թե այդ ճանաչումը ինչ է փոխելու իր կյանքում: Բայց պիտի ասեմ, որ նա պակա՛ս հայրենասեր չէ: Գիտե, թե սխրանքի ինչ ճանապարհ են անցել մեծերը: Այս երիտասարդների հոգում հայրենասիրությունը ոչ թե վտանգի զգացողությունից է, այլ մայր հողի համար ունեցած հպարտությունից:
Դա ակնհայտ էր քանի օր առաջ, երբ նշեցինք մեր բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման քսան ամյակը: Երիտասարդների համար կազմակերպեցինք մի քայլարշավ՝ Շուշիի ազատագրման երթուղիներով: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, ցանկացողների թիվը մեծ էր: Անցնելով հերոսական մարտուղին, նրանցից յուրաքաչյուրն իր հետ Շուշի բերեց Եռագույնի մի մասը: Շուշիում նրանք միացան և ծածանեցին քսան մետր երկարություն կազմող Եռագույն դրոշը: Այդ օրերի նրանց խրոխտ պահվածքն արդեն ամեն ինչ ասում էր: Մեզ փոխարինելու է գալիս մի սերունդ, որ հարկ եղածին պես ցույց կտա իր նվիրումը , ուժը, սերը դեպի հայրենիքը: Տարուց տարի փոխվում է նրանց տրամադրությունը: Հիշելի է ապրիլի 24-ի երիտասարդական ջահերթը: Այդ օրը որպես կարգախոս ընտրվեցին հետևյալ բառերը. «Մենք հաղթո՛ղ բանակի զինվորներ ենք»: Այս խոսքերը գրված էին երթի դուրս եկածների վերնաշապիկների վրա: Ընդհա՛նրապես, Արցախում բնակվող յուրաքանչյուր մեկ զինվոր է, լինի մեծ, թե՝ մանուկ: Սա ոգևորիչ է: Իսկապես, երբ հարցնում են, թե ինչքան զինվոր կա Արցախում՝ մեր նախագահը պատասխանում է՝ 140 000, այսինքն, այնքան, ինչքան բնակիչ ունի Արցախը: Դա՛ է այսօրվա իրողությունը:
-Ի՞նչ կասեիք վերջին քսան տարում Արցախից հեռացած մեր հայրենակիցներին:
- Ես կողմնակից չեմ որևէ մեկին մեղադրելու Արցախից հեռանալու համար: Յուրաքանչյուրին, հարկավ, ինչ որ պատճառ ստիպել է այդ քայլին դիմել: Ցանկալի կլիներ, որ նրանցից ամեն ոք, թեկուզ, որպես զբոսաշրջիկ, փորձեր գոնե մեկ անգամ այցելել հայրենիք, տեսնելու, թե ինչքան է փոխվել Արցախը: Վստահ եմ, առաջին իսկ այցելությունից հետո նրանց հոգում, ապագայի վերաբերյալ նրանց խոհերում, սպասելիքներում շատ բան կփոխվի: Իհարկե՛, հաղթանակը ձեռք ենք բերել, բայց ամենադժվարը այդ հաղթանակը պահելն է:Այսօր մենք փորձում ենք ամեն ինչ անել դրա համար: Մենք գիտենք, որ առաջին հերթին այստեղ է որոշվում մեր ճակատագիրը: Ինչքան ամուր կանգնենք մեր հողի վրա, այնքան անձեռնամխելի են լինելու մեր նվաճումները: Այս առումով մենք բոլորս անելիքներ ունենք, և դա անպայմանորեն նյութականին չի վերաբերում: Պարզապես, պետք է գալ, սեփական աչքերով տեսնել, հասկանալ, թե որն է քո անելիքը ու շարժվել առաջ: Հակառակ դեպքում, միևնույն է,տարիներ անց յուրաքանչյուրիս հոգում մեղավորության ինչ-ինչ զգացողություն հանգիստ չի տալու: Ինչքան շուտ ազատվենք այդ զգացողությունից, այնքան լավ:
Այսօր շատերն են վերադառնում Արցախ, թեև, ինչ խոսք, հեռացողներ էլ կան: Վերջին դեպքում պատճառները տարբեր են, բայց ոչ այն՝ թե այստեղ ավելի վատ է, քան ուրիշ մեկ այլ բնակավայրում: Ակնհայտորեն ամեն ինչ փոխվում է դեպի լավը: Եթե հեռանում են, ապա ինչ-ինչ աձնական պատճառներով: Մենք չենք գովազդում՝ մարդկանց այստեղ վերադարձնելու նպատակով: Հայրենիք պետք է վերադառնալ միայն ներքին մղումով, հոգու կանչով: Այսօր կարևորագույնը ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրն է: Գուցե և սա այն հարցն է, որին պետք է ներգրավվի Սփյուռքը:
-Շուշին, որպես Արցախի մշակութային մայրաքաղաք…
-Այսօր աշխատանքներ են տարվում Շուշիի, որպես մշակութային օջախի երբեմնի համբավը վերականգնելու ուղղությամբ: Արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում Մշակույթի մեր նախարարությունը կտեղափոխվի Շուշի: Տեղակայվելու ենք Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքում, որի վերանորոգման հովանավորը մոսկվաբնակ Կոնստանտին Մանուկյանն է: Սա ուրախությամբ եմ նշում, քանի որ նրա այս ձեռնարկը կարևոր ներդրում էր քաղաքի վերածծնդի գործում: Առաջիկա ամիսներին այստեղ կբացվեն երեք մշակութային օջախներ, այդ թվում՝ կերպարվեստի թանգարանը: Այն ձեռնարկել է նախկինում մոսկվաբնակ, այսօր՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը: Ապագա պատկերասրահն արդեն իսկ ունի հինգ հարյուր ցուցանմուշ: Գաբրիելյանցի նախաձեռնությամբ կբացվի ևս մեկ մշակութային օջախ՝ բնության թանգարանը, ուր ցուցադրվելու են բնական բյուրեղների եզակի հավաքածուն, որ անվանի ակադեմիկոսը հավաքել է իր աշխատանքային բեղուն գործունեության ընթացքում: Վերանորոգման վերջին աշխատանքներն են կատարվում նաև քաղաքի Մշակույթի ապագա կենտրոնում, ուր կտեղակայվեն թատրոնը, ժողգործիքների համույթը, ստեղծագործական այլ խմբեր: Նախատեսվում են տարբեր փառատոններ, երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի քանդակի միջազգային սիմպոզիում, որին մասնակցելու կժամանեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչ քանդակագործները: Այնպես որ՝ Շուշիի պայծառ ապագայի հիմքը դրվում է այսօր:
-Ինչպիսի՞ն կտեսնենք Արցախը առաջիկա տասը տարում:
-Ավելի պայծառ, լուսավոր: Շատ կարևոր է, որ միաբան լինենք. սա մեր գալիք հաջողությունների ամենակարևոր պայմանն է:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |
Всего комментариев: 0 Просмотров: 821
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|