Զառամյալ հարևանուհուս ողբալի ձայնը տասնամյակներ շարունակ զմռսված է ականջներումս: Անիծված հիշողությունները նրան զրկում էին ապրելու կորովից, ջլատում, խանգարում լիաթոք ուրախանալ, ժպտալ:
-Շտապում եմ այնտեղ, եղբայրիկիս հանդիպելու,- մատը վեր ուղղելով, երանությամբ կրկնում էր նա կյանքի վերջին օրերին…
Ամբոխը հավաքվում է վերջերս այստեղ տեղադրված 13-րդ դարի խաչքարի շուրջ, որ մեր պատմական հայրենիքից այստեղ է հանգրվանել Եզրաս Սրբազանի աշխատասիրությամբ: Սրբազանը հոգնած է, բայց կենսունակ` քիչ ջանքեր չպահանջվեցին, որպեսզի հակառակ թղթատարության, կամայական այլ բարդությունների, նորակառույց մատուռի համար նախատեսված ու Հայաստանից այստեղ հասած հոյակապ ջահը իր կատարելությամբ հիացնի հավատացյալներին: Երեք օր ու գիշեր պահանջվեց, որպեսզի այն կախեն շքեղատես մատուռում: Մարդիկ չեն թաքցնում իրենց հիացումը: Մատուռը քարե սիմֆոնիա է, հավատքին ու հայրենիքին ձոնված բանաստեղծություն, որի սիրաշունչ տողերը լսելի ու տեսանելի են բոլորին: Այն ոգևորում ու ոգեպնդում է, հիշակորույսին վերադարձնում արյան հիշողությունը:
Սկսվում է սքահանդեսը: Կամաց-կամաց վեհաշուք խաչքարը հայտնվում է ծաղկեպսակների օղակի մեջ: Դրանց զետեղման արարողության մասնակիցները բազմաթիվ են` ՌԴ ՀՀ դեսպանությունը, Երևանի քաղաքապետարանի Մոսկվայի ներկայացուցչությունը, Հայոց բանակի սպաները, Ռուսաստանում հայերի միությունը, ՀՅԴ, Մոսկվայի հայկական համայնքը, «Նախիջևան» հայրենակցությունը, «Արարատ» ընկերությունը, «Ռոմանով դվոր» կազմակերպությունը, «Ռուցոգ-ինվեստ» ընկերությունը, «Էսթետ» ոսկերչության տունը, Պոդոլսկ քաղաքում գրանցված «Նաիրի» միությունը, մերձմոսկովյան Իստրայի հայկական համայնքը, «Հայորդիք» պարի համույթը, «Հայորդյաց տունը», Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայ ուսանողների միությունը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի , Ժողովուրդների բարեկամության, Ռուսաստանի պետական կառավարման, այլ համալսարանների ուսանողությունը, «Սրբազան միությունը», Մոսկվայի հայկական թատրոնը, Լազարևի անվան հանրակրթական դպրոցը:
Հոգեհանգստի պատարագից հետո ներկաներին իր խոսքն է ուղղում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: «Համախմբվել ենք այսօր, արդեն նվիրական դարձած այս վայրում, ոգեկոչելու հայոց մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը, անմահ հիշատակը մեր հարազատների, ովքեր զոհ դարձան 1915 թվականի մեծ ցեղասպանության:
20-րդ դարի սկիզբը նշանավորվեց մեր ժողովրդին բաժին հասած այս զարհուրելի ողբերգությամբ: Օսմանյան Թուրքիայի ղեկավարները ծրագրել էին մեկընդմիշտ բնաջնջել հայ ժողովրդին իր պատմական հայրենիքի մեջ, չխնայել ոչ մեկին: Հրաշքով փրկվածները ցիրուցան եղան աշխարհով մեկ: Բայց մեր նահատակները վերագտան իրենց անմահությունը յաթաղանից մազապուրծ մի բուռ ժառանգների մեջ:
1700 տարի շարունակ հայ ժողովուրդը անդավաճան հավատարիմ է եղել Հիսուսի հարության գաղափարին: Հիսուսի օրինակով և՛ նա հաղթեց մահին իր նահատակությամբ, հավերժական կյանքով իր ժառանգների, նրանց երիտասարդ սերունդների, որոնց ներկայացուցիչները հավաքվել են այսօր, այստեղ, վկայելու իրենց հավատարմությունը այն նպատակներին, այն իղձերին, որոնցով ապրել են մեր նախնիները: Դարը սկսվեց ողբերգական իրողությամբ, բայց դարավերջը շնորհեց մեզ ազատ, անկախ Հայաստան, հայոց պետականություն: Այսօր մենք, մեր նախնիների օրինակով, սեփական ուժերով պետք է հաղթահարենք երիտասարդ պետությանը բաժին ընկած դժվարությունները, ջատագովն ու պաշտպանը դառնանք Հայոց Դատին: Պետք է հզորացնենք Հայաստանը, որ աշխարհի հետ խոսենք լիիրավ, պահանջենք մեր ազգի արդար իրավունքը:
Ինձ համար շատ կարևոր է ու հաճելի, որ այստեղ, այս պահին, մեր կողքին են ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային , մշակութային հասարակական բոլոր կառույցների ներկայացուցիչները, բարերարները, ում` մեր ազգի և հավատքի նկատմամբ սիրո և նվիրումի վառ արտահայտությունն է այս հիասքանչ համարիլը, որը յուրօրինակ վկայությունն է հավերժության և անմահության մեր նահատակների:
Այսօր, իմ համոզմամբ, սգի օր չէ: Այսօր աշխատելու, գործելու ժամանակն է: Ականջալուր լինենք մեր նահատակներին: Նրանք կոչ են անում մեզ լինել միասնական, համախումբ: Կոչ են անում լցվել հայրենասիրությամբ, նվիրումով, քանզի ամենից թանկն ու բարձրը մեր հայրենիքն է, Սուրբ եկեղեցու հովանու ներքո: Մեզանից վանենք չարը, նախանձը, անհանդուրժողականությունը, դրամասիրությունը: Հայրենիք, Եկեղեցի. այս են իրական արժեքները , և ոչ մեկը չի կարող դրանք անտեսել…
Այս օրը շաղախն է մեր միասնության: Առաջնորդվենք Քրիստոսի պատվիրաններով: Այդժամ, համոզված եմ, որ երաշխավորված են մեր ազգի բոլոր հաղթանակները: Թող բարի գործերով պիտանի մեր կյանքը լինի շնորհընկալ, Աստծուն հաճելի»:
Հարյուրավոր հայորդիների հետ կողք-կողքի սգո հանդեսին մասնակցելու էին եկել ռուս հասարակայնության ներկայացուցիչները: Բեմից խոսեց գրող Անդրեյ Բիտովը, որի նշանավոր «Հայաստանի դասերը» գիրքը հեղինակի սիրո, զարմանքի ու հիացումի պտուղն էր առ Հայաստան: Այս ստեղծագործությանը ծանոթանալով շատերը «հայտնագործեցին» Արարատի երկիրը, մեկընդմիշտ դառնալով հայ ժողովրդի երկրպագուներն ու բարեկամները: Հուզումնալի պահ էր, երբ Սրբազան հորը մոտեցավ անցյալ դարասկզբին Ղարսում բնակված և հայ ժողովրդի հետ հավասարապես տեղահանման և բռնադատման ողբերգությունը կիսած ռուս կազակական դասի փառապանծ ներկայացուցիչների շառավիղը` ՌՖ Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր Տոնկոնոժենկոն և ընծայաբերեց իր հեղինակած «Կարս. անիծյալ հիշողություն» գեղարվեստական , փաստագրական, պատմական վեպը: Երախտագետ որդին այն նվիրել է իր մոր` ծնունդով ղարսեցի Վասիլիսա Տիմոֆեևնայի լուսավոր հիշատակին: Էլ ավելի հուզիչ էր Ալեքսանդր Իվանովիչի ջերմ ուղերձը Սրբազան հորը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
|