Հիսուս ծնվեց և մարդկանց երևաց Աստծո լույսն ու փառքը: Նա գալիս է մեր հոգիներում նորոգելու փրկության հույսը, և մեզ զորացնելու մեր հավատքի կյանքի մեջ: Այս ավետիսով մեր բազմաչարչար, Աստծո գաղափարին հավատարիմ ժողովուրդը դարեր շարունակ մաքառել, ապրել և գոյատևել է, փորձություններով, կորուստներով և նաև հաղթանակներով հասել 21–րդ դար: Տիրոջ Սուրբ Ծննդյան օրը, հունվարի 6-ի առավոտյան Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցին մարդաշատ էր: Մայրաքաղաքի ամենահեռավոր վայրերից ու մերձակա շրջաններից մարդիկ եկել էին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին մասնակցելու: Որը, որպեսզի շարունակենք մեր քրիստոնեավայել ընթացքը,
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Սրբազան հայրը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով:
Աստծո Որդին ծնվեց և մարդացավ, որպեսզի, ինչպես ասում են եկեղեցու հայրերը, Աստծո ու մարդու միջև հաշտություն հաստատի, լուսավորի մարդկանց, հեռացնի հուսահատությունը և ցույց տա փրկության ճանապարհը: Պատարագի ավարտից հետո կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Աղոթքներով ու շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց տերունական խաչով եւ սրբագործվեց Ս. Մյուռոնով: Ի հիշատակ Հիսուսի ջուրը մտնելու` սրբազան հայրը խաչն իջեցնելով ջրի մեջ, Աստծուց հայցեց, որ ինչպես Ս. Հոգին իջավ Տիրոջ վրա, այժմ նույնպես իջնի, օրհնի ու սրբացնի ջուրը, որպեսզի այն դառնա «տներին շինություն, հիվանդներին բժշկություն, հոգիներին ու մարմիններին փրկություն»:
Ս. Խորանի վրա էր նաև եկեղեցու նվիրյալ բարերար Լևոն Մանուկյանը, ով արժանացել էր ջրօրհնեքի խաչքավոր լինելու պատվին: Արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրը տուն տարան, որպեսզի ընտանիքի անդամները նույնպես հաղորդակից դառնան օրվա խորհուրդին:
Մինչ այդ, նախորդ երեկոյին, Ճրագալույցի սուրբ գիշերը, Սրբազան հայրը դիմեց հավատավոր ժողովրդին, հետևյալ պատգամով.« Այս լույսը ձեր ձեռքերին, որ մոմի լույսն է, թող դառնա Աստծո սիրո լույսը ձեզ, որ պիտի վառի ձեր հավատի լույսը, որովհետև Քրիստոս դարձավ մեր կյանքի լույսը: Պատկերացրեք, առանց Հիսուսի, առանց Նրա սիրո, ի՞նչ խավար պիտի տիրեր աշխարհում: Ի՞նչ է ապրում ծնողը, երբ աշխարհ է գալիս իր սպասած սիրասուն զավակը, ի՞նչ է ապրում ծնողը, տեսնելով իր զավակին երջանկացած: Ի՞նչ կապրի Հիսուսը, երբ տեսնի մեզանից յուրաքանչյուրին երջանիկ, որպես իր ստեղծած զավակներ, հավատարիմ իր սիրուն, իր պատվիրաններին:
Տեսեք, թե ինչ պայմաններում Ինքը եկավ աշխարհ, երբ կորել էր մարդասիրությունը` ինչպես այսօր: Եկավ ասելու, որ կյանքի այդ ձևը կործանարար է:
Սթափվեցե՛ք, արթնացե՛ք, Աստծո որդին է եկել աշխարհ: Անդրադարձե՛ք Աստվածաշնչին, որ մեր իսկ այսօրվա մասին է նաև: Քրիստոս պահանջեց մեզանից մի բան` որ ինչպես ինքը եկավ իր հոր կամքով աշխարհ` փրկելու մարդկությունը, դուք էլ, որ աշխարհ եք եկել յուրաքանչյուրդ ձեր առաքելությամբ, մնացեք հավատարիմ մեր Փրկչին, չդավաճանեք Նրա պատվիրանին, ինքներդ ձեզ: Շնորհավորում եմ ամենքիդ, սիրելիներս և իմ շնորհակալությունն եմ հայտնումձեզ, բոլորիդ, որ հակառակ այս ուշժամի եկաք և ձեր հոգու մեջ ընդունեցիք նորածին Հիսուսին:
Եկեղեցին այս օրերին թարմացված է, գեղեցկացված: Այս առիթով մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր-բոլոր մասնակիցներին, մասնավորապես մեր հավատացյալներից Գրիգորին, որ մի քանի օր անընդմեջ մաքրում էր մոմակալները, կանթեղը, բուրվառը:
Թող Աստված վարձատրի ամենքին իր սիրով ու աստվածային շնորհներով, որ ապրենք միաբան ու համերաշխ: Աստծո արդարությամ նեջ մնանք մշտապես և չշեղվենք այդ ճանապարհից:
«Մարդկության պատմության մեջ կատարված ամենամեծ հրաշքը այն էր, երբ ինքն Աստված երկնքից երկիր իջավ : Մեզ համար այս պահին մեծ ուրախություն է, պատիվ, քաղցր պարտականություն ձեզ բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:
Այս սուրբ օրը ամենախնամ Տիրոջ կամոք մենք մասնակիցը դարձանք մեծ հրաշապատումի, որ տեղի ունեցավ 2011 տարի առաջ Բեթղեհեմում, համեստ մի քարայրի մեջ:
Գիտեք, որ նոր Բեթղեհեմ է Հայոց Սուրբ եկեղեցին, ուր այսօր խնկաբույր կամարների ներքո, ընդառաջումով բազմահազար հավատացյալ հոտով, Աստծո բարեպաշտ զավակներով, դիմավորում ենք մարդկության Փրկչին և օրհներգում Նրան: Սքանչելի պատվական և մեծ է խորհուրդը:
Այսօր Տիրոջ ողորմած կամքով Խաչքավորի պատվական շնորհին արժանացավ մեր եկեղեցու նվիրյալ բարերար ու մեր ազգի արժանավոր զավակը` Արամ Լևոն Մանուկյանը: Սա հատուկ շնորհ է, նշան վարձատրության, որ երկնքից բերվեց իր անձի ու ընտանիքի վրա, որովհետև ինքը լինելով սիրեցյալ զավակը իր ծնողաց, ովքեր վկայել են իրենց կյանքը բարեպաշտ հավատքով Աստվածահաճո գործերով և Հիսուսի ճանապարհով ուղղորդել են իրենց զավակին մեծացրել, դաստիարակել, կրթել որպես արժանավոր հայորդի ու քաղաքացի, արդարացրել է ծնողաց հույսերն ու հավատը: Նա անմնացորդ ծառայում է Աստծուն, իր հարազատներին ու ընտանիքին: Չի եղել մի հարց, մի խնդիր, որ մենք դիմենք իրեն և պատասխանը լինի` ոչ: Որովհետև մարդասեր ու բարեգործ հայորդի է: Թող Աստված օրհնի ու խաչով զորացնի քեզ և լինի քեզ պահապան ու օգնական: Խաչի զորության և հովանու ներքո խաղաղ ու անվրդով թող ապրի քո ընտանիքը, քո հարազատները և քո օրինակով, քո նմանությամբ հասակ առնեն քո քաջարի զավակները, ճշմարիտ որդիները: Օրհնյալ լինես, որ եկար ու վկայեցիր քո հավատը»:
Հավարտ Սուրբ Ծննդի ծիսակատարության, Սրբազանը նորօծյալ Խաչքավորին ընծայաբերեց վեհաշուք մի սրբապատկեր, կրկնօրինակը 13-րդ դարի մանրանկարչության, հեղինակությամբ Թորոս Ռոսլինի, ուր պատկերված է Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ: Ընդունված կարգի համաձայն Խաչքավորը Խաչը տարավ իր տուն 40 -օրյա ժամկետով: 40 օր անց հոգևորական դասը կայցելի Արամ Լևոն Մանուկյանի տուն, կատարելու օրհնության կարգ, որից հետո Խաչը վերադարձվում է եկեղեցի:
Հիշարժան այդ օրը բոլոր հավատացյալերին հնարավորություն ընձեռվեց հպվելու Սուրբ Խաչին:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |