Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2-րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, ՙԶաբախա՚ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786-764) արձանագրություններում:
Ի սկզբանե Ջավախքը բնակեցված է եղել հայերով: Այդ մասին վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրներ: Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու` 4-րդ դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց` Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: 16-18-րդ դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով` Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր: Նույն վկայությունը հանդիպում ենք նշանավոր աշխարհագետներ, վրաց հեղինակ Վախուշտ Բագրատիոնի և Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի և այլոց աշխատություններում:
19-րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում: 1828 թ. հուլիսին գեներալ Ի. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը: 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռեղք գավառը) շրջակայքում` վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի: Այդ գաղթի շնորհիվ կրկին վերականգնվեց Ջավախքի նախկին հայեցի էթնիկական պատկերը:
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվեց: Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը: Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ-վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ: Թեև անգլիացիների ճնշման տակ Ջավախքը ժամանակավորապես դրվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918-1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդային Հայաստանը նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով: Սակայն վրաց-ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին: 1921 թ. նոյեմբերի 6-ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ-վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց առ այսօր:
Ալբերտ Իսոյանի փոքր հայրենիքը Սաթխա գյուղն է: Հրաշալի պատմություն, բնություն ունեցող հայաշունչ այս բնակավայրի մասին չկա և ոչ տեղեկություն անգամ «Հայկական Սովետական հանրագիտարանում»: Ինտերնետի ամենագետ կայքերն էլ են լռում օգնության ու փրկության կարոտ հայկական այս օրրանի մասին, թեև երկիր մոլորակի տարբեր անկյուններում իրենց հարմարավետ կացարանը գտած բարձրակիրթ հարյուրավոր սաթխացիներ երեկոները, սեղանի շուրջ, թերևս հիշում են նախնյաց տունն ու Փարվանա կապուտակ լիճը: Գոնե տեղադրեին վիրտուալ մատչելի աշխարհում գյուղի պատմությունը, նրա վշտերն ու վերքերը, այս կերպ համախմբվեին, ի մի գային, օգնության մի հնար գտնեին…
Իսկ դեռևս այսօր, այնտեղ հերոսաբար գոյատևում են մեր արյունակիցները, որոնցից մեկը հրաշալի հայ ու հումանիստ , մեր ազգային արժեքների կրող յոթանասուներկուամյա Ալբերտ Իսոյանն է: Սերը երջանկացնում է մարդ արարածին, Ալբերտ Իսոյանի անտակ սերը դեպի հայրենի եզերքը նրան միայն ցավի տեղիք է տալիս, որովհետև մեծ է մոտալուր կորստի սարսափը: Ինչ, անել, ինչպես փրկել հայրենիքը: Էրզրումցի նախնիների զավակը մի ելք ունի. շուտափույթ թղթին հանձնել տեսածն ու լսածը` նախապապերի, պապերի ու հայրերի, նրանց հերոսությունների, քաջությունների ու թուլությունների, նիստուկացի, սովորույթների մասին, որպեսզի հետնորդներն զգոնացած արմատները որոնելիս չզգան իրենց դատարկության մեջ:
-20 տարի առաջ, երբ գյուղի դպրոցի տնօրենն էի, 700 աշակերտ կար, - պատմում է նա:-Հիմա նրանց թիվը հազիվ հասնում է 260-ի: Պատկերացրեք, թե Ջավախքը ինչ արագությամբ է հայաթափվում: Բանաստեղծություններիցս մեկում գրել եմ` «Զավակներս անգամ լքել են` կերթան»: Սա հաշտվելու բան չէ: Մնայինք մի պատառ հացի, սակայն ընտանիքներով, ազգ ու բարեկամով, դրացի- հարևանով միասին լինեինք: Բայց ինչ անեն` փակված են հայերի համար ապրուստ հայթայթելու բոլոր հնարավորությունները, ոչինչ չի կառուցվում, նպատակամղված արվում է ամեն ինչ, որպեսզի Ջավախքը հայաթափվի: Մեր գյուղի բնակչությունը կազմել է 3500 շունչ: Այսօր 2000 էլ չկա, եղածն էլ ծերունիներ են ու մի երկու մտքները դուրս ջահել: Վերջին տարիներին մոտ քսան սաթխացի իրենց մահը կնքեց Ռուսաստանում` մարդն իննսուն տարի ապրի Աբուլի փեշին ու թաղվի սառը, օտար հյուսիսում…Արդեն անգամ մեռելներին ետ չեն բերում…
Մեր ապուպապերի կերպարը կա տղաներիս մեջ, նրանց ընկերների մեջ: Մինչև ուղն ու ծուծը ջավախցի են, բայց առանց հայրենի հող ու ջրի երկար չես դիմանա, չես պահպանի ինքնությունդ: Դուրս է գալիս`կորցրածդ ավելի թանկ է, քան գտածդ: Հայրենիքն այդպես է կործանվում… ■
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |