Հայոց Հայրապետը բոլորեց
իր ծննդյան 60 տարին, բոլորովին մոտ է գահակալության 12-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը
այս օրերին տոնեց իր անկախ պետականության` Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանը:
Նախախնամության տնօրինությամբ` անհրաժեշտ և երջանիկ զուգադիպում… «Հոբելյանական տոներին
ամեն մի ժողովուրդ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն, իր շնորհքը,
իր մտավոր – հոգեկան ուժերը, որ ընդունակ լինեն պատկառանք ներշնչելու ոչ միայն ազգի
ընդհանրությանը, այլև օտարին»,- ասել է մեծ Թումանյանը: Ուրեմն, որքա՛ն մեծ է մեր ասելիքը,
մեր որդիական խոնարհումն ու ակնածանքը, եթե հոբելյարը Վաղարշապատի առաքելահաստատ գահին
արժանավորապես բազմած Հայոց Հայրիկն է` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ազգընտիր Հայրապետն
Ամենայն Հայոց:
Հոբելյանական հրապարակումներում
Վեհի եկեղեցաշեն , ազգանպաստ, հայրենանվեր գործունեության լուսաբանումը գալիս է փաստելու,
որ մեր երանելի Հայրապետների ծառայության կերպը Քրիստոսի Եկեղեցուն և հայրենի երկրին
նույնն է արդեն1700 տարի, քանզի նրանց Անձը Աբելի անարատ ընծան է Տիրոջը, և իրենք ջահակիրներն
են հայոց ազգային – հոգևոր կյանքի, Ս.Գր. Լուսավորչի շնորհաբաշխ, մշտամնա ներկայության
Վկաները Հայոց Տանը, միայն տարեթվերն են ուրիշ, միայն պատմական իրողություններն են
այլ…
«Ես Հայրապետական
գահ բարձրացա արցունքն աչքիս և վերքը սրտիս»,-դառնությամբ հիշում է Վեհը: Զարմանալի,
առեղծվածային ճակատագիր Հայոց, - 1999 հոկտեմբեր 27-ի արհավիրք, և… Հուսո աստղ, որ
նույն իսկ պահին ճառագեց Միածնաէջ Մայր Աթոռից` այս անգամ որպես Գարեգին Երկրորդ Հովվապետ
Հայոց` Ծառայ Քրիստոսի, Հայոց անկախ պետականության կայացման դժվարին ու հակասական,
ողբերգական ու հերոսական, և այսուհանդերձ, երջանի՛կ ժամանակների Հայրապետ, անկախության
Հայրապետ…
…Օրերի մեջ պայծառ
մի օր` Ք.ծ. 2009 հուլիս 29 –ի առավոտ: Հայրենի խոր կապույտ երկնքից Աստվածային լույսն
է ծավալվում մայր քաղաք Երևանի Ս. Գր. Լուսավորիչ տաճարում: Հավատացյալների բազմությունը
ալիքվում է, երփեղկվում. հոգևոր դասի շքեղ թափորի ուղեկցությամբ տաճար է մտնում Վեհը:
Ժողովուրդը մղվում է դեպի Վեհափառը, համբուրում են Սրբազան Աջը, խաչը, շուրջառի քղանցքները,
խնդրում և ստանում Հայրապետական օրհնություն… Օրը պատմական է, հուզիչ, աննախադեպ` մեր
եկեղեցու 1700 –ամյա տարեգրության մեջ: Հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի,
ներկայությամբ ՀՀ վարչապետի, պետական բարձրաստիճան այրերի, արտասահմանցի բազմաթիվ հյուրերի`
Սուրբ և Անմահ պատարագ է մատուցում ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս
Պարսամյանը: Հընթացս սրբազան պատարագի` քահանա են ձեռնադրվում 27 սարկավագներ, որոնցից
9-ը կուսակրոն քահանայության արժանանալու ուխտ ունեն: -Վեհի գործունեության ամենապտղատու
բաժինն է այս` ամրապնդել երկրիս հոգևոր ատաղձը, պատրաստել նվիրյալ հոգևորականներ` մերան
ու շաղախ ազգային միասնության…Տաճարը լի է աղոթքով, սարսռուն երկյուղածությամբ, հավատավոր
բազմությունն ըմբոշխնում է Աստվածային Զորության ներկայությունը սուրբ կամարների տակ,
հայոց պատարագի վեհությանը միահյուսվում է ձեռնադրման աննկարագրելի խորհուրդը…Գերաշնորհ
Սրբազանը ձեռնադրման կարգը ժամանակ առ ժամանակ ընդհատում է կարճ, կրակոտ քարոզախոսությամբ,
ուր հայոց լեզուն իր հաղթանակն է տոնում…Հուզմունքը սաստկանում է. խոստովանության կարգն
է, խոստովանողը Վեհն է. Հայոց Հայրիկը`գլխաբաց, ծունկի իջած մի Ուխտավոր… Այսպիսի մի
պահի ներկա գտնվելու շնորհը կմաղթեի ամեն մի հայորդու… Ձեռնադրման կարգը շարունակվում
է, Տ. Խաժակ Սրբազանը սրբալույս մյուռոնով օծում է սարկավագների ափերը. ինչքան հավատացյալներ
պիտի խոնարհվեն, համբուրեն այս ձեռքերը` հաղորդվելու համար Աստվածային խորհրդին, քանի-քանի
հայ մանուկներ այս ձեռքերով մկրտության ավազանից նորից պիտի ծնվեն… Վեհը մի աննկատելի
շարժում արեց դեպի խորանը. Գերաշնորհ Սրբազանը Գարեգին անունն է շնորհում կուսակրոն
քահանա ձեռնադրվող մի սարկավագի, որի ազնվական դեմքին, խոհուն աչքերում արտացոլվում
է պահի լրջությունը, ինքնազոհաբերման վեհ խորհուրդը, Ուխտի ծանրության և լծի քաղցրության
գիտակցումը…Ժպիտի մի ստվեր անցավ Վեհի դեմքով, պայծա՞ռ, թե՞, թվաց, խոնարհ աչքերով
նայեց սարկավագին: Պատմության կրկնությու՞նը տեսավ դարերի մեջ, սուրբ նահատակների՞ն
հիշեց`Ավարայրից մինչև Սարդարապատ… Իրե՞ն հիշեց,
21-ամյա երիտասարդ սարկավագ` ուխտեց անմնացորդ, մի սուրբ կրակով այրվել Հայոց Եկեղեցու
սրբալույս խորանին և, աշխարհին թողնելով ավազանի իր անունը, օծումով երկրորդ կյանք
առավ Գարեգին անունով` դառնալու համար հետո զարդը մեր եկեղեցու և խոնարհ ծառան, մեր
Մեծավորը և Փոքրավորը… Երբեք չպիտի մոռանամ ալեկոծ լռության այդ սրբազան պահը, Վեհի
ժպիտի լուսաստվերները…
Գարեգին Երկրորդը
իր ծննդյան 60-ամյակը դիմավորում է գործունեության իմաստուն ու արգասավոր շրջանի մեջ:
Ցանկանանք շնորհընտիր
Հայրապետին արևշատություն, բազում տասնամյակների խաղաղ գահակալություն ու ծաղկուն գավազան`
ի պայծառացումն ազգիս հայոց, ի հաստատություն Հայրենի երկրի և ի բարեզարդություն Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու` իր Միածնաէջ Մայր Աթոռով. ՔԱՆԶԻ Ի ՍՄԱ ԾԱԳԵԱՑ ՄԵԶ ԼՈՅՍ
Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ…
Անահիտ ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայորդյաց տուն»
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |